Կրթություն. Հայաստանյան բուհերն այս տարի ֆինանսական խնդիրների կբախվեն

Կրթություն. Հայաստանյան բուհերն այս տարի ֆինանսական խնդիրների կբախվեն

Անցնելով 12-ամյա կրթական համակարգին` Հայաստանի դպրոցները այս տարի շրջանավարտ չունեցան, ինչի հետեւանքով 15 անգամ կրճատվեց բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների թիվը:
Դիմորդների կրճատման հետեւանքով` այս տարի հայաստանյան բուհերը կբախվեն ֆինանսական լուրջ խնդիրների: 2011-12 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատւթյունում սովորելու համար առաջին փուլով դիմել է 1209 հոգի` նախորդ տարվա մոտ 18 000-ի փոխարեն:

 

Դիմորդների թվի նվազման հետեւանքով ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում բուհերը կանգնած են կադրային կրճատումների եզրին, սակայն նրանք պնդում են, որ մասսայական կրճատումներ չեն լինի:

Կրթության եւ գիտության նախարարության բուհերի համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշում է, որ այս տարի դիմորդների թվի կրճատման միտումը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգին անցում կատարելու հանգամանքով: Հայաստանի դպրոցական կրթության համակարգը փոփոխվել է 2009-ին` 47 եվրոպական երկրների կրթական համակարգերի սկզբունքները սահմանող Բոլոնիայի գործընթացի շրջանակներում:

Այնուամենայնիվ, այս տարի դիմորդների պակասը գերազանցել է անգամ ամենահոռետեսական կանխատեսումները, եւ բուհերը կանգնելու են բյուջեի կրճատման խնդրի առջեւ: Երեւանի պետական համալսարան (ԵՊՀ) է դիմել ընդհանուր դիմորդների գրեթե կեսը` 321 անվճար եւ 2 195 վճարովի տեղերի համար: 54 մասնագիտություններ առաջարկող բուհում ֆակուլտետներ կան, որ ընդհանրապես դիմորդ չունեն, ինչպես էկոլոգիական քիմիան կամ կենսաինֆորմատիկան:

«Այս տարվա դիմորդները նախորդ տարիների դպրոցի շրջանավարտներ են, ովքեր կամ ձախողել են ընդունելության քննությունները նախորդ տարիներին կամ սովորել են միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում եւ հիմա ուզում են բուհ ընդունվել: Կան սփյուռքահայեր, օտարերկրացիներ ու բանակից զորացրվածներ», – նշում է Սասուն Մելիքյանը:

Նույնիսկ եթե բոլոր 1209 դիմորդն էլ բուհ ընդունվեն, 19 719 տեղ թափուր կմնա, քանի որ 2011 ուսումնական տարվա համար բուհերում հատկացված է 2 428 անվճար եւ 18 500 վճարովի տեղ:

Մելիքյանի խոսքերով` դիմորդների թվի կրճատման հետեւանքով բուհերին սպասվող ֆինանսական խնդիրները կարող են բարդ իրավիճակ ստեղծել, սակայն նա դժվարացել է նշել, թե որքանով կկրճատվեն բուհերի ֆինանսական միջոցները: Պաշտոնյան հայտարարել է, որ պետությունը հավելյալ ֆինանսական աջակցություն չի նախատեսում բուհերի համար:

Նա նշել է, որ կրթական համակարգի համար դժվար, բայց հաղթահարելի տարի է լինելու, ընդ որում, հաղթահարման մեթոդները բուհերն իրենք պետք է որոշեն` ըստ իրենց առանձնահատկությունների. «Չեմ կարծում, որ պետական բուհերը շատ լուրջ խնդիրներ ունենան: Ամեն դեպքում մասսայական կրճատումներ չեն լինի»:

Դիմորդների հարցն առավել խնդրահարույց է մասնավոր բուհերի համար:

Գլաձոր համալսարանի 1000 ուսանողի վարձավճարից գոյացած տարեկան եկամուտը կազմում է մոտ 25-30 միլիոն դրամ, որն այս տարի լավագույն դեպքում կիսով չափ կնվազի: Այդուհանդերձ, Գլաձորի ղեկավարությունը չի նախատեսում կադրային կրճատումներ, բայց կանխատեսում է ֆինանսական ճգնաժամ, որը հաղթահարելու համար կցանկանար ստանալ եթե ոչ նույնչափ, ապա գոնե որոշակի պետական հոգածություն, ինչպիսին ստանում են պետականները:

«Մասնավոր բուհերը, ի տարբերություն պետականների, միանգամայն ինքնաֆինանսավորվող են, հետեւաբար այս տարին պարզապես մարտահրավեր է լինելու ոչ պետական բուհերի համար», – ասում է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշում է, որ այս տարի մայր բուհում կլինեն ֆակուլտետներ, որոնք համարյա դիմորդներ չեն ունենա, հետեւաբար, այստեղ ֆինանսական ճգնաժամն առավել զգալի կլինի:

«Վիճակը մտահոգիչ է բնագիտական ֆակուլտետներում, ռոմանագերմանական բանասիրություն ֆակուլտետի առանձին մասնագիտություններում: Ընդամենը 1 դիմորդ ունի 20 անվճար տեղով միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժինը, որն այս տարի բացվել է ֆիզիկա ֆակուլտետում: Մինչդեռ պետությունը նախատեսում էր այս բաժնի շրջանավարտներին ապահովել աշխատանքով», – ասում է Գալստյանը:

Նախորդ տարիների ամենավարկանշային իրավագիտություն ֆակուլտետում կան միայն վճարովի տեղեր. 110 տեղի համար` 53 դիմորդ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետ է դիմել 28 հոգի` 80 վճարովի տեղերի համար:

«Եթե դիմորդ չլինի տվյալ ֆակուլտետում, բնականաբար, առաջին կուրս չի ձեւավորվի, իսկ այն ֆակուլտետները, որոնք կունենան 2-3 առաջին կուրսեցի, ըստ երեւույթին հարակից մասնագիտությունները միավորելով` կստեղծվեն խմբեր», – բացատրում է Գալստյանը:

Իրականում նույնիսկ այս սակավաթիվ դիմորդներից ոչ բոլորը կկարողանան հաղթահարել ընդունելության քննությունների արգելքը: Դրական միավորի շեմը մինչ օրս չի հաղթահարել 25 դիմորդ, որը ընդհանուր դիմորդների մոտ 5 տոկոսն է կազմում:

«Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պահանջով այս տարի թեստեր կազմող հանձնաժողովներն այնպես են կազմել քննաթերթիկները, որ նվազագույն անցողիկ միավորը լինի հեշտ հաղթահարելի», – ասում է ԳԹԿ հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը:

Սակայն, նույնիսկ այս դեպքում դիմորդներից շատերը կարող են ձախողել ընդունելության քննությունների երկրորդ փուլը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի Մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանի մտահոգությունը ոչ միայն դիմորդների պակասի, այլեւ նրանց որակի հետ է կապված:

«Կան դիմորդներ, որ ընդհանրապես տեղյակ չեն թեստերից, անգամ դիմումների լրացման ձեւը չգիտեին: Քննությունների ընթացքում մենք ստիպված էինք շատերին բացատրել` ինչպես լրացնեն քննաթերթիկները», – ասում է Նասիբյանը:

Արփի Հարությունյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)