Արցախի իշխանության շուրջը օղակը սեղմվում է, ու նրանք պետք է որոշեն՝ կա՛մ լինել ժողովրդի հետ, կա՛մ՝ դեմ. Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, Արցախի Ազատամարտիկների անվան պուրակում օրերս ինքնաբուխ ակցիա էին իրականացնում սակավաթիվ մարդիկ, պահանջներ ունեին Արցախի իշխանություններից, որ ռուսներին «ջրի երես» հանեն։ Այս ակցիաները շարունակակա՞ն են լինելու, ի՞նչ կարող եք ասել, և, ընդհանուր առմամբ, ի՞նչ տրամադրություններ են բնակչության շրջանում։

– Ձեր նշած հավաքը, որին երևի 20 մարդ էր մասնակցում, ինքնաբուխ չէր, դրանք Հայաստանի իշխանությունների կողմից ղեկավարվող հայտնի ուժեր են, որոնք Արցախում ներդրվել են դեռևս 2018-ից, նրանք հաջողությամբ «Նիկոլ 1» արարը ավարտին հասցրին, հիմա փորձում են այստեղ «Նիկոլ 2» արարն իրականացնել։ 

Այդ անձինք, որոնք կազմակերպել էին այդ ակցիան, իրականում, դիտարկումներ կան և՛ հանրության, և՛ քաղաքական սթափ ուժերի կողմից, որ ունեն մեկ նպատակ՝ չեզոքացնել Արցախի իշխանություններին, ու բնավ կարևոր չէ՝ ովքեր են Արցախի իշխանությունները, որովհետև այս իրավիճակում, որում մենք ենք ու կարողանում ենք պահել՝ թեկուզ փխրուն, բայց պետությունն ու պետականությունը, հակառակ ուժերի համար շատ կարևոր է այդ պետությունը գլխատել, այսինքն՝ զրկել իշխանություններից, ու հիմա նման գործընթացներ են այստեղ իրականացվում։ 

Բնավ չնվազեցնելով Արցախի գործող իշխանության մեղքը առ այն, որ իրենք հավասարապես կիսում են այն մեղավորությունը, ինչ ունեն Հայաստանի իշխանությունները, որ Արցախը հասել է այս իրավիճակին, բայց կա մի տարբերություն, որ Արցախի իշխանությունները նպատակ չունեն Արցախը հանձնելու, ուղղակի նրանք չունեն բավարար ուժ, կամք և քաջություն, որպեսզի հենց իրենց քայլերն ուղղված լինեն Արցախի փրկությանը, ոչ թե իրենց լռությամբ մասնակիցը լինեն հակառակի։ 

Ամեն վայրկյան հնարավոր է, որ քաղաքական հեզություն ունեցող իշխանությունները դուրս գան Հայաստանի իշխանության վերահսկողությունից, այդ պատճառով էլ կան հատուկ մարդիկ, որոնք իրականացնում են այդ վերահսկողությունը ու, ցավոք սրտի, այդ մարդկանց մեջ կան նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, նշանակված խորհրդականների մեջ կան հենց այդպիսի անձինք, որոնք հստակ գործընթացներ են իրականացնում։ 

Ակցիան բնավ էլ ինքնաբուխ չէր, կազմակերպված ու ենթատեքստ ունեցող ակցիա էր։ Դրան զուգահեռ Արցախում ընթանում է ստորագրահավաք՝ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, որը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ, որին միանում են շատ մարդիկ, դրան միացավ նաև Արցախի նախագահը։ Այդ երիտասարդները գիշերվանից սկսել են նաև անժամկետ ակցիա իրականացնել Շուշի-Ստեփանակերտ հատվածում՝ պահանջելով, որ ապամոնտաժվի ադրբեջանական անօրինական անցակետը։ 

Ստորագրահավաքի այս համախմբմանը զուգահեռ հայտնվում են մի քանի հոգի, որոնք փորձում են ցույց տալ, թե Արցախում իրար լեզու չեն հասկանում, ինչը երբևէ Արցախի իրական պատկերը չի կարող լինել: Սա որերորդ դեպքն է, երբ 20 հոգով փորձում են տպավորություն ստեղծել, թե Արցախում միասնականություն չկա, ինչը, կրկնում եմ, իրականությանը չի համապատասխանում։ Տրամադրություններն Արցախում, բնականաբար, լավ չեն, ոգևորված կենցաղավարում չկա Արցախում, որովհետև հասկանալի է, որ հումանիտար խնդիրներով պայմանավորված՝ կյանքը չի կարող ակտիվ լինել, դրան էլ գումարվում է ինֆորմացիայի պակասը, որն ունի հանրությունը։ Արցախը փրկելն է մարդկանց հիմնական նպատակը։ 

– Ասացիք, որ այդ ուղղորդվող ակցիաներ կազմակերպողների խմբում կան մարդիկ, որոնք Արցախում բարձր պաշտոններ են զբաղեցնում, անուններ կնշե՞ք։

– Չեմ հնչեցնի, որովհետև չեմ էլ կարևորում նրանց անունները հնչեցնելը, քանի որ նրանք այստեղ որևէ հաջողության չեն հասնում ու ընկալում չունեն ո՛չ հանրության, ո՛չ սթափ քաղաքական ուժերի կողմից։ Նրանցից մի քանիսը նախագահական շենքում աշխատասենյակ զբաղեցնելով, մեկը՝ կառավարությունում, մյուսն ինչ-որ քարոզարշավ է իրականացնում Արցախում, այնուամենայնիվ, Արցախում նրանք հանրային աջակցություն ընդհանրապես չունեն:

Մարդիկ շատ լավ են հասկանում, որ այդ մարդիկ իրականում վտանգ են ներկայացնում, ու այն կոչերը, որ հնչեցնում են, թեկուզ Արցախի բարբառով, շատ նման են Հայաստանի իշխանության հնչեցրած բոլոր մտքերին, ու այն բոլոր հակառուսական տրամադրությունները, որ այստեղ փորձում են ստեղծել, մարդկանց բնավ դուր չեն գալիս, որովհետև, իհարկե, շատ հարցեր կան ռուս խաղաղապահներին, բայց դա չի նշանակում, որ Արցախում մարդիկ ըմբոստանում են նրանց դեմ, կամ կա լուրջ դժգոհության ալիք: Ո՛չ, յուրաքանչյուրս գիտակցում ենք, որ մեր պահանջն առաջին հերթին ուղղված է իշխանություններին, իսկ մնացած հարցերն առաջին հերթին հենց իշխանությունները պետք է կարգավորեն։ Անուններ միգուցե կհնչեցնենք, երբ զգանք, որ նրանցից իրական վտանգ կա, հակառակ դեպքում նրանց ենք գովազդելու։

– Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչն է ձեզ ստիպել հանգել նրան, որ, ինչպես ասացիք, ամեն վայրկյան հնարավոր է, որ Արցախի իշխանությունը դուրս գա Հայաստանի իշխանության վերահսկողությունից։

– Որովհետև ակնհայտ է դառնում, որ Արցախի իշխանությունները հայտնվել են անելանելի իրավիճակում, որ կա՛մ պետք է կատարեն Հայաստանի իշխանությունների պահանջը, կա՛մ պետք է կամք դրսևորեն ու հակառակվեն, որովհետև տեսնում ենք, որ Արցախի իշխանությունների լռությունը օր օրի մեզ տանում է դեպի փակուղի։ 

Կգա մի պահ, որն իմ կարծիքով արդեն մոտ է, որ եթե Արցախի իշխանություններն շարունակեն լռել, ուղղակի անելիք չեն ունենա, ու այս դեպքում էլ տեղի կունենա Արցախի Հանրապետության գլխատումը, այսինքն՝ Արցախն ուղղակի կիշխանազրկվի։ Հետևաբար կարծում եմ, որ նաև իշխանությունն է շատ լավ տեսնում իրականությունը, ու նրանք ունեն ընտրության հնարավորություն՝ կա՛մ լինել ժողովրդի հետ, կա՛մ՝ դեմ։ Բայց իրավիճակն այնպիսին է, որ, կարծում եմ, իրենք պետք է շատ շուտ ընտրություն անեն, ու այն գործընթացները, որ մենք հիմա տեսնում ենք, Հայաստանի իշխանությունների կողմից ուղղորդվող ուժերի միջոցով սեղմում են օղակը Արցախի իշխանության շուրջը։ 

Սխալված չեմ լինի նորից կրկնելու, որ ամեն դեպքում Արցախի իշխանությունները, իրենց բոլոր ահավոր մեղքերով հանդերձ, չեն ուզում Արցախը հանձնել։ 

Մենք այն քաղաքական ուժն ենք, որ շատ կոշտ ընդդիմություն ենք ու որևէ եզր ու հատվող կետ չունենք այս իշխանության հետ, բայց երբ նրանք որոշեն դուրս գալ Հայաստանի իշխանությունների ազդեցության տակից, մենք կլինենք նրանց առաջին սատարողը, ու այս պարագայում կարևոր չէ, թե ովքեր են այդ անձինք, որպեսզի Արցախը չիշխանազրկվի, որովհետև այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունների կողմից, միանշանակ սրան են միտված։

– Եթե իշխանությունը որոշի, որ ժողովրդի հետ է, ստեղծված իրավիճակում դա ինչ-որ բան փոխելո՞ւ է։

– Շատ, ամենակարևորը՝ ժողովուրդն իրեն շատ ավելի ուժեղ կզգա, որովհետև շատ դժվար է ժողովրդի համար, երբ ինքը պատրաստ է ամեն կերպ պայքարելու, բայց ծանր է, երբ քո սեփական իշխանությունները, որոնց դու ընտրել ես, անում են հակառակը։ 

Ժողովուրդն այսօր մի ցանկություն ունի, որ Արցախի իշխանությունները կանգնեն ու ի լուր աշխարհի հայտարարեն, որ արգելում են Հայաստանի իշխանություններին բանակցել Արցախի հարցով կամ որևէ գործընթաց իրականացնել Արցախի շուրջ, որովհետև վաղուց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության կողմից Արցախն ուղղակի օգտագործվում է որպես մանրադրամ, նրանց նպատակը Արցախի փրկությունը չէ։ Իսկապես շատ բան կփոխվի, իրոք բեկում, ու նաև կարծում եմ, որ դա Հայաստանում մեր հայրենակիցների մոտ էլ բավականին մեծ բան կփոխի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am