Այս հաղթանակը համառության, չհանձնվելու արդյունք է, պետք է թևաթափ չլինենք. Աշխատանքի վերականգնված Վայոց ձորի փոխմարզպետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը

– Տիկի՛ն Ասատրյան, Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն վերականգնվել են ձեր իրավունքները Վայոց ձորի մարզպետի պաշտոնում, որից ձեզ հեռացրել էին 2021 թվականի հուլիսին՝ հղիության 6-րդ ամսում։ Ձեր իրավունքների պաշտպանությամբ զբաղվում էր ՀՔԱՎ-ը: Այս տարիների ընթացքում ի՞նչ  դժվարություններ հաղթահարեցիք մինչև նման արդյունքի հասնելը։

– Դեռևս հինգ ամիս առաջ էր դատարանն այս վճիռը կայացրել ու պետք էր վերականգնման վճիռը իրականացնել։ Ես հիմա չեմ ուզում իրավական մանրամասների մեջ խորանալ, որովհետև փաստաբանս առաջիկա օրերին հանդես կգա ասուլիսով՝ մանրամասն ներկայացնելով ընթացքը։ Անցել ենք Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններով, ու որոշվել է, որ պետք է վերականգնվեմ աշխատանքի ու փոխհատուցում ստանամ: 

Ինչպես ասացի, դեռ հուլիսին է կայացվել վերջնական վճիռը։ Ես հղիության 6-րդ ամսում եմ աշխատանքից ազատվել, ինչի հետևանքով էլ հնարավորություն չեմ ունեցել ֆիզարձակուրդի անցնել, ու ստացվել է, որ իմ երեխան զրկվել է նաև մայրական նպաստից, ու այդ առումով քաղաքացու, նոր ծնված երեխայի, մոր իրավունքների մի ամբողջ փունջ էր խախտվում։ 

2020 թվականի պատերազմից հետո իմ ուժը իմ նոր ծնվող բալիկն էր, ու առհասարակ երեխաները, իմ պայքարի մոտիվացիան մեր պետության ապագան էր, ու եթե մենք այսօրվա իրավունքները չպաշտպանենք, չենք կարող ապագա ունենալ ու խոսել ապագայի մասին։ Այստեղ անձնականն ու անանձնականը միախառնվում էին ու ուժ տալիս ինձ, որովհետև երկու տարի տևեց դատական գործընթացը, մինչև հասանք այս արդյունքին։ 

Ինձ աջակցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թիմը, եթե նրանք չլինեին՝ ես չէի կարողանա պայքարել, պարզապես ի վիճակի չէի, որովհետև իմ երեխան ծնվեց 35 շաբաթականում, այսինքն՝ այդ օրերին ես ֆիզիկապես անկարող էի զբաղվել այդ հարցերով։ Այս երկու տարվա ամբողջ ընթացքում նրանք շատ հետևողականորեն ինձ օգնել ու ուժ են տվել, որպեսզի չհուսահատվեմ։ 

Այսօր հետաքրքիր օր էր, էմոցիաների առումով, որովհետև երբ այս լուրը ստացա, ես ընկերներիցս մեկի հուղարկավորությանն էի, որը վերջերս թշնամու կրակոցից զոհվեց։ Ինձ պարտավորված եմ զգում մեր զոհված տղաների, նրանց ընտանիքների, մեր ողջ մնացած տղաների, վիրավորների առջև, բոլոր այն մարդկանց առջև, որոնք մեր հայրենիքի ու պետության համար ինչ-որ բան են արել։ 

Այս հաղթանակը համառության, չհանձնվելու արդյունք է, սա խորհրդանշական է ինձ համար, որ չհանձնվենք, թևաթափ չլինենք, որովհետև այդ իրավունքը չունենք։ Ամուր պետության հիմքը հենց իրավունքն է, և մենք մեր իրավունքները պետք է պաշտպանենք։ Այս վճիռն ու մարդկանց ուրախությունն այդ կապակցությամբ ինձ է՛լ ավելի են պարտավորեցնում։ 

 – Երկու տարվա դատական գործընթացը բա՞րդ  չէր, արհեստական խոչընդոտներ ստեղծվե՞լ են այդ ճանապարհին։

– Վերջին փուլում։ Վճիռը հրապարակվել է դեռ հուլիս ամսին, բայց վճռի երկրորդ՝ փոխհատուցման մասը, դեռ չի իրականացվել։

– Այսինքն՝ ձեզ նաև ֆինանսական փոխհատուցու՞մ էլ պետք է տան, բացի պաշտոնի վերականգնումից։

– Այո՛։ 

– Ձեզ աշխատանքից հեռացնելու պատմության, պատճառի մասին կխնդրեի պատմել, տիկի՛ն Ասատրյան։

– Պատճառ չունենք, պարզապես այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը Սուրեն Պապիկյանն էր, մարզպետին բանավոր ասել էր, որ քաղաքական թիմն այդպես է որոշել։ Քաղաքական թիմից որևէ մեկը, ոչ մի կերպ այս երկու տարվա ընթացքում որևէ հիմնավորում, ինձ հետ չաշխատելու անձնական պատճառներ չի ունեցել։ Ես աշխատել եմ երեք մարզպետի օրոք, առաջին երեխայիս ժամանակ էլ ֆիզարձակուրդ եմ գնացել, վեց ամիս անց վերադարձել եմ աշխատանքի ու որևէ խնդիր այդ առումով չեմ ունեցել և հիմա էլ չունեմ։ 

Ես երբեք թույլ չեմ տվել, որ անձնականը պետական աշխատանքին խառնվի։ Ես կուսակցական չեմ, ու երբ պետք է մարզպետները քաղաքական որևէ քարոզչական գործընթացով զբաղվեին, իրենք արձակուրդ էին ձևակերպում, ես զբաղվում էի պետական աշխատանքով։ Այս պաշտոնին ես համաձայնել եմ, որովհետև գիտեմ, որ 20 տարվա սոցիալ-հասարակական ոլորտի փորձով ու իմ մարզը հինգ մատիս պես ճանաչելով՝ բարբառներով, ազգանուններով, խոցելի խմբերով, իսկապես կարողանում էի իրենց օգտակար լինել։ 

Հատկապես 2020 թվականին, համակարգվածության առումով, մեր մարզը բավական լուրջ արդյունքներ էր գրանցել, որովհետև իրականում մարզպետարաններն այդքան մեծ լծակներ չունեն, պարզապես միջնորդներ ու համակարգողներ պետք է լինեն, փոխմարզպետներն ու մարզպետները՝ գերատեսչությունների միջև, ինչը մեր երկրի համար լուրջ խնդիր է, ու եթե այդ գերատեսչական կապը ստեղծվում է փորձի, մարդու անձնական ու մասնագիտական որակների հիման վրա, բնականաբար, օրենքը չի խախտվում, արդյունքն էլ ավելի դրական ու հետևողական է լինում, որովհետև հիմնված չի լինում անձնական շահի վրա։ 

Պայքարի այս ընթացքը շատ դժվար է եղել, ինձ օգնել են իմ վայոցձորցիները, իհարկե, նույն քաղաքում հաճախ լինում են նաև դավաճաններ, բայց ինձ մշտապես աջակցել ու ոգևորել են հասարակ քաղաքացիները, որոնք ինձ թիկունք են եղել, հավատացել ինձ ու իմ այն արժեհամակարգին, որին ես նվիրվել եմ ու աշխատել։ 

Այս երկու տարվա ընթացքում էլ ես աշխատել եմ նրանց հետ՝ հասարակական հիմունքներով, մեր հասարակական կազմակերպության բոլոր հնարավոր տարբերակներով ու պարզապես՝ որպես մարդ։ Մասնակցել եմ նաև բռնի տեղահանված արցախահայությանը օգնելու այս վերջին գործընթացներին։ 

– Երբվանի՞ց եք անցնելու աշխատանքի, ու որո՞նք են լինելու առաջնահերթությունները, որոնց անդրադառնալու եք։

– Վաղվանից արդեն՝ առավոտյան ժամը 9-ից աշխատանքի եմ, ոլորտների հստակեցումը պետք է լինի, ենթադրում եմ, որ նախկինում կոորդինացրածս ոլորտներն են լինելու ու համակարգելու եմ նույն ոլորտները, ավել բան դեռ չգիտեմ։

Մարզպետի հրամանով կլինի ամենը, ու ի պաշտոնե կհամակարգեմ այն ոլորտները, որոնք կտրվեն ինձ։ Նախկինում համակարգել եմ հիմնականում կրթամշակութային, սոցիալ-առողջապահական ոլորտները։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am