«Առ այսօր Արցախի իշխանությունները գլոբալ առումով հայաթափումը կանխելու աշխատանքներ չեն կատարել». Դավիթ Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

Պարո՛ն Գալստյան, դեկտեմբերի 3-ին, երբ ադրբեջանական կողմը հերթական կեղծ պատճառաբանությամբ մի քանի ժամով փակեց Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, շրջանառվեցին տարբեր լուրեր, երեկ էլ խոսվում էր, թե այդ ճանապարհին ադրբեջանական անցակետ է տեղադրվելու: Չնայած այդ լուրը հերքվեց, բայց կխնդրեմ ասեք՝ իրականում ի՞նչ է տեղի ունենում, ու այս պահին ի՞նչ վիճակ է:

– Իհարկե, այդ տեսաձայնագրությունը, որը շրջանառվեց համացանցում՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի մասնակցությամբ, մտահոգություններ առաջացրեց, ու, ելնելով դրանից, այսօր Ազգային ժողովում ներկայացված հինգ խմբակցության ղեկավարներով հանդիպում ենք ունեցել ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ:

Բարձրաձայնել ենք այդ հարցի մասին ու ոչ միայն, անդրադարձել ենք նաև Շուշիում ճանապարհ փակելու սադրանքին: Մենք առաջարկել ենք, որ ստուգումներն այլ եղանակով արվեն՝ առանց մաքսակետի տեղադրման: Հստակ նշել ենք մեր ու հանրության մտահոգություններն առ այն, որ մենք թույլ չենք տալու որևէ անցակետ տեղադրել, ես համոզված եմ, որ այդ անցակետը չի դրվի:

Սա Ադրբեջանի հերթական սադրանքն էր ինչ-որ բնապահպանական խնդրի քողի տակ, վաղն էլ նման պատրվակներ կարող են շատ ավելի հաճախ լինել: Ռուսական կողմը ևս նշեց, որ իրենք էլ ունեն մտքեր, թե ինչպե՛ս կարելի է նման սադրանքների կրկնությունը բացառել: Այդ հանդիպման ընթացքում շատ հարցերի պատասխաններ են տրվել, ու մենք հստակ ասել ենք, որ թույլ չենք տա անցակետի տեղադրումը, ու դա անընդունելի է մեզ համար:

– Ռուսական կողմից հստակ ու վստահաբար նշվե՞ց, որ ադրբեջանական անցակետ ոչ մի պարագայում չի տեղադրվելու:

– Ռուս խաղաղապահները կատարում են հրամաններ, նրանք ո՛չ քաղաքականություն որոշող են, ո՛չ էլ դրանք կատարող, միջնորդություն են ներկայացնում հայկական ու ադրբեջանական կողմերի միջև: Նման քննարկումների ընթացքում որոշակի խնդիրների լուծումներ են առաջարկում, բայց ես վստահ եմ, որ ո՛չ ռենտգեն սկանավորման սարք, ո՛չ ադրբեջանական անցակետ չեն տեղադրվելու:

Իսկ ինչո՞ւ ադրբեջանական կողմը թիրախավորեց հենց այդ ոսկու հանքը, հատուկ նպատակ կա՞, ըստ ձեզ:

– Հոգեբանական ճնշում գործադրելու հերթական միջոցն էր. ինչո՞ւ թիրախավորեցին հենց Փառուխ գյուղը, Հադրութի Խծաբերդը, այսինքն՝ հստակ նպատակ չկա, պահի բերումով թիրախավորում են այս կամ այն բանը ու հետևողական սադրանքներով փորձում են ճնշում գործադրելով հայաթափել Արցախը, որովհետև ինչպես մենք ենք հստակ հասկանում, Արցախը փրկելու ենք ապրելով ու ապրեցնելով, այնպես էլ ադրբեջանցիներն են հասկանում, որ Արցախին իրենք կարող են տիրանալ միայն հայաթափելով:

Պարո՛ն Գալստյան, Արցախի իշխանություններն այդ հայաթափումը կանխելու համար ի՞նչ քայլեր են անում:

– Մեծ հաշվով, առ այսօր Արցախի իշխանությունները գլոբալ առումով նման հիմնարար աշխատանքներ չեն կատարել, ու երբ մենք հանդիպել ենք նորանշանակ պետնախարարի հետ, մեր կուսակցության հստակ դիրքորոշումը հայտնել ենք, որ Արցախում պետք է սոցիալական արդարություն լինի, որպեսզի կարողանանք մարդկանց այստեղ բնակեցնել: Եթե Արցախում սոցիալական արդարությունը չվերականգնվի, Ադրբեջանն իր նպատակին հասնելու է մեր իշխանությունների օգնությամբ:

Իսկ նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Ընդունեց, որ կա սոցիալական անարդարություն, ու դրա դեմը պետք է առնել: Հիմա պետք է սպասենք, գոնե հարյուր օրը լրանա, չնայած մեզ համար ամեն օրն է կարևոր, որպեսզի կարողանանք գնահատական տալ կատարած աշխատանքին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չի բացառել, որ մինչև տարեվերջ հանդիպում կլինի խաղաղության պայմանագրի մասով, խոսում են Ալմա Աթայի հռչակագրի մասին: Ընթացող բանակցություններից ի՞նչ սպասելիքներ կան:

– Հայաստան-Ադրբեջան խնդիրն առաջացել է հենց Արցախի հարցից, ու անհնար է որևէ պայմանագիր ստորագրել, որը կշրջանցի Արցախի հարցը, իսկ եթե Հայաստանի որևէ իշխանություն ստորագրի փաստաթուղթ՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, ողջ գերդաստանով Հայաստանի թշնամի է ճանաչվելու, բայց ավելացնեմ, որ այդ փաստաթուղթը կարճ ժամանակ անց ոչ լեգիտիմ է ճանաչվելու, քանի որ նման իշխանությունները աքսորվելու են:

Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, այն որևէ աղերս չունի Արցախի անկախության ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, որովհետև այնտեղ կան վերապահումներ: Ցավալի է, սակայն, որ անգամ հայկական կողմը չի խոսում այդ վերապահումների մասին, բայց դա փաստ է:

Չնայած շարունակվող ադրբեջանական սադրանքներին, արցախահայության տրամադրությունն ինչպիսի՞ն է:

– Արցախցին հստակ հասկանում է, որ Արցախն իր հայրենիքն է, ու շարունակում է ապրել այնտեղ, բայց, նորից եմ կրկնում, առկա սոցիալական անարդարությունները պետք է վերացվեն:

– Պարո՛ն Գալստյան, սոցիալական անարդարություն որ ասում եք, նկատի ունեք պետության կողմից հատկացվող աջակցությո՞ւնը, թե՞ այլ խնդիր կա:

– Ոչ միայն օգնությունները, այլև հիմնադրամներով տարբեր խոշոր բիզնեսներ պետության հաշվին առնել, մեկը մյուսին փոխանցել՝ սրանք բոլորը սոցիալական անարդարության վառ դրսևորումներ են, երբ պետությունը հիմնադրամի միջոցով մի անհատից խոշոր բիզնես է գնում ու փոխանցում մեկ այլ անհատի, ինչն Արցախում ո՛չ նոր ներդրումներ է բերում, ո՛չ նոր աշխատատեղ ավելացնում: Նման գործարքները երբ կատարվում են պետական մակարդակով, ուղիղ հարված է հենց երկրի պետականությանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am