«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նոր ուժ» կուսակցության անդամ, նախկին ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը
– Պարո՛ն Երիցյան, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը մայրաքաղաքում գործադուլ էր անում: Հաղորդվել է նաև, որ 18 վարորդ աշխատանքից հեռացվել է։ Կատարվածն ինչպե՞ս եք մեկնաբանում։
– Սա, բնականաբար, մարդու իրավունքների կոպտագույն խախտում էր․ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է գործադուլ անել, թեև մեր երկրում օրենսդրությունն այնպիսին է, որ նման հնարավորություն էլ չի տալիս, այսինքն՝ այնքան խուճուճ ձևերով է այդ գործադուլի կազմակերպումը, որ, փաստորեն, քո իրավունքը կարող են խախտել, բայց դու գործադուլ անել չես կարող:
Այնուամենայնիվ, մարդիկ դուրս էին եկել իրենց աշխատանքի իրավունքը պաշտպանելու, խոսում էին տարրական պայմանների բացակայությունից՝ ստիպված իրենք են մեքենան լվացել, զուգարան գնալու իրավունք չունեն և այլն, սրան ի պատասխան քաղաքապետարանն անում է ամենահեշտ բանը՝ 18 մարդու հեռացնում է աշխատանքից։
Իհարկե այս մարդիկ պետք է դատարան դիմեն, վերականգնեն իրենց իրավունքը, անթույլատրելի է, որ քաղաքապետարանն իր աշխատակիցների հետ խոսում է սպառնալիքի լեզվով։ Եթե վաղը 100-200 վարորդի հեռացնեն, քաղաքը կոլապսի է մատնվելու, որովհետև այդ վարորդական իրավունքն ունեցող առանց այդ էլ քիչ մարդիկ կան: Ընդհանրապես, սա աշխատանքի իրավունքի կոպտագույն խախտում է, պետք է արհմիություններն էլ սրանով զբաղվեն ու պաշտպանեն մարդկանց իրավունքները։
– Արհմիությունների աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում։
– Բազմաթիվ ինստիտուտների նման, այդ ինստիտուտն էլ Հայաստանում այդքան կայացած չէ, ես գիտեմ, որ կա պետական հիմնարկների արհմիությունների հիմնարկ, քանի որ այս մարդիկ պետական հիմնարկի՝ ՏԻՄ աշխատակիցներ են, պետք է իրենց հարցերով զբաղվել։ Քաղաքապետարանն էլ ունի իր արհմիությունը, բայց, բնականաբար, այն միջավայրը, որ ստեղծել է Տիգրան Ավինյանը, ո՞վ է համարձակվելու իրավունքը պաշտպանել։
Ավտորիտար այս գործելաոճը միայն վարորդների վրա չի տարածվում, սա ամենուր է, մենք տեսանք, որ ավագանու անդամներին են մանդատներից զրկում, տեսնում ենք, որ մեկ անձից գնումներ են անում, ու որևէ պատասխանատվություն չկա, մեկ բիզնես դասի տոմս են գնում 20 հազար դոլարով, 90 հազար դոլարով էլ՝ մեքենա քաղաքապետի համար, մեկ անձից։
Կոռուպցիան այսօր այդ հիմնարկում ամենաբարձր մակարդակում է, ու փոխանակ բռնեն այդ մեծ կոռուպցիոներներին, ասում են՝ վարորդն է գողանում, վարորդն է գրպանում մեր 100 դրամները։ Եթե վարորդը գրպանում է այդ 100 դրամները ու մինչ օրս չի հեռացվել, ուրեմն այդ գրպանածն էլ կիսում է քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որովհետև այսքան տարի խոսվում է, որ գրպանում են գումարները, բայց որևէ մեկը չի բռնվել։
– Վարորդների բողոքը դուք արդարացվա՞ծ եք համարում, որովհետև տեսանք, քաղաքապետարանն ասաց, որ իրենք պայքարում են ստվերի դեմ։
– Քաղաքապետարանն այդ մարդկանց գող է ներկայացնում, չնայած իսկական գողերը թերևս քաղաքապետարանում են, նրանց արժանապատվությանն է դիպչում։ Մարդիկ, որոնք իսկապես ձմռան պայմաններում զուգարան գնալու հնարավորություն չունեն, մինչդեռ Ավինյանը 20 միլիոն դրամ տվեց, որ միայն իր աշխատասենյակի հատակը վերանորոգի, վարորդը չունի տարրական պայման։
Քաղաքապետարանից կարող են շատ բան ասել, բայց նրանք որպես քաղաքային իշխանություն իրենց պատասխանատվությունը գցում են վարորդների վրա։ Ասում են՝ վարորդը դեմ է ռեֆորմին, ինչո՞ւ պետք է վարորդը դեմ լինի ռեֆորմին, եթե արդյունքում իր աշխատավարձը կբարձրանա, հագուկապը կբարելավվի, պայմանները կբարելավվեն։
Տրանսպորտային այս բարեփոխման շրջանակներում խոստացել էին, որ վարորդների աշխատավարձը 150 հազար դրամով բարձրանալու է, ու նաև խոստացել էին, որ եթե ուշ ժամերի էլ աշխատեն, էլի ավելի վճարվելու են, ու քանի որ այս խոստումները չեն կատարել, այդ գործադուլի հիմքերից էր։
Սա վարորդների առաջին գործադուլը չէ, եթե հիշում եք՝ Տիգրան Ավինյանը մի որոշ ժամանակ առաջ գնաց ու հանդիպեց նրանց հետ, բեմահարթակից խոստումներ տվեց, ըստ երևույթին, չի կատարել այդ խոստումները ու չի էլ պատրաստվում կատարել, ինչպես այն բոլոր խոստումները, որ տվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ։
– Պարո՛ն Երիցյան, խոսում եք Տիգրան Ավինյանի ծախսերի մասին, ասում եք, որ կոռուպցիա է քաղաքապետարանում, իսկ ինչպե՞ս ու ո՞վ պետք է այնպես անի, որպեսզի դա այլևս չշարունակվի։
– Եթե նման քաղաքական կամք լիներ՝ շատ վաղուց կարելի էր այդ հարցերը տանել ընդհուպ Դատախազություն, բայց այդ կամքը չկա, այն պահին, երբ Ավինյանը ձեռք չի տա ՔՊ-ին, այդ ժամանակ էլ բոլոր գործերը «կբացահայտեն», բայց շատ պարզ է, որ իր պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, երբ «Քաթար էյրվեյզ»-ով բիզնես դասի ամենաթանկ տոմսն արժի 3 հազար դոլար, բայց Ավինյանի համար այն արժեցել է 20 հազար դոլար, չգիտեմ՝ դա ինչ տոմս է, ես երբևէ չեմ հանդիպել բիզնես դասի նման տոմս, այսինքն՝ ո՞ւր է գնացել այդ 17 հազար դոլար տարբերությունը։
Նույնը այլ գնումների մասով․ ամեն տարի հարյուրավոր միլիոններ են ծախսում նույն տոնածառը նույն խաղալիքներով ու նույն լույսերով զարդարելու համար, երբ նախկին քաղաքապետի ժամանակ նայում ենք թվերը, այդ նույն տոնածառն ու նույն խաղալիքներն են, չէ՞, լավ, կեսը կոտրվեց, այնուամենայնիվ, այդքան գումար որ դուրս են գրում՝ խիստ կասկածելի է։
Նույնը՝ ինչպե՞ս է, որ երկու տարում նույն ծառի գինը մեկ տարում 7 հազարից դարձել է 70 հազար, 10 հազարից՝ 100 հազար, այդ տարբերությունն ո՛ւր է գնում, պետք է պարզել։ Կամ այդ ճոխ ծախսերը որ արվում են, արդյոք նպատակահարմա՞ր էր տրանսպորտային բարեփոխման ժամանակ գնել 20 նոր էլեկտրամեքենա, ընդ որում՝ քաղաքապետինն էլ՝ 33 միլիոն դրամ։ 20 միլիոն դրամ միայն մեկ անձից գնումով՝ իր աշխատասենյակի հատակը լամինատով փոխարինելու համար, ընդ որում՝ նախկին քաղաքապետներն այդ հատակով օգտագործել են այդ սենյակը։
Նույն երդմնակալության համար ծախսած գումարը, որ ոչ մի քաղաքապետ այդքան գումար չի ծախսել նախկինում։ Պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով քաղաքին հասցված վնասը որ հաշվենք, ապա կարելի է յուրաքանչյուր պաշտոնյայի տարիներով պատասխանատվության ենթարկել ու ազատազրկել։
– Գործադուլի համար աշխատանքից հեռացնելը ինչի՞ մասին է խոսում, արդյոք սա ժողովրդավարության մասի՞ն է: Այլ երկրներում և՞ս այդպես է, որ մարդկանց գործադուլի համար աշխատանքից հեռացնում են։
– Սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունների եվրոպական ձգտումները կեղծ են ու ոչ մի աղերս չունեն իրականության հետ, խոսում է այն մասին, որ Հայաստանի հպարտ քաղաքացու իրավունքները որևէ կերպ պաշտպանված չեն, քաղաքացին չի կարող ո՛չ օրենքով, ո՛չ պրակտիկայում իրացնել գործադուլ անելու իր իրավունքը, արհմիությունները չեն գործում, այսինքն՝ սա վկայում է, որ մենք շատ-շատ հեռու ենք ժողովրդավարության բաստիոն դառնալուց: Հերիք չէ, որ այս մարդկանց գործից հեռացրել են, նաև դիմել են Դատախազություն, որ այս մարդկանց վրա գործ կարեն։
Սա հստակ հաղորդագրություն է բոլոր մարդկանց, պետական հիմնարկներին, որ բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն կատարել այս իշխանության պահանջը ու իրենց չեն ենթարկվի, կա՛մ աշխատանքից կհեռացվեն, կա՛մ նրանց վրա քրեական գործեր կկարեն։ Այս վախի մթնոլորտում էլ 2023-ին բոլոր ՏԻՄ աշխատողներին ստիպեցին ընտրությունների գնալ ու կազմակերպված քվեարկել Ավինյանի օգտին։
Այսօրվա իրականությունը սա է, ու այդ ժողովրդավարության, եվրանտեգրման բոլոր թեզերը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց իրավունքները գործնականում չեն իրացվում, չեն պաշտպանվում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am