«Սա հենց արժեքների պայքար էր, պայքար հանուն Վրաստանի ապագայի»․ Առնոլդ Ստեփանյան

Առնոլդ Ստեփանյանը

Մարտի 10-ին Վրաստանի խորհրդարանը մերժեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության հեղինակած օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը, որը վերջին օրերին Թբիլիսիի կենտրոնը դարձրել էր դրամատիկ զարգացումների թատերաբեմ: Երկու օր շարունակ Վրաստանի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր էին անցկացնում, ինչն ուղեկցվում էր անկարգություններով և ուժայինների կողմից արցունքաբեր գազի և ջրի շիթի կիրառմամբ: Առաջին ընթերցմամբ ընդունված, իսկ հետո ցույցերի արդյունքում տապալված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը ենթադրում էր, որ օտարերկրյա գործակալներ պիտակին կարժանանան այն կառույցները, որոնց տարեկան եկամտի 20 տոկոսից ավելին ստացվում է արտերկրից:

Վրաստանում վերջին օրերին ընթացող իրադարձությունների, բազմամարդ ցույցերի և իրավիճակի հետագա զարգացումների մասին «Մեդիալաբը» զրուցել է «Բազմազգ Վրաստան» ՀԿ հիմնադիր, ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հետ։

– Պարո՛ն Ստեփանյան, Վրաստանի խորհրդարանը 1 կողմ և 35 դեմ ձայներով մերժեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, սա քաղհասարակությա՞ն, թե՞ հենց մարդկանց հաղթանակն եք համարում։

– Սա առաջին հերթին այն մարդկանց հաղթանակն է, որոնք համախմբված դուրս եկան փողոց, կենտրոնացրին իրենց ուժերը և ոչ ասացին այդ օրինագծին։ Այս պայքարում մեծ դեր ունեցավ նաև պայքարի դուրս եկած մեծ թվով Վրաստանի երիտասարդությունը: Իշխանությունների համար սա ազդանշան էր, որն անտեսել ու որի հետ հաշվի չնստել ուղղակի չէին կարող: Օրինագծի մերժման հարցում կարևոր էր նաև միջազգային դաշնակիցների աջակցությունը, որոնք տեղին, ժամանակին և հստակ արձագանքեցին տեղի ունեցող իրադարձություններին։

– Առհասարակ, ի՞նչ վտանգներ էր ենթադրում օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որի դեմ պայքարում էին մարդիկ։

– Ընդհանուր առմամբ, այդ օրենքը կհանգեցներ ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլև միջազգային ֆոնդերի, դոնորների աշխատանքների սահմանափակմանը Վրաստանում, ճիշտ այնպես, ինչպես արվեց, օրինակ՝ Ռուսաստանում: Սա միայն օրենքի դեմ պայքար չէր, այլև պայքարի հիմքում այն էր, թե ի՛նչ ճանապարհ է Վրաստանը որդեգրում ապագայի համար՝ այն, ինչ տեղի էր ունենում Ռուսաստանո՞ւմ, թե՞ այն, ինչ կատարվում էր Արևմուտքում։ Հենց սա էր մարդկանց երկընտրանքը, որի համար նրանք դուրս էին եկել փողոց։

Այսինքն՝ կարող ենք ասել, որ մարդիկ ոչ միայն օրինագծի դեմ էին պայքարում, այլև հանուն արժեքների։

– Այո՛, ընդհանուր առմամբ, սա հենց արժեքների պայքար էր, պայքար հանուն Վրաստանի ապագայի, պայքար այն բանի համար, որպեսզի չգրանցեն հետքայլ, այլ քայլ կատարեն դեպի առաջ, դեպի Եվրոպա։ Սա հստակ հասկանում է հատկապես Վրաստանի երիտասարդությունը, որ, ապրելով անկախ Վրաստանում, այլ ոչ Խորհրդային Միությունում, չի ուզում այլևս կախյալ լինել, չի ուզում ոչինչ, բացի եվրոպական արժեքներից և եվրոպական ապագայից։

– Արդյոք Վրաստանում ազդեցի՞կ է քաղհասարակության ձայնը, և արդյոք այս պայքարում որոշիչ էր նրա դերը հաղթանակի հասնելու հարցում։

– Իհարկե ազդեցիկ է, թեև ես չէի ասի, որ պայքարի արդյունքը պայմանավորված էր միայն քաղհասարակության ձայնով։ Շատ բան այս դեպքում կախված էր հենց թեմայից, իսկ թեման այս դեպքում կարմիր գիծ էր բոլորի համար։ Ես կարծում եմ, որ թեման էր մեծապես այն պատճառը, որ նման մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց, և որ այս պայքարը նման լայն արձագանք ստացավ։

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ խորհրդարանն ի վերջո չընդունեց օրենքը, արդյոք միայն մարդկանց փողոցային պայքա՞րն էր պատճառը, թե՞ այլ պատճառներ ևս տեսնում եք։

– Ես կարծում եմ, որ նրանք պարզապես հասկացան, որ երիտասարդության դեմ պայքարել չեն կարող, որովհետև ոչ ոք չի հաղթի երիտասարդությանը, երբեք։ Գիտեք՝ մտածում եմ անգամ, որ շատ պատգամավորների երեխաներ ևս կանգնած էին խորհրդարանի դիմաց՝ պայքարելու հանուն իրենց վաղվա օրվա։

– Ինչպե՞ս եք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը, արդյոք իրավիճակը դեռ պայթյունավտանգ կարո՞ղ է լինել։

– Այսպես թե այնպես, այս պահին իրոք բուռն շրջան է մեզ համար, որովհետև ամեն դեպքում դրա հեղինակները և աջակիցները կփորձեն պահպանել օրենքը, որովհետև այս դեպքերը միանշանակ բիծ կթողնեն տվյալ ուժերի քաղաքական իմիջի վրա։ Մյուս կողմից՝ քաղհասարակությունը զգաց, որ նման մեթոդներով հնարավոր է հասնել անհրաժեշտ արդյունքին։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am