Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը հետախուզական քայլ էր. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

Պարո՛ն Ղևոնդյան, ադրբեջանական կողմի՝ բնապահպանական պատճառաբանությամբ,  Շուշիի հատվածում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումն ի՞նչ նպատակ էր հետապնդում:

– Ամենայն հավանականությամբ սա արձագանքի ստուգում էր, թե ինչպես կարձագանքեն դրան և՛ հայկական կողմը, և՛ ռուսական, և՛ Արցախը, ու այս միջոցով փորձ էր արվում հասկանալ՝ արդյոք ավելի լուրջ քայլերի գնալու դեպքում վտանգներն իրենց համար որքան կլինեն: Բանակցությունները որոշակի առումով ցույց տվեցին, որ այս պահին գոնե մեզ համար այդ վտանգը կառավարելի է:

Այսինքն՝ սա լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց առաջ տրամադրությունների ստուգո՞ւմ էր:

– Հետախուզական քայլ էր, որից, կարծում եմ, հետևություններ կանեն Բաքվում, թե ինչպիսի հետևություններ կանեն, ու ինչպիսի գործողություններ կհետևեն դրան, իհարկե որոշ ժամանակ անց կտեսնենք, բայց կարելի է ասել, որ այն աղմուկը, որը բարձրացրեց հայկական կողմը, ու այն արձագանքը, որը եղավ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև որոշակի կենտրոններից, ցույց է տալիս, որ կան որոշակի լծակներ նման զարգացումների վրա ազդելու, բայց դրանք կան այսօր, իսկ հետագայում մենք չգիտենք՝ ինչպիսի իրավիճակ կլինի:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ անընդհատ հնչող կեղծ լուրերը նպատակ ունեն այդտեղ անցակետե՞ր տեղադրելու, թե՞ սա նաև միջոց է «Զանգեզուրի միջանցքի» հարցում ինչ-որ առաջընթացի հասնելու:

– Ե՛վ, և՛: Առաջին հերթին այստեղ խնդիրը ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկումն էր, ինչպես նաև վարկաբեկել Հայաստանի ստանձնած պարտավորությունները, քանի որ Հայստանը ստանձնել է պարտավորություն զենք-զինամթերք չտեղափոխել այդ միջանցքով ու հիմքեր նախապատրաստել, որպեսզի Հայաստանի վրա բազմակողմանի ճնշում գործադրվի՝ այդ թվում նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցում:

Պարո՛ն Ղևոնդյան, իսկ ինչո՞ւ այս հարցի վերաբերյալ արձագանքն ավելի արագ եղավ, որովհետև մենք հիշում ենք, որ գարնանը, երբ ադրբեջանական կողմը գազամատակարարումից զրկել էր ողջ Արցախը, բանակցությունները օրեր տևեցին:

– Տարբեր խնդիրներ են դրանք: Ճանապարհի փակումն ավելի շատ քաղաքական խնդիր է, մի ամբողջ թեժ կետ շրջափակման մեջ պահելու հարց էր, ինչի շուրջ աղմուկը մի փոքր ավելին էր:

Կա նաև իրավիճակի տարբերություն, տարբեր են նաև տարածաշրջանում խաղացողների ազդեցության լծակները, մասնավորապես ԱՄՆ-ի ներգրավվածությունը շատ ավելին է, քան կար գարնանը, Ռուսաստանի կողմից, կապված ուկրաինական զարգացումների հետ, շատ ավելի զգայուն արձագանք կա, քան կար գարնանը:

Գոնե այս պահի դրությամբ կարո՞ղ ենք ասել, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են Հայաստանի օգտին:

– Միանշանակ չի կարելի ասել: Տարածաշրջանային իրավիճակը մեր շահերից չի բխում, այստեղ տեղի ունեցող գործընթացները բավական բացասական են մեզ համար, քանի որ հիմնական խաղացողները ՝ Ռուսաստանն ու Թուրքիան, միմյանց հետ պայմանավորվածություններ ունեն, ու Իրանը, խոշոր հաշվով, բացի Սյունիքը Հայաստանից կտրելու հարցից, խաղի մեջ է այդ երկու պետության հետ:

Գիտենք, որ «3+2» ձևաչափում Իրանն ակտիվ դերակատար է ու լուրջ հակասություններ, գոնե այս պահին, չունի Ռուսաստանի ու Թուրքիայի հետ, իսկ այդ ձևաչափը մեր շահերից չի կարող բխել որևէ դեպքում, եթե այդ ձևաչափն աշխատի:

Մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական իրավիճակը բխում է մեր շահերից, որովհետև հիմնական խաղացողները՝ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան, նաև Հնդկաստանը, որոշակի խնդիրներ ունեն, ու այդ համատեքստում Հայաստանի դերը տարածաշրջանում նշանակություն է ստանում բոլորի համար:

– Պարո՛ն Ղևոնդյան, Ադրբեջանը կշարունակի՞ Լաչինի միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնելու փորձերն ու արդյոք կհաջողի՞:

– Ադրբեջանը շարունակելու է, ու միանշանակ լինելու են բազմաթիվ սադրանքներ, որոնք չեն սահմանափակվելու միայն միջանցքով կամ ինչ-որ կրակոցներով, դրանք շատանալու են ու բազմակողմանի են դառնալու: Հայկական կողմի խնդիրն է ուշադրությամբ հետևել ու կարողանալ կանխատեսել, թե որտեղից սպասել հնարավոր սադրանքը: Ադրբեջանը տեսնում է, որ նման միջոցներով կարողանում է ճնշել Հայաստանին ու կորզել ավելին, հետևաբար շարունակելու է այդ քաղաքականությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am