Կռիվ հանուն հայրենական անապատների

Կռիվ հանուն հայրենական անապատների
Կռիվ հանուն հայրենական անապատների

Երեկ Իջևանում ցուցարարները համը հանեցին։ Մարդիկ միջպետական ճանապարհ են փակում ու բաց տեքստով ասում են՝ թողեք ծառերը կտրենք, տանենք Երևան՝ «մեր տղուն»։ 

Բոլորին հետաքրքրում է փայտը մարզից դուրս տանելը։ Այսինքն՝ մարդիկ իրենց տան համար չեն կտրում, բիզնես են անում։ Ու չեն ասում էդ մասին։ Ծառահատներից մեկն ասում է՝ տանում ենք Երևան, մարդիկ Երևան են մնում, իրանց տունն ունեն։ Այսինքն՝ գալիս են Իջևանում կտրում են, որ տանեն Երևան կտրողները վառեն։ 

Բարբառից էլ հասկանում ես, որ իր համար չի կտրում։ Պետությունն արդեն չի կարողանում մարդկանց բացատրել՝ ի՞նչ գործ ունեք ծառերի հետ, որոնք ձեր այգում չեն աճում ու դուք չեք աճեցրել։ Ծառը կա, և այս մարդիկ ուզում են կտրել ու վերավաճառել այստեղ՝ Երևանում։ 

Ինչո՞ւ։ 

Որովհետև միշտ են այդպես արել։ Նախկին իշխանության օրոք սխեմա է գործել՝ ՀՀԿ-ականները ժողովրդին թույլ են տվել անտառի հերն անիծել, որովհետև իրենք ուրիշ ոչինչ չեն առաջարկել էդ ժողովրդին։ 

Նրանք խրախուսել են կոտորածը, որովհետև փայ են ունեցել փայտի վաճառքից, հիմնականում՝ բանակի բարձրաստիճան սպաները։ Նրանց էլ այդպես էր երախտապարտ լինում բարձրագույն իշխանությունը, որ մտքներով չանցնի ըմբոստանալ հարկավոր պահին։ 

Նախկին իշխանությունը բացարձակապես մատը մատին չի խփել, որ Տավուշի մարզի բնակիչները սեփական բիզնեսն ունենան, սեփական աշխատանքը, անտառը կա, ու դա հերիք է, որ մարդիկ իրենց զբաղվածության հարցը լուծեն։ 

Նույն ձևով Սևանի հետ էին վարվում։ Թվում էր, թե սիգը որսագողերն են տանում, վերջում պարզվեց, որ նախկին ոստիկանապետի ընտանիքն է «կանսերվա» փակում ու արտահանում մեր սիգը։ 

Հիմա եկել է մի իշխանություն, որն ասում է՝ ժողովուրդ, անտառը հանգիստ թողեք, կամ եկեք խաղի կանոններ սահմանենք և հասկանանք, թե ի՛նչ ծառեր կարելի է կտրել ու ինչպես իրացնել կտրածը։ 

Հիմա պետությունը անտառի վրա ունի իշխանություն և ուզում է տնօրինել էդ անտառը։ Չի ուզում, որ բարձիթողի վիճակ լինի։ Նախկինում ապօրինի ծառահատումը երաշխավորված քվե էր դա թույլ տվողի՝ ՀՀԿ-ի համար, հիմա ուղղակի բիզնես է՝ առանց երաշխավորված քվեի։ 

Ու մարդիկ տարակուսած են՝ հեղափոխությունը նրանց զրկո՞ւմ է ապրուստից։ 

Բայց, կներեք, հեղափոխությունը բարդակի վրա սեփական իշխանություն հաստատելը չէ, հեղափոխությունն ասում է՝ բարդակին վերջ։ Լավ, չեք ուզում դրան հեղափոխություն ասել, ոնց ուզում եք։ 

Պետությունը 2019 թվականի պետություն է, չի ուզում, որ իր մոտ գործեն 1995 թվականի բարքերը, երբ պատերազմից դեռ շունչ չէինք քաշել, և շունը տիրոջը չէր ճանաչում։ 

Պետությունը պիտի շահ ունենա քաղաքացուց, ոչ թե՝ անտառից։ Ո՞րն է պետության շահը անվերահսկելի անտառահատումից, ո՞վ կարող է պատասխանել այս հարցին։ Ոչ ոք։ 

Քաղաքացին ստեղծողն է, արարողը։ 2019-ի Հայաստանն ասում է՝ եկեք համախմբվենք արարման շուրջ, ու կան մարդիկ, որոնք համաձայն չեն, միջպետական ճանապարհ են փակում ու էդ ճանապարհը բացող ոստիկանի գլուխն են ջարդում։ 

Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում իրականում։ Մարդն անտառը վկայակոչում է ապրուստի միջոց և ուզում է, որ պետությունն աչք փակի էդ միջոցի վրա։ Ինչպես Սևանը ձկնազերծ անողները։ Նրանք չեն ուզում մասնակցել պետության խնամքին։ Ոչինչ չեն ուզում անել, որը կխանգարի տուն պահելուն։ 

Ու սկսվում է համերգը՝ էկոլոգիական աղետն իր հերթին, պատասխանատվությունից զուրկ քաղաքացին իր հերթին, թույլ պետությունն իր հերթին, և արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ հասկանալի չէ, թե վաղը ինչ երկիր ենք փոխանցում հաջորդ սերնդին։ 

Եթե փոխանցածներս անապատն է, էս գլխից պիտի ասենք։ Այլապես ազնիվ չէ՝ մենք գիտենք, թե ինչ է ուզում պետությունը մեզնից, բայց ինքը չգիտի, թե մենք իրենից ինչ ենք ուզում։ 

Ձևակերպեք ձեր անապատը, բայց ոչ Երևանի անունից։ Մենք պիտի՞ կարողանանք մեր բնագիտության դասագրքերում խոսել մեր հայրենական անապատների մասին։ Թե չէ՝ Սահարայի անապատ, Գոբի անապատ, գլոբալ տաքացում։ 

Մերը պիտի ուրիշ լինի։ Անապատ ունենալու իրավունքը հերոսամարտով։

Մհեր Արշակյան

MediaLab.am