Ամուլսար. Կռվախնձորը

Ամուլսար. Կռվախնձորը
Ամուլսար. Կռվախնձորը

Ամուլսարի շահագործման հարցում կա երկու բևեռ՝ իշխանություն և ժողովուրդ։ Իշխանությունը գրեթե միանշանակ ուզում է, որ շահագործվի հանքը։ Ժողովուրդը գրեթե միանշանակ չի ուզում, որ շահագործվի։ Այլ հարց, որ ժողովուրդը չգիտի բաներ, որոնք գիտի իշխանությունը։ Համենայնդեպս, այս հարցում անգրագետներ չկան, որովհետև չիմանալու իրավունքը մարդուն չի զրկում «ես եմ տերը իմ երկրի» ընկալումից։ Եթե մարդուն խելագար չես ճանաչել, նա իրավունք ունի պատասխանատու լինելու։

Իշխանության խնդիրն այն է, որ փորձագիտություն-փորձագիտություն է խաղում։ Ժողովուրդը ենթադրում է, որ որոշումը, այնուամենայնիվ, կայացված է։ Անձամբ ես այսպես եմ կարծում՝ հստակ ձևակերպիր նպատակդ և արա ինչ ուզում ես։ Դա վերաբերում է և՛ իշխանությանը, և՛ ժողովրդին։ 

Ուզում ես շահագործել, որովհետև արտասահմանյան ներդրումների շեշտակի աճը դրանի՞ց է կախված։ Ասա՛ էդ մասին ժողովրդին, որովհետև Ամուլսարի շահագործման անվտանգության 100 տոկոսանոց երաշխիքներով չես համոզելու, մեկ է։ Անվտանգ հանքարդյունաբերություն հասկացություն չկա։ 

Ուզում ես շահագործել, որովհետև հակառակ դեպքում չես պատրաստվում արբիտրաժով միլիոններ վճարե՞լ։ Կրկին ասա ժողովրդին։ Որովհետև նրան չես համոզի, որ անգրագետ Պողոսը էս հարցում պիտի ասելիք չունենա։ Ասա, որ հարյուրավոր միլիոնների հետ հանաք չեն անի։ Եվ մի՛ ասա, թե էդ գումարից ավելի շատը էս պետությունից թալանած Արամ Հարությունյանին ու Միհրան Պողոսյանին չկարողացար բռնել, մարդիկ թռան։ 

Ուզում ես շահագործել, որովհետև հանքարդյունաբերությունը հեշտ փո՞ղ է։ Ասա՛ ժողովրդին։ Եվ ինքը կորոշի՝ մի կողմ դնի՞ իր դժվար փողը ու վազի դեպի հեշտ փողը, թե՞ չդնի։ Ուզում ես շահագործել, այդպես էլ ասա։ 

Անդրադառնանք ժողովրդին։ 

Չես ուզում, որ իշխանությունը Ամուլսարը շահագործի, որովհետև բնությունը կարևո՞ր է։ Ես, իհարկե, չեմ հավատում, կներե՛ք։ Մեր բնությունը երբեք կարևոր չի եղել մեզ համար, մենք արդեն գրեթե բնություն չունենք։ 

Մենք տեսանք, թե ինչ օրի հասավ Սևանը։ Դա մենք ենք արել, ամենասովորական քաղաքացիներս։ Որոնք փորձել են հետ չմնալ ուրիշի անպատժելիությունից։ Մեզ «Լիդիան» չի պարտադրվել, մենք վաստակել ենք «Լիդիանը»։ 

Չես ուզում, որ իշխանությունն Ամուլսարը շահագործի, որովհետև «սարն ամենքի՞ս է հավասար», այսինքն՝ ոսկին մե՞րն է, այսինքն՝ օտարն ի՛նչ գործ ունի մեր հավաքական բարիքի հետ։ Սա փաստարկ չէ։ 

Ոսկին գտնված է։ Եվ հիմնական ցավն այն է, թե ի վերջո ով է տնօրինում այն։ Եթե դու քեզ օտարված ես զգում քո ոսկուց, ասա իշխանությանը, ասա, որ դու «Լիդիանից» վատը չես, ինչո՞ւ դու չես արդյունահանում։ 

Չես ուզում, որ շահագործվի, որովհետև Ջերմուկը առողջարանային քաղա՞ք է։ Մի կերպ եմ ինձ զսպում, որ չասեմ, թե երբեք այնքան գումար չեմ ստացել, որ համոզվեմ դրանում։ Դա ի՞նչ առողջարանային քաղաք է, որի «տեղը» ես չգիտեմ։ Ո՞ւմ առողջարանային քաղաքն է Ջերմուկը։ 

Ես կհասկանամ, որ ջերմուկցին իրավունք ունի ապրելու և պետք է ապրի էկոլոգիապես մաքուր տարածքում, գրողի ծոցը Ամուլսարի հանքը, բայց Ջերմուկի առողջարանային բնույթը երբեք չեմ հասկանա։ Այդ «առողջարանային» ձևակերպումն ինձ հիշեցնում է, թե ինչ անհեթեթ է Հայաստանում ունենալ նորմալ աշխատանք ու Ջերմուկում մեկ օր չկարողանալ հանգստանալ։ 

Խոսքը գների մասին է, ընկերներ, որոնց հետևից միջին հայաստանցու աշխատավարձը երբեք չի հասնի։ Եվ ես գիտեմ, որ դա ջերմուկցիներից չի կախված։ Բայց ջերմուկցիները հիմա հաստատ կարող են այնպես անել, որ «անգրագետ Պողոսը» այստեղ իր խոսքն ասի։ 

Որ նա կարողանա ասել՝ իսկ, կներե՛ք, ե՞ս որտեղ պիտի հանգստանամ իմ արդեն հարկաքամ եղած աշխատավարձով։ 

Չես ուզում, որ իշխանությունն Ամուլսարը շահագործի, որովհետև դա կվնասի տուրիզմի զարգացմա՞նը։ Դա ճիշտ է, կվնասի։ Էստեղ կռիվ չունեմ։

Ո՞վ չի ուզի, որ դրսից ինչ-որ մեկն իր երկիրը մանրամասն սիրի։ Բայց, ներողություն, մեզ մոտ տուրիզմը (տուրիստների մասին չէ խոսքը – Մ. Ա.) նույն փնթի վիճակում չէ՞, ինչ հանքարդյունաբերությունը։ Դրանք կարծես թե իրար արժեն։ 

Այնպես որ, հիմնական հարցը նպատակը ճշտելն է։ Իշխանությունը՝ իրենը, ժողովուրդը՝ իրենը։ Հետո դրանք կռվացնելը։ Իսկ կռվի արենան կարող է լինել շառից-փորձանքից հեռու «անգրագետ Պողոսի» տունը։ 

Ով կրեց՝ կրեց։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am