«Մեր ողջ քաղաքական թիմը Հայաստանի Հանրապետությունը տանում է խաղաղության». Արթուր Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում էր թեժ աշնան մասին, բայց կարծեք թե այս առումով թեժացում դեռ չկա։ Օրերս էլ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է «Մենք առաջիկայում մեր քայլերի մասին կխոսենք: Ամեն ինչ անելու ենք երկրի նոր կապիտուլյացիան կանխելու համար… Ընդդիմությունը չի կարող ձեռքերը ծալած նստի, տեսնի՝ ոնց են մի խումբ մարդիկ երկիրը տանում կործանման: Պետք է քայլեր ձեռնարկենք և կանենք»։ Իշխանությունը ինչպե՞ս է գնահատում ընդդիմության այս փուլի լռությունը։

– Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը իր ձևավորման պահից գտնվում է խոր և անդառնալի ճգնաժամի մեջ, ուստի տարվա որևէ եղանակ թեժացնելու մասին խոսելը առնվազն անիմաստ է։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների խոսքերը մեկնաբանելն էլ, ըստ էության, ժամանակի անիմաստ վատնում է, որովհետև հնարավոր չէ մեկնաբանել քաղաքականապես սնանկ մտքերը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մեր ողջ քաղաքական թիմը Հայաստանի Հանրապետությունը տանում են խաղաղության, ինչպես արդեն նշել ենք՝ մեզ համար կարմիր գիծ են ՀՀ ինքնիշխանությունը և 29800 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված սահմանները, և եթե ընդդիմությունը որոշել է սրա դեմ պայքարել, ապա կարող ենք արձանագրել, որ գործ ունենք օտարերկրյա ազդեցության գործակալական ցանցի հետ։

– Այնուամենայնիվ, նրանք խորհրդարանական աշխատանքին չեն վերադառնում, բացառությամբ գործուղումների։ Հնարավո՞ր է նորից հորդորեք նրանց խորհրդարան վերադառնալ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մեկ անգամ չէ, որ հորդորել է վերադառնալ և սպասարկել քաղաքացիներից ստացած ընդդիմադիր մանդատը, այլ ոչ թե գողանալ այն և, ըստ էության, շուրջ 270 հազար քաղաքացու զրկել կարևորագույն որոշումներին մասնակից լինելու հնարավորությունից։ Որևէ խոչընդոտ չկա ընդդիմության համար վերադառնալ ԱԺ, միակ խոչընդոտն ասելիքի պակասն ու քաղաքական սնանկությունն է։

– Պարո՛ն Հովհաննիսյան, ինչո՞ւ ներքաղաքական ակտիվ գործընթացներ տեղի չեն ունենում։ Հնարավո՞ր է արդյոք կա ներքին պայմանավորվածություն իշխանության և ընդդիմության միջև։

– Թե՛ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, թե՛ Հայաստանի կառավարությունը և թե՛ քաղաքական-հասարակական լայն շրջանակներ ակտիվորեն զբաղվում ՀՀ արտաքին մարտահրավերներով, ներքին կյանքին վերաբերող բոլոր խնդիրներն էլ հասցեագրված են ըստ պատասխանատուների, և պետական համակարգն այս առումով բավականին ակտիվ աշխատանքներ է իրականացնում։

Եթե նկատի ունեք իշխանություն-ընդդիմություն բանավեճի բացակայությունը, ապա դա պայմանավորված է ընդդիմության չգոյությամբ, իսկ որևէ կուլիսային գործարքների գնալը թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերի համատեքստում մեր մասին չէ։

– Ձեր խմբակցության պատգամավորները հայտարարում են, թե Հայաստանը չունի ռազմական հնարավորություն՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Սա արդյոք չի՞ նշանակում ընդհանրապես հրաժարվել Արցախից։

– Հայաստանի ռազմական ներուժի և իրավիճակի մասին վերլուծությունները թողնենք համապատասխան մարմիններին, բայց բոլորիս համար էլ ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո մենք ունենք բանակի վերակառուցման խնդիր, որի լուծման ուղղությամբ օրնիբուն և տեսանելի աշխատանքներ են տարվում։

Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն այսօր ապահովում են ռուսական խաղաղապահ ուժերը։ Հայաստանի Հանրապետությունը բոլոր բանակցություններում բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և իրավունքների իրացման հարցը, արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք չի եղել տարածքային վեճ, և այն դեռ լուծված չէ։

Սա արձանագրում են նաև մեր միջազգային գործընկերները, սա արձանագրված է նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Հայաստանի Հանրապետությունը հարյուրավոր միլիարդ դրամների հասնող աջակցություն է տրամադրում ԼՂ մեր հայրենակիցներին և շարունակելու է ապահովել արցախցիների սոցիալ-տնտեսական բարեկեցությունը։ Ասածիս համատեքստում խոսել Արցախից հրաժարվելու մասին առնվազն հիմնավոր չէ։

– Պարո՛ն Հովհաննիսյան, դուք մի հարցազրույցում ասել եք, որ մինչև տարեվերջ ՀՀ իշխանությունը մտադիր է կնքել խաղաղության պայմանագիրը։ Որքանո՞վ է իրատեսական մինչև տարեվերջ համաձայնագրի ստորագրումը։

 – Մենք տրամադրված ենք մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիրը, սակայն սա հեշտ և միակողմանի ճանապարհ չէ։ Ամեն դեպքում մենք, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, բաց և հիմնականում շատ ուղիղ մեր հանրության հետ հաղորդակցվում ու տեղեկացնում ենք ընթացիկ գործընթացների մասին։

– Պարո՛ն Հովհաննիսյան, առաջիկա օրերին սպասվում է համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին կաթողիկոսները հրաժարվել են մասնակցել։ Ինչպե՞ս եք գնահատում։

Հիմա մենք պետք է միասնական պայքարենք արտաքին ճակատում․ ներսում մենք միմյանց միջև կիսելու ոչինչ չունենք։ Մեր պետությունը իր բոլոր ռեսուրսները պետք է ծառայեցնի խաղաղության հաստատմանը։ Թե՛ պետական, թե՛ հասարակական, թե՛ եկեղեցական ներուժը պետք է ծառայի ՀՀ պետական շահին՝ բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնելով մեր պետության նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան ու ՀՀ տարածքների օկուպացիան, գերիների և այլ պահվող անձանց օր առաջ վերադարձի, ԼՂ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Կաթողիկոսների որոշման վերաբերյալ առանձնահատուկ այլ մեկնաբանություն չունեմ։

Մանե Հարությունյան

MediaLab.am