«Գրականությունը չի պարտվել ու չի պարտվի, չնայած անաշխատանք եմ». երիտասարդ գրողների կյանքը Հայաստանում հեշտ չէ

«Գրականությունը չի պարտվել ու չի պարտվի, չնայած անաշխատանք եմ». երիտասարդ գրողների կյանքը Հայաստանում հեշտ չէ
«Գրականությունը չի պարտվել ու չի պարտվի, չնայած անաշխատանք եմ». երիտասարդ գրողների կյանքը Հայաստանում հեշտ չէ

Այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանը կարդալու մշակույթից հեռացած հայ հասարակությանը ներկայանում է երիտասարդ ստեղծագործողների նոր գործերով՝ միաժամանակ անդրառնալով արդի գրականությանը:
Երիտասարդ արձակագիր եւ էսսեիստ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» առաջին վեպը մեկն է այդ գործերից: Վեպը կառուցված է դրվագային սյուժեով, որտեղ դոմինանտը բանակն է, մի տարածություն, ուր սրընթաց կերպով դեֆորմացվում են երիտասարդ մարդկանց ճակատագրերը, կյանքի վերաբերյալ պատկերացումներն ու զգացողությունները:
«Նրանք դիմում են հիշողության բացառիկ հնարավորությանը` փորձ անելով վերականգնել ու հպվել երջանկության եւ հիացմունքի հեռավոր պատառիկներին: Վեպում ամենաէականը ռիթմային անցումներն են»,- այն գրքի սյուժեն է ներկայացնում 29-ամյա գրողը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 5-ին Սիրահարների այգում
«Մարդը պարզապես չի կարող հեռանալ գրքից: Կարծում եմ՝ նրա պատմելու եւ լսելու ունակությունը կդադարի իր գոյության հետ: Քանի դեռ կա պատմողը, կլինի նաեւ լսողը: Եթե որոշել ես պատմել գեղարվեստի քո պատկերացումը թեկուզ կյանքի գնով, կանես այդ ու ոչինչ չի կարող կասեցնել ընթացքը: Համոզված եմ` իմ ընկերների եւ իմ ձայնը լսելի է լինելու, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր տարբեր կարծրության առարկաներ են խոթում իրենց ականջները»,- հավելում է նա:
2011-ին Արամ Պաչյանը հրատարակել է «Ռոբինզոն եւ 13 պատմվածք» ժողովածուն, արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում` 2010-ին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին` գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար: Ավելի քան մեկ տարի նա սյունակ է հեղինակում «Հրապարակ» օրաթերթում, ինչպես նաեւ «Իմպուլս» ռադիոկայանի (106.5) եթերում վարում է «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հեղինակային հաղորդաշարը:

 

Պաչյանը նաեւ գրողների եւ ընթերցողների շահերը պաշտպանող տարբեր հասարակական նախաձեռնությունների ակտիվ մասնակից է. «Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր տեղն ու դերը: Ես չեմ ուզում, որ մեզ զրկեն գրքերից, ընթերցանության

հնարավորությունը արհեստականորեն տեղափոխեն թեկուզ համացանցային տարածք: Թող այդ անցումը բնականոն լինի, ոչ պարտադրված»:

Անկախության տարիները նոր հունի մեջ են դրել երիտասարդ գրողների ստեղծագործական զարգացման ուղին: Հիմա, օրինակ, Հայաստանի գրողների միությունում կա երիտասարդական թեւ, որն ունի իր պաշտոնաթերթը` «Գրեթերթը», գործում է նաեւ Գրանիշ ամսագիրը` նույնանուն կայքով: Ամեն տարի Ծաղկաձորում երիտասարդ գրողների խորհրդաժողով է լինում, որտեղ ամփոփում են տարին, քննարկումներ անցկացնում, որոնց արդեն 2 տարին մասնակացում են նաեւ արտասահմանցի գրողներ:

Սակայն, գրքերը այն տպաքանակով չեն տպագրվում, որով երիտասարդները կուզեին, ու այնքան էլ թանկ չեն վաճառվում, որ եկամուտ բերեն: Պաչյանի՝ «Ցտեսություն, Ծիտ» վեպն, օրինակ, լույս է տեսել 500 տպաքանակով եւ վաճառվելու է Երեւանում գործող բոլոր գրախանութներում 3000 դրամ արժողությամբ:

«Հուսով եմ՝ վեպը կարդալուց հետո կլինեն մարդիկ, ովքեր հեգնանքով կժպտան ու կանցնեն, եւ մարդիկ՝ ովքեր նամակ կգրեն ինձ»,- ասում է Պաչյանը:

25- ամյա գրող Հասմիկ Սիմոնյանը, ով արդեն երկու բանաստեղծական ժողովածու է հրատարկել, նշում է, որ իրենք դեմքով գիտեն իրենց ընթերցողներին ու փողոցում հանդիպելիս բոլորին բարեւում են, որովհետեւ շատ քիչ են:

«Մեր այս խնդիրը կիսում են ԱՊՀ տարածաշրջանում, այստեղ մենք նույնիսկ շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում. մենք ունենք երիտասարդական պարբերականներ, ակտիվ ենք ու կախում չունենք ավագ սերնդից: Այսօր դժվարության առաջ է կանգնած ընթերցողը. ցավով պետք է նշեմ, որ այսօր իրենց գրող կոչողներն ավելի շատ են: Ընտրությունը բարդ է»,- ասում է Սիմոնյանը:

Երիտասարդ ստեղագործողը նշում է, որ միջազգային ասպարեզ դուրս գալուց առաջ պետք է մտածել թարգմանչական դպրոցների մասին, ինչի բացակայությունը ամենացավալիներից է.

«Հայերեն տպված գրքերով գնում են միջազգային փառատոնի ու, բնականաբար, անտեսվում: Եթե մեկը հիմա չիներեն որեւէ գիրք բերի, որքան էլ այն ինձ հետաքրքրի, միեւնույն է, կահույքի մաս դառնալուց զատ ուրիշ բանի պետք չի գալու: Ես ինքս եղել եմ մի քանի երկրներում` ձեռքիս ունենալով մի քանի թարգմանություն, որոշ դեպքերում հաճախ տողացի, եւ դրանցով իսկ մարդիկ հետաքրքրվում են, կապ պահպանում, փորձում ավելին իմանալ, իսկ որ ավելի լավ թարգմանություններ ունենայի…»

Հասմիկ Սիմոնյանը 2007-ից Հայաստանի գրողների միության անդամ է եւ հրատարակել է «Լուսնոտ բառեր» եւ «Թափթփված սենյակներ» բանաստեղծական ժողովածուները, վարում է անձնական բլոգ` hs-poetry.blogspot.com, որտեղ ներկայացնում է հայ եւ արտասահմանյան ժամանակակից գրականություն, թարգմանություններ:

«Երիտասարդ գրողները չեն կարողանում գումար վաստակել, հիմնականում կողքից այլ գործով են զբաղվում: Ինձ համար օրինակ` բարդ է նաեւ զուգահեռ աշխատանքը, որովհետեւ ընտրության առաջ եմ կանգնում` կամ գրականությունը, կամ աշխատանքը: Գրականությունը չի պարտվել ու չի պարտվի, չնայած արդյունքում անաշխատանք եմ ես»,- նշում է Սիմոնյանը:

Գրող Հովիկ Չարխչյանը կարծում է, որ յուրաքանչյուր ստեղծագործող սերունդ իր խնդիրներն է ունենում, բայց առանձնացնում է երիտասարդ գրողներից Հրաչ Սարիբեկյանի, Արամ Պաչյանի, Հասմիկ Սիմոնյանի, Տաթեւ Չախչախյանի անունները:

«Առանց որեւէ մեկի հետ համեմատվելու, Հայաստանում երիտասարդ գրողները տաղանդի պակաս ունեն: Մյուս խնդիրները գրողական չեն, այլ կենցաղային: Իսկ գործունեություն ծավալելու համար գրողը մի վայր կարող է ունենալ. իր գրասեղանը: Մնացյալը, անկախ այն բանից, թե ինչպես դրանք կկոչվեն, նրա համար ցուցադրման վայրեր են»,- հավելում է Չարխչյանը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարում՝ Արամ Պաչյանը /անձնական արխիվ/

© Medialab.am