Սա հակասահմանադրական նախագիծ է, որը միտված է ավելի շատ գումարներ հավաքելուն. Տիգրան Քեհյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանը

– Պարո՛ն Քեհյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխությունները, որով մասնավորապես Կենտրոնում կայանելու համար մեկ տարվա համար վարորդը պետք է վճարի 160 հազար դրամ: 

– Այստեղ ավելի շատ ոչ այնքան ընդհանրապես վարորդների իրավունքներն են ոտնահարվում, որքան այդ հատվածում բնակվողների, այսինքն՝ եթե մի շարք վարորդներ հնարավորություն ունեն այդ վճարները չվճարել ու այդ սահմանված վայրերում մեքենա չկայանել, ապա այդ հատվածում ապրողները դրա իրավունքը չունեն: Այս մասով առաջարկվող փոփոխությունները շատ թերի են ու չմտածված: 

Իմ գնահատմամբ՝ սա ավելի շատ գումարներ հավաքելուն միտված փոփոխություն է, քան Կենտրոնի ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն միտված, չմտածված հերթական որոշումն է, որը փորձում է իրականացնել քաղաքային իշխանությունը:

– Ընդհանուր առմամբ՝ որքանո՞վ են տրամաբանական, արդարացված կայանատեղիների համար սահմանված վարձավճարները:

– Վճարովի կայանատեղիների կազմակերպումը նախ պետք է ճիշտ իրականացվի՝ մոտեցումը, գաղափարը, դա ինքնանպատակ չէ, որ վերցնենք միայն վճարի չափը քննարկենք՝ որքանո՞վ է դա տրամաբանական, որքանո՞վ՝ ոչ, այլ, առհասարակ՝ ինչպե՛ս ենք պատկերացնում՝ ինչպե՞ս պետք է լինի վճարովի ավտոկայանատեղին, աշխատողների համար ինչպե՛ս պետք է լինի, բնակիչների համար՝ ինչպե՛ս, դրանք ինչպե՛ս պետք է օգտագործվեն և այլն: 

Տարեկան վճարումն ինքնին մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնելու. սոցիալական անհավասարության դրսևորում է լինելու, հարուստներին ասելու ենք՝ կայանեք, աղքատներին՝ ոչ: Ստացվում է, որ սրանով մենք խախտում ենք Սահմանադրության այսինչ կետը: Մենք ասում ենք, որ այդ հատվածի բնակիչներին այլընտրանք չենք տալիս, ու նրանք պարտադիր պետք է վճարեն, որ կարողանան կանգնել իրենց շենքի բակերում, ստացվում է, որ խախտում ենք այդ մարդկանց սահմանադրական իրավունքը: Այս նախագիծն ինքնին հակասահմանադրական որոշում է, իմ գնահատմամբ, որքան էլ քաղաքային իշխանությունները, «գլուխգործոց» իրավաբանները, նախագծի հեղինակները հակառակն ասեն: 

– Պարո՛ն Քեհյան, իսկ այլ տարբերակով հնարավոր չէ՞ր լուծում գտնել:

– Եթե իրենք ուզում էին հապճեպ որոշակի բան անեին, որ ցույց տային, թե ինչ-որ գործ են արել, հետո խորքային մոտենային ու ուսումնասիրեին բոլորի շահերը, ապա կարող էին միայն հանել տարեկան վճարը ու ժամային վճարը թողնել՝ ընդամենը 200 դրամ, ոչ ավելի: Սա ավելի շատ լուծում կտար խնդրին, քան այս չմտածված որոշումը: 

Քաղաքապետարանը նշում է, թե սա բեռնաթափման խնդիրն է լուծում, բայց նրանք ստում են, նրանք հրաժարվում են տարեկան վճարները հանելուց, որովհետև ուզում են զուտ գումարներ գանձել: Շեշտը դրված է բյուջե ավելի շատ գումար մուտք անելու վրա, թե չէ նրանք թքած ունեն Կենտրոնի բեռնաթափման վրա, եթե այդպես չլիներ՝ հիմա ավելի լուրջ քայլեր կանեին:

– Իսկ այս փոփոխությունն ի վերջո, ըստ ձեզ, կյանքի կկոչվի՞:

– Չեմ կարող ասել, եթե փոփոխություններ առաջարկողը վստահ է, որ այնքան լավ առաջարկ է արել, ամեն ինչ կանի, որ կյանքի կոչվի: Եթե մենք ունենանք գիտակից, բանիմաց ավագանի, անկախ նրանից, թե ինքը ո՛ր քաղաքական ուժի ներկայացուցիչ է, պետք է դեմ քվեարկի այս նախագծին, որովհետև սա նախագիծ չէ, չմտածված մի որոշում է, որը փորձում է առաջ տանել ներկայիս քաղաքային իշխանությունը: 

– Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար, ինչի դեմ բողոքում են ավտոներկրողները: Նրանց բողոքն արդարացվա՞ծ է:

– Ճիշտ է, նման օրենք չէր կարող ընդունվել, որովհետև չեն կարող տնտեսվարողներին թելադրել, թե որքան շահույթ պետք է ունենան կամ ինչ թվով, կամ ով ինչ չափով պետք է հարկվի: Այդ օրենքում կան ևս մի քանի խնդրահարույց դրույթներ: Նախ՝ նրանում ասվում է՝ բացառությամբ պաշտոնական ներկայացուցիչների, բայց չի սահմանվում, թե ովքեր են պաշտոնական ներկայացուցիչները, ովքեր կարող են լինել: 

Բայց խնդիրն այն է, որ նման մոտեցում ցուցաբերելուն պետությանը դրդել են հենց այդ ոլորտում բիզնես իրականացնողները, որոնք հաշվի են առել միայն իրենց անձնական շահը, այսինքն՝ բոլորն այստեղ փորձում են շրջանցել օրենքները, հարկեր չվճարել, ու պետությունն ստիպված է եղել նման քայլի դիմելու: Ամբողջ մեղքը հենց այդ ոլորտում բիզնես իրականացնողներինն է, որոնք պետությանը ստիպեցին, որ իրենց նկատմամբ նման կոպիտ որոշում ընդունվի: 

Չեմ կարող ասել, թե ճիշտ օրենք է, որովհետև օրենքը չի կարող նման սահմանափակում դնել ու բիզնեսին թելադրել, թե ի՛նչ շահ պետք է այն ունենա կամ ի՛նչ չափով հարկը հաշվի, որովհետև նրանք մանրամասն չեն նայել այս ոլորտում բիզնես իրականացնողների խնդիրներին, բայց այն արդեն ընդունվել է: 

– Իսկ ավելի մեղմ տարբերակ չկա՞ր այս խնդիրը կարգավորելու համար, պարո՛ն Քեհյան:

– Ես այս օրենքը կընդունեի, եթե այնտեղ վերապահում լիներ: Խնդիրն ավելի շատ արտահանվող մեքենաների մեջ է, որ արտահանվում էին մասնավորապես Ռուսաստան, իրականում ավելի բարձր էին վաճառում, բայց ցույց չէին տալիս: Այդ 1/2 գործակիցը պետք է միայն արտահանվածների մասով կիրառվեր, այլ ոչ թե Հայաստանի տարածքում վաճառելու: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am