Հայկական կողմն իրավունք չունի ու չուներ մտածելու, որ Ադրբեջանը կկատարի իր ստանձնած պարտավորությունը. Հրաչյա Արզումանյան 

Հրաչյա Արզումանյանը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

 – Պարո՛ն Արզումանյան, ադրբեջանական կողմը մինչև այս պահը չի կատարել խոստումը՝ Աղդամի ճանապարհին զուգահեռ բացել Լաչինի ճանապարհը, կարելի՞ է ակնկալել, որ առաջիկայում կկատարի խոստումը:

– Առնվազն վերջին երեք տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը երբեք չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ինչո՞ւ պետք է այս անգամ կատարեն: Հայկական կողմն իրավունք չունի ու չուներ մտածելու, որ իր ստանձնած պարտավորությունն Ադրբեջանը կկատարի: Մեր հակառակորդը ոչ մի դեպքում չի կատարի իր խոստումները, նրանք շարժվում են իրենց շահերի, նպատակների ճանապարհով, նրանց քաղաքական, դիվանագիտական, ռազմական հնարավորությունները թույլ են տալիս նրանց առաջ գնալ ու խախտել պայմանավորվածությունները, նրանք դա հանգիստ անում են ու կանեն, մենք իրավունք չունենք հավատալու հակառակին ու գնալու այդ ճանապարհով:

– Իսկ Արցախի իշխանությունն այլընտրանք ունե՞ր, որ չհամաձայներ Ասկերանի ճանապարհով հումանիտար օգնությունը ստանալուն:

– Պետք է հասկանալ, որ Արցախի իշխանությունները հակահայկական քաղաքականություն են վարում: Քանի Արայիկ Հարությունյանն էր նախագահը, կային սպասումներ, որ կարող է լինել հայկական ինչ-որ բան, բայց երբ նա հրաժարվեց պաշտոնից, և ուղղակի նշանակվեց ռուս-թուրքական դաշինքի ներկայացուցիչը, այսինքն՝ Ստեփանակերտում հիմա ադմինիստրացիա է, ոչ թե իշխանություն, ադմինիստրացիա, որն աշխատում է ուղիղ Ռուսաստանի ու Թուրքիայի թելադրանքով, դրա համար մտածել, թե ինչ կանեին Ստեփանակերտի իշխանությունները, ճիշտ չէ, նրանք կանեն այն, ինչ թելադրում են Ռուսաստանն ու Թուրքիան: Արցախում պետք է հասարակությունն արդեն դերակատարում ունենա, կազմակերպվի ու փորձի պաշտպանել Հայաստանի ազգային շահերը: 

– Ռուս-հայկական հարաբերությունների այս փուլն ինչպե՞ս կբնորոշեք, եթե նկատի ունենանք վերջին շաբաթներին հնչող փոխադարձ կոշտ հայտարարությունները:

– Ես տեսնում եմ միայն հայտարարություններ, քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չեմ տեսնում: Հայաստանի կողմից արվող քայլեր, որոնք կարող ենք որպես փոփոխություն որակել, ես չեմ տեսնում: Հայաստանի իշխանությունը չի արել որևէ քայլ, որը կարելի է գնահատել որպես ինդիկատոր, որ Հայաստանը սկսում է փոխել իր վեկտորը Ռուսաստանից դեպի ուրիշ կողմ: 

Հայաստանի իշխանությունը ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, չի համոզել, որ պատրաստվում է ինչ-որ բան փոխել, իրենք վարում են պրոռուսական քաղաքականություն, և դա մեզ համար մեծ խնդիր է, որովհետև միջազգային ասպարեզում նման դիրքորոշումը շատ մեծ վտանգ է մեզ համար, ու այդ ճանապարհին մենք մեծ կորուստներ ենք ունենում: 

– Իսկ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ռեսուրսը չկա՞, թե՞ գործող իշխանությունը ցանկություն չունի:

– Ես չեմ տեսնում ո՛չ ցանկություն, ո՛չ կամք, ռեսուրսներ միշտ կան, շրջադարձ միշտ կարելի է անել, եթե դու ունես ինչ-որ բան փոխելու հստակ նպատակ: Եթե ունես հստակ նպատակ, դու կարող ես անգամ քո դեմ աշխատող ուժերը ծառայեցնել քո օգտին: 

Ինչպես Արցախի պարագայում ասացի, այնպես էլ Հայաստանի պարագայում հասարակությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, փորձի դիմադրություն ստեղծել ու այդկերպ ստիպել իշխանությանը փոխել իր քաղաքականությունը, որն այս պահին վարում է, կամ հասնել իշխանափոխության: Սրանք տարբերակներ են, բայց կարևորագույնը իրավիճակը ճիշտ գնահատելն ու ընկալելն է, հակառակ դեպքում քո ցանկացած քայլ անարդյունք է լինելու:
 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am