Մեր կողքին ապրող մարդիկ. Մատիան

Մատիա Խրիֆունը կնոջ՝ Շաղիկի հետ (Լուսանկարը՝ Ջիորջի Գոգուա)

Հոլանդացի Մատիա Խրիֆունը հնչյունային ինժեներ է և տվյալների վերլուծաբան: Երբ խնդրեցի կարճ նկարագրել իրեն, պատախանեց՝ 31 տարեկան եմ, ունեմ կին, երկու երեխա և մեկ շուն: Ու այնպես է ստացվել, որ նրա հայուհի կինն իմ ամենասիրած գրողի՝ Հրանտ Մաթևոսյանի թոռնուհին է: 

– Ե՞վ, այդ ինչպես գտար նրան,- հարցնում եմ Մատիային ու մտքումս հազար ու մի ռոմանտիկ սցենար մտածում: 

– Մենք հանդիպեցինք Բուլղարիայում, մեզնից ամեն մեկն այնտեղ էր աշխատելու և սովորելու նպատակով: Դարձանք լավ ընկերներ, հետո երկուսս էլ ընդունեցինք, որ իրար համակրում ենք, ու մեր ամուր ընկերությունը ոչ թե վերածեցինք սիրո, այլ մեր ընկերությանը ևս մեկ բաղադրիչ ավելացրինք: 

2018 թվականին նա եկավ Հայաստան առաջին անգամ, և պատճառը Շաղիկն էր: Մատիայի համար կարևոր էր ճանաչել այն երկիրը, որտեղ մեծացել էր ապագա կինը, ինչպես նաև ծանոթանալ նրա ընտանիքի հետ, ու ինչպես ինքն է ասում՝ ավանդական, հին ձևերով ծնողներից խնդրել Շաղիկի ձեռքը:

Մատիայի առաջին այցից հետո Հայաստանը բազմաթիվ վայրիվերումների, տատանումների միջով անցավ, բազում արժեքներ փոխվեցին, ինչը թույլ տվեց նրան գուցե ավելի կարճ ժամանակամիջոցում ճանաչել հայերին և փորձել ապրումակցել նրանց, քան դա կհաջողվեր որևէ այլ մեկին խաղաղ պայմաններում: 

– Մա՛րդը. ահա թե որն է ամենագրավիչ երևույթը Հայաստանում: 

Բուլղարիայում Մատիան իրեն երբեմն կղզիացած էր զգում լեզվին չտիրապետելու պատճառով: Մինչև Հայաստան գալը վստահ էր, որ բուլղարերեն սովորելը իսկական գլուխկոտրուկ է, բայց մեկ շաբաթում հասցրեց սերտել այբուբենը: Հայաստան գալուց հետո, սակայն, պարզվեց, որ բուլղարերենը ոչինչ էր հայերենի համեմատ: Մեկ, երկու, երեք, տասը շաբաթ հետո Մատիան հանձնվեց՝ հայերենի հետ «կռիվները» չեն ավարտվում ցայսօր: 

Մատիան սիրում է Երևանը, բայց ցավով է նկատում, որ մեր քաղաքը քարերի մասին է: Զբոսայգիները քիչ են, ծառերը՝ կարճահասակ. երկար պիտի ստվերոտ տարածքներ փնտրես, որ թաքնվես: Բայց Երևանը մարդկանց մասին է, որոնք այս քաղաքը անվտանգ են դարձնում ու հյուրընկալ: 

– Երբեք, երբեք չի եղել Երևանի որևէ արվարձան, որտեղ ես մտածեմ՝ այստեղ անվտանգ չէ: Այս քաղաքում միշտ բարեկամներ կգտնես, անգամ եթե անծանոթ օտարական ես: Ես որևէ տեղ այսքան ջերմություն ու սրտաբացություն չեմ տեսել, ու սա մի բան է, որ ուղեկցելու է ինձ ողջ կյանքի ընթացքում: 

Երկու տարվա ընթացքում այնքան հրաշալի պահեր է ապրել Հայաստանում, բայց մի դիպված առանձնացնում է: Այն սկզբում վախենալու էր, վերջում՝ զավեշտալի, ու այս պատմությունը շա՜տ բան է պատմում հայերի մասին: Մատիան հերթական անգամ շանը ուշ գիշերով տարել էր զբոսանքի, երբ մի մեքենա կանգ առավ, ու վարորդը սկսեց նրան հարցեր տալ: 

– Ինչ-որ հասցե էր փնտրում, ես էլ անգլերեն պատասխանեցի, որ հայ չեմ ու տեղանքին էլ լավ ծանոթ չեմ, չեմ կարող օգնել: Պարզվեց՝ այնքան էլ ուրախ չէր օտարերկրացու տեսնել ու անգլերեն ասաց՝ ոնց, հա՞յ չես, ասացի՝ ոչ, ձեզ լավ երեկո: Սկսեց հետևել ինձ մեքենայով ու նույն բանը կրկնել՝ ինչպես թե հայ չես: Հանկարծ նրա կողքին նստած մարդը, որ հավանաբար ընկերն էր, ասաց՝ ի՛նչ ես կպել մարդուց, ասաց, որ հայ չի, ճամփան շարունակիր, ու սկսեց նախատել վարորդին: 

Մատիան ասում է, որ զարմացած էր, որ եթե մեկ այլ երկրում լիներ, ընկերն էլ կմիանար, ու միասին կճնշեին օտարերկրացուն, իսկ Հայաստանում ուշ գիշերով շանդ հետ զբոսնելիս միշտ վատ երևույթն անգամ լավ կարող է վերջանալ: 

Հայաստանում այնպիսի օրակարգ ուներ, որ անգամ տուն վերադառնալուց հետո դեռ անելիքներ էին մնում, շնչելու ժամանակ չկար (այժմ Մատիան ընտանիքի հետ Նիդերլանդներում է): 

– Ես բավական տարօրինակ գրաֆիկ ունեի, օրը, կարելի էր ասել՝ չէր վերջանում: Անընդհատ հնչյունավորման, ձայների հետ աշխատանքը կենտրոնացում է պահանջում: Սովորական աշխատանքային օր ասված գոյություն չուներ, միայն լիքը սուրճ, լիքը հանդիպումներ ու տուն վերադառնալուց հետո էլի գործ ու գործ: 

Երկու տարի լինելով Հայաստանում՝ իհարկե առնչվել է կարծրատիպերի, որոնք կապված են ոչ այնքան իր՝ օտարազգի լինելու, որքան հենց նիդերլանդացի լինելու հետ: Հաճախ է հանդիպում մեկնաբանություններ մարիխուանայի օգտագործման, հոմոսեքսուլության և այլնի մասին, բայց դրանց ձևավորումը կապում է եվրոպական արժեքները երբեմն խեղաթյուրելու, երբեմն՝ ոչ ճիշտ դիտանկյունից ներկայացնելու հետ, որը, ըստ նրա,  պայմանավորված է ռուսական քարոզչության ազդեցությամբ:  

– Բայց Հայաստանում մարդիկ հրաշալի են, նրանք ամենակարևորն են այս երկրի համար: Գիտեմ, որ երևի շատ օտարերկրացիներից ես լսել այս արտահայտությունը, այնպես որ, որպես երկրորդ կարևոր բան, որ սիրում եմ Հայաստանում, լեռներն են: Շունչդ կտրվում է, երբ տեսնում ես լեռներ, որոնց հետևում էլի լեռներ են, այնպես կանգնած թիկունք թիկունքի, ասես պաշտպանում են իրար: 

Մի բան կա, որ իսկապես կուզեր փոխել Հայաստանում, այն, թե ինչպես են հայերը վարվում ցավի հետ, դրա ապրման ու հաղթահարման հետ: Չնայած հասկանում են, որ ծանր է, երբեմն իսկապես անհաղթահարելի, որովհետև թվում է, թե անընդհատ հարվածներ են ստանում: Պատմական անցյալն ու դրա հետքերը, ներկայում կատարվող իրադարձությունները, որոնք երբեմն թույլ չեն տալիս շրջանցել այդ անցյալը, իսկապես դժվարացնում են ցավը հաղթահարելը, բայց հայերը ուժեղ են ու նրանք պիտի անցնեն դրա միջով: 

Նա տեսել է, թե ինչպես են մարդիկ «սրբացնում» քաղաքական գործիչներին կամ որևէ պաշտոն զբաղեցնող մարդու, որը կիսում է նույն տեսակետը, և թե ինչպես են մարդիկ ատում տարակարծություն ունեցողներին, ընդդիմադիրներին և վերջիններիս պիտակավորում որպես դավաճանի: Քաղաքականությունն ինքնին մոխրագույն, գորշ տարածք է, և անգամ նա, ով սուրբ է համարվում, միևնույն է՝ մարդ է: 

– Ո՞րն է Հայաստանում ապրելու ամենամեծ մարտահրավերը,- հարցնում եմ: 

– Տան գները, վարձակալության արժեքը՝ հատկապես ռուսների գալուց հետո: Բայց եթե ուզում ես անկեղծ լինեմ, ապա ամենամեծ մարտահրավերը հայոց այբուբենն է,- պատասխանում է Մատիան, ու ես հասկանում եմ, թե նա որքան է տառապել մեր տառերի ձեռքը, որ անգամ վարձակալության գները, որ վերջին մեկ տարում իսկապես գլխացավանք են դարձել, շատ ավելի մեղմ են, քան հայերենը: 

Շախմատ խաղալ է սովորել, դա էլ կնոջ՝ Շաղիկի ընկերների շնորհիվ: Պարտությունները ձախողում չեն, այլ հնարավորություն սովորելու, ու Մատիան համառորեն շարունակում է խաղալ՝ հավատալով, որ հենց մրցակցությունն ու ընկերությունն են ոգեշնչել նրան սիրել շախմատը: 

– Հայաստանում և՛ օնլայն եմ շախմատ խաղում, և՛ օֆլայն, այստեղ այնպիսի ֆանտաստիկ խաղացողներ կան, որ ես ուղղակի ապշում եմ: Շախմատը դարձել է կիրք, սեր, մի բան, որից չեմ հոգնում, անգամ եթե ամեն օր եմ խաղում: 

Երբ լսում էի Մատիայի պատասխանները, այնքա՜ն էի ուզում, որ նա հայերեն կարդալ ու հայերեն հասկանալ իմանար, որ կարողանար ընթերցել Մաթևոսյան, մեկին, որ հավանաբար այն եզակիներից էր, որ ոչ միայն կարողացել էր ճանաչել հայի լավագույն ու վատագույն տեսակին, այլ նաև բացահայտել բոլորիս համար: 

Վստահաբար նա նորից էր սիրահարվելու մեր լեռներին ու սարերին, որ այնքան սիրուն ու պարզ է նկարագրել Մաթևոսյանը, որ դրանք չտեսած՝ արդեն շունչդ կտրվում է: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am