«Կինը լեզու սովորի ու դրսում աշխատի՞». եզդի կանանց իրավունքները լռում են հանուն ավանդույթների

«Կինը լեզու սովորի ու դրսում աշխատի՞». եզդի կանանց իրավունքները լռում են հանուն ավանդույթների
«Կինը լեզու սովորի ու դրսում աշխատի՞». եզդի կանանց իրավունքները լռում են հանուն ավանդույթների

Ինքնատիպ ավանդույթներով առանձնացող եզդի կանայք իրենց խստաբարո ամուսինների հայացքների համաձայն ապրում են վաղ ամուսնանալու, կրթություն չստանալու և չաշխատելու քարացած կարծրատիպերով:
Տան կենցաղային խնդիրներով զբաղվելն ու երեխաներին դաստիարակելը նրանց գլխավոր առաքելությունն է:
27-ամյա Մելինե Ամարյանն ամուսնացել է 16 տարեկանում և ունի մեկ աղջիկ: Ապրում է Արզնիում ամուսնու և սկեսրոջ հետ: Ամուսինը Երևանում շինարարությամբ է զբաղվում և ամեն տարի ամռանը մեկնում է Մոսկվա` խոպան:
«8-րդ դասարանից դուրս եմ եկել դպրոցից, իսկ հետո ցանկություն էլ չունեի սովորելու: Հիմա, որ երկրորդ երեխան ունենամ, մի քիչ մեծանա, վարսավիրություն կսովորեմ ու կաշխատեմ տանը»,- ասում է Մելինեն և հավելում, որ եզդի կանայք աշխատելու համար հիմնականում արհեստ են սովորում:

Նա նշում է, որ այժմ ընտանիքներ կան, որտեղ ամուսիններն այդքան էլ խիստ չեն և թողնում են, որ կինը կամ մայրն աշխատի. «Օրինակ` իմ սկեսուրն աշխատում է Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայում»,- ասում է նա:

Մելինեն ասում է, որ իրենք ավանդապաշտ են և ամուսնանում են միայն եզդի տղամարդկանց հետ: Իսկ գոնե ամուսնության առաջին 4-5 տարիներին, եթե ոչ մշտապես, անպայման պետք է ապրեն ամուսնու ծնողների հետ ու «հարսնություն» անեն:

«Երկար յուբկա, գույնզգույն ու փայլուն լաչակ հիմնականում տարիքով կանայք են հագնում: Հիմա ջահելներն էդպես չեն հագնվում, բայց արդեն 18-19 տարեկանից ամուսնանում են»,- ասում է Մելինեն:

Հարսանիքներին և, ընդհանրապես, տանը, իրենց ավանդույթի համաձայն, տղամարդիկ և կանայք առանձին են սեղան նստում հաց ուտելու: Իսկ հարսանիքին օրհնված խնձորը հարսի գլխին նետելը եզդիների ամենասիրելի ծիսակատարություններից մեկն է:

32-ամյա Նարեն, ով 3 երեխայի մայր է, կարծում է, որ ժամանակի ընթացքում այդ ավանդույթները կփոխվեն, ավելի կմեղմանան:

«Հավասարություն պետք է լինի, իհարկե, մեզ դուր չի գալիս, որ կանայք առանձին են նստում հաց ուտելու, տղամարդիկ` առանձին»,- ասում է նա:

Նարեն ամուսնացել է 18 տարեկանում, դպրոցից հետո կրթություն չի ստացել և այժմ էլ չի աշխատում՝ նշելով որ դա ավելորդ խոսակցությունների, բամբասանքների ու չարախոսությունների առիթ կդառնա:

«Եթե ուզեմ աշխատել, ամուսինս չի թողնի: Միայն արհեստ կարող եմ սովորել ու տանը աշխատել, դրսում չեն թողնի աշխատել»,- ասում է Նարեն և հավելում, որ եզդիների համար կնոջ դերը մեծ է երեխաների դաստիարակության և տնային գործում:

Նա կարևորում է ամուսնության առաջին տարիներին ամուսնու ծնողների հետ ապրելը, քանի որ ծնողները մտածում են ընտանիքի ամրապնդման, վեճերը հարթելու, հաշտեցնելու մասին, առանց որի շատ ընտանիքներ շուտ կքայքայվեն:

«5 տարի ծնողների հետ ապրելուց հետո այժմ մենք առանձին ենք ապրում: Հիմա մի քիչ փոփոխություններ կան, թեև քիչ, բայց աղջիկներ կան, ովքեր դպրոցն ավարտելուց հետո կրթություն են ստանում»,- նշում է Նարեն:

22-ամյա Յուրա Ջալիլյանը նույնպես կողմ է, որ կանայք կրթություն ստանան, բայց աշխատանքի մասին խոսելն արդեն բարդ է:

«Ես համաձայն չեմ, օրինակ՝ որ իմ կինը լեզու սովորի ու դրսում աշխատի: Ինձ դա դուր չի գալիս, որ մեր կանայք պետք է աշխատեն: Իրենք պետք է տան գործերով ու երեխաներով զբաղվեն»,- ասում է Յուրա Ջալիլյանը:

Իսկ ինչ վերաբերում է ավանդույթներին, ըստ նրա, դրանք դարերից եկող պապենական ադաթներ են, որոնք պետք է պահպանվեն մինչև վերջ:

«Տղամարդիկ ինչպես որոշեն, այդպես էլ լինում է,- ասում է 58-ամյա Բասե Հաջոյանը,- մեր տանն էլ ես հարսի հետ առանձին եմ հաց ուտում, տղաս հոր հետ` առանձին»:

Բասեն 7 երեխա ունի: Յոթին էլ ամուսնացրել է, ունի 21 թոռ ու 1 ծոռ: Նա նշում է, որ առաջ եզդիներն ունենում էին նույնիսկ 9 կամ 12 երեխա, իսկ հիմա սոցիալական դժվար պայմանները ստիպում են մարդկանց քիչ զավակներ ունենալ:

Հայաստանի տարբեր մարզերում բնակվող եզդիները (շուրջ 60 հազար) զբաղվում են հիմնականում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ: Տղամարդկանցից շատերն էլ պարբերաբար մեկնում են արտագնա աշխատանքի` իրենց ընտանիքի ապրուստը հոգալու համար:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը`Փիրուզա Խալափյանի

© Medialab.am