Արևմտյան Հայաստան ու «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները համեմատելը ակնհայտ կեղծ ու շատ վտանգավոր  է. Տաթևիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչած հայտարարություններից մասնավորապես երեքին կուզեի անդրադառնալ։ Փաշինյանն ասում է, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա կարելի է երկկողմ պայմանավորվածության գալ ու միջպետական հայցերից հրաժարվել։ Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, հայցերից հրաժարումն ի՞նչ հետևանք է ունենալու Հայաստանի համար։

– Նշեմ, որ դա իրականում Ադրբեջանի պահանջն է, ու մինչ Ադրբեջանը Հայաստանից դա է պահանջում, ու Հայաստանի իշխանությունները հերթական անգամ այդ պահանջը շատ ակտիվորեն շրջանառում են, Ադրբեջանը պատրաստվում է նոր հայց ներկայացնել Հայաստանի դեմ։ Այս ֆոնին նման մտքեր հնչեցնելն ամբողջությամբ ադրբեջանական շահերի տիրույթում է տեղավորվում, Ադրբեջանը չի էլ խոսում, որ պատրաստ է հրաժարվել այդ հայցերից տվյալ դեպքում, ստացվում է՝ էլի գործ ունենք բացառապես միակողմանի գործընթացի հետ։ 

Ինչ վերաբերում է բուն հայցերին, ապա ամենակարևոր կետը Հայաստանի՝ որպես պետության ներկայացրած հայցն է Միջազգային քրեական դատարան, որով Ադրբեջանը մեղադրվում է պետական մակարդակով ատելության քարոզի, փաստացի ռասիզմի համար։ Վստահ եմ, որ Ադրբեջանին հենց այս հայցն է հուզում, որովհետև այդ փաթեթը բավականին ուժեղ է՝ ապացուցողական բազայի տեսանկյունից փաստարկված, որոնց հակակշիռը չունի Ադրբեջանը։ 

Ուզում եմ հիշեցնել, որ Միջազգային քրեական դատարանը վերջերս Իսրայելի վարչապետի ու պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման հրաման էր տվել՝ մեղադրելով նրանց Գազայում տեղի ունեցած հանցագործությունների համար, այսինքն՝ ակնհայտ է, որ միջազգային իրավական գործիքակազմը գործի է դրվել, ինչը բավականին լուրջ է։

Դրանից հրաժարվելը միմիայն Ադրբեջանին է օգուտ տալու՝ մարսել իր հանցագործությունները, ագրեսիաները ու պետական մակարդակով քարոզվող ատելությունը, որը 2020-ից հետո նոր թափ է ստացել ու արտահայտվում է Հայաստանի դեմ տարածքային պահանջների առաջքաշմամբ։

– Այդ հրաժարումը ենթադրելո՞ւ է, որ Հայաստանն արդարացնելու է նաև Ադրբեջանի գործողություններն Արցախում։

– Միանշանակ, գործող իշխանության ողջ քաղաքական քայլերը դրան էլ միտված են։ Մի հետաքրքիր դրվագ եմ ուզում նշել․ հենց վերջերս Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ու խոսում էր տարբեր թեմաներից, այդ թվում՝ էթնիկ զտումից։ Ադրբեջանցի լրագրողը ասում էր, որ իրենք պնդում են, թե նման բան տեղի չի ունեցել, փաստաբանն էլ նշեց, որ Ադրբեջանից բացի՝ուրիշ պետություն նման պնդում չի անում։ Որպես հակափաստարկ լրագրողն ասաց, բայց Հայաստանն էլ նման բան չի ասում, նման խոսույթ չի գեներացնում։ Այսինքն՝այդ մեղադրանքին պատասխանեց բացառապես Հայաստանի իշխանությունների գեներացրած խոսույթով։ 

– Երբ, ինչպես գործող իշխանությունն է սիրում ասել, ինքնիշխան, անկախ պետությունը իր սուվերեն տարածքում ԵՄ դիտորդների մնալ-չմնալու հարցը ևս պատրաստվում է Ադրբեջանի հետ քննարկել, ինչի մասին ևս ասաց Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում, ինչի՞ մասին է սա խոսում։

– Ուզում եմ հիշեցնել, որ նույն ինքնիշխան դիրքավորվող Նիկոլ Փաշինյանը ժամանակին Երասխում հրաժարվեց մետալուրգիական գործարան կառուցելուց, որովհետև դա Ադրբեջանի պահանջն էր։ Այդ ինքնիշխանության տրամաբանության մեջ, չգիտես ինչու, երբեք չի մտնում արձագանքել Ադրբեջանին, ընդառաջ չգնալ Ադրբեջանի պահանջներին։ 

Նիկոլ Փաշինյանի ստեղծած ինքնիշխանության տրամաբանության մեջ տեղավորվում են տարբեր մանիպուլյատիվ հայտարարություններով վտանգել Հայաստանի Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը՝ադրբեջանական պահանջներին ընդառաջ գնալու համար, բայց երբեք գնահատականներ չհնչեցնել Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ։

– Տիկի՛ն Հայրապետյան, երբ ՀՀ գործող իշխանությունը «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին իբրև համեմատական ներկայացնում է Արևմտյան Հայաստանն ու ասում, թե երբ մենք էլ դա ենք ասում, ինչ-որ մեկն էլ դրանից է «վատ զգում», ու պետք է մտածել այդ մասին, արդյոք նշանակո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը ամենաբարձր մակարդակով լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այդ թեզը ու ընդունում այն։

– Նախ նշեմ, որ հարցազրույցում այդ հարցը չհնչեց, Նիկոլ Փաշինյանը իր սրբազան պարտքը համարեց համեմատել այդ եզրույթները։ Այս համեմատությունը ակնհայտ կեղծ ու մանիպուլյատիվ է ու շատ վտանգավոր։ Նախ՝ Արևմտյան Հայաստանը պատմականորեն գոյություն ունեցող տարածք է ու բազմաթիվ փաստաթղթերով ամրագրված, միջազգային իրավական տարբեր փաստաթղթերում տեղ է գտել այն, դա մտացածին չէ։ Այդ տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից կատարվել է ցեղասպանություն, որը բազմաթիվ երկրների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն է արժանացել: 

«Արևմտյան Ադրբեջանը» Ադրբեջանում պետական մակարդակով Հայաստանի ողջ տարածքի հանդեպ քարոզվող մտացածին խոսույթ է, որը չունի որևէ պատմական հիմք, որի ողջ նպատակն է ապացուցել, որ հայերն իրավունք չունեն ապրելու Հայաստանում՝ իրենց երկրում, որ այդ տարածքը պատկանում է ադրբեջանցիներին։ Նպատակն է այնպիսի խոսույթ գեներացնել, թե իբր հայերը այդտեղ ադրբեջանցիների նկատմամբ իրականացրել են ցեղասպանություն։ Այսինքն՝ բավականին վտանգավոր, ագրեսիվ ու տարածքային պահանջներ ներկայացնող խոսույթ է, որը բավական հաճախ հնչում է պետության ղեկավարի շուրթերից, որը ստանում է պետական ֆինանսավորում, ու որի համար գործում են հսկայական տեղեկատվական ցանցեր ու աղբյուրներ։ 

Նիկոլ Փաշինյանի այդ համեմատությունը բացառապես Ադրբեջանի շահերից ու հետաքրքրություններից է բխում, ավելին՝ ամբողջությամբ օգնում է Ալիևին հարցեր առաջացնել Հայաստանի, այդտեղ մեր ապրելու իրավունքի հետ կապված։ Փաշինյանը ամբողջությամբ այդ նպատակին էր ծառայեցնում այս համեմատությունը, այլ նպատակ չունի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am