Ինքնահոսի մատնված քաղաքական գործընթացները բերելու են պատերազմի

Արեգ Քոչինյանը

Հայաստանի Հանրապետության ներկայիս աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական դրությունը շարունակում է մնալ ծարահեղ ծանր։ Այն հարաբերական անդորրը, որ ստեղծվել է վերջին ամիսներին, կարող է թյուր տպավորություն ստեղծել, թե իրավիճակը որոշ չափով կայունացել է։

Մինչդեռ ծանր անվտանգային վիճակ ստեղծած գործոններից և ոչ մեկը չի վերացել. հակառակորդի ստորաբաժանումները շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, Արցախի անվտանգությունը շարունակում է կախված լինել երրորդ ուժից, որոշակի տրանսֆորմացիա ապրած, բայց դեռ շարունակում է պահպանվել միջանցքային տրամաբանությունը և այլն։

Երբևիցե Հայաստանն անվտանգային առումով այսչափ թուլացած, պարտված ու հավանական պատերազմի դեպքում այսքան անպաշտպան չի եղել։ Պատերազմում կրած պարտությունը, Հայաստանի ռազմական մեքենայի մեծ մասի ջախջախումը, Թուրքիայի այս աստիճան ներգրավումը Հարավային Կովկասի օրակարգում, Ռուսաստանի այսչափ սրընթաց թուլացումը, աշխարհակարգային անկայունությունը, ադրբեջանական կողմի հաղթանակից արբեցած նկրտումները միայն ավելացրել են վերոնշյալ գործոնների ազդեցությունը։

Դեռ երբևիցե Հայաստանի պետական կառավարման համակարգը իր ողջ մերկությամբ ու կոտրվածությամբ այս աստիճան տապալված ու անգործունակ չի եղել։

Բարեփոխումները ու փոփոխությունները կանգնած են, պատերազմից անցել է արդեն գրեթե երկու տարի, բայց մենք չենք տեսել ո՛չ ԶՈՒ-ի բարեփոխումների գործնական մեկնարկ, ո՛չ անվտանգային համակարգի վերանայում, ո՛չ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում, ո՛չ էլ զինատեսակների մատակարարումների շղթաների թարմացում։

Կան միայն խոսակցություններ այս ամենի շուրջ, մինչդեռ ռեֆորմը ռեֆորմ է միայն այն ժամանակ, երբ արդեն իրականացվել ու աշխատում է, իսկ զենքը զենք է միայն այն ժամանակ, երբ այն քո պահեստում է, մնացածը բարի ցանկությունների ու լիրիկայի ժանրից են։

Այս մարտահրավերները մեր առջև ծառացած խնդիրների շողքն են միայն։ Հայաստանի ամենամեծ խնդիրը ցածր ինտելեկտուալ, բարոյական ու կամային հատկանիշներով օժտված քաղաքական ընտրանին է, խոսքը թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության մասին է։

Երկուսն էլ երկու տարի է՝ զբաղված են քաղաքական շոուներով, փոխադարձ մեղադրանքներով, անբովանդակ խոսակցություններով, Արցախի դրոշի լիպուչկաներով, սեղանին կերակրի աղ չդնելու օրենքով, «Առանց թուրքի Հայաստան» գոռգոռալով ու Հիսուս Քրիստոսի արձանով։ 

Սա կարող է լինել կամ խնդիրների հետ առերեսվելու ու դրանք լուծելու անկարողություն, կամ սառը հաշվարկի՝ միտումի արդյունք։ Պայմանական ասած՝ շեղել հասարակության ուշադրությունը ու չգնալ զիջումների՝ հիմա չկորցնելու համար քաղաքական վարկանիշը, որ հետո կարողանան բոլոր նոր պարտություններն ու զիջումներն արդարացնել հանկարծակի ու դավադիր վրա հասած թշնամու նոր ասպատակություններով։ 

Այս պարագայում հարկավոր է արձանագրել, որ ապագա պատերազմի ու այդ պատերազմում Հայաստանի կրած բոլոր կորուստների համար առաջնահերթ պատասխանատու է լինելու հենց Հայաստանի քաղաքական ընտրանին։

Ընտրանի, որը նորից գերադասեց ոչ թե լուծել խնդիրները՝ գնալով ցավոտ զիջումների ու բարեփոխումների, այլ թողնել գործընթացներն ինքնահոսի և խուսափել պատասխանատվությունից։ Ոչինչ, որ պատերազմի պարագայում Հայաստանը կկորցնի շատ ավելին, քան բանակցությունների ու զիջումների տարբերակով, կարևորը, որ հետո, հայտնի ձևակերպման պես, ոչ մեկը չկարողանա իշխանություններին դավաճան ասել, կամ նորից կօգտագործվի «պատասխանատու, բայց ոչ մեղավոր» ձևակերպումը։

Հակառակորդ(ները) չեն թաքցնում իրենց մտադրությունները, ակնհայտ է նաև ուժերի հարաբերակցությունը, բայց բանակցային գործընթացները դանդաղում են, իսկ որոշ ուղղություններում անգամ կանգ են առել։

Ի հետևանք՝ 44-օրյա պատերազմից հետո պատերազմի հավանականությունը դեռ երբևէ այսքան բարձր չի եղել։ Հայաստանի ընտրանին անում է նույն բանը, ինչ արել է տասնամյակներ շարունակ մինչև պատերազմը։

Խաղաղության ու պատերազմի միջև ընտրություն չի անում և չի էլ պատրաստվում դրանցից որևէ մեկին։ Հետևանքը մենք տեսանք 2020 թվականին ու ոչինչ չփոխելու պարագայում կտեսնենք նորից։

Արեգ Քոչինյան 

MediaLab.am