Փաշինյանը անվտանգային և արտաքին քաղաքական ոլորտները քանդելուց հետո անցել է տնտեսությանը. Մեսրոպ Առաքելյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը

– Պարո՛ն Առաքելյան, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գործադիրի ղեկավարը, խոսելով հարկային փոփոխությունների մասին, ասաց, որ պետք է հավատարիմ մնալ հեղափոխական արժեքներին, որ հարկ վճարելու մեջ որևէ վատ բան չկա, որ այդ ամենով պետությունն օգնում է նույն այդ հարկ վճարողներին: Ստացվում է, որ բոլոր այդ մասնագիտական, ոչ մասնագիտական դժգոհություններն արդարացված չե՞ն:

– Հերթական անգամ ստեղծվել է իրավիճակ, որ միայն Նիկոլ Փաշինյանն է հասկանում, թե ինչ է կատարվում իրականում, ու տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք տարիներով բիզնեսով են զբաղվում, բիզնեսից ընդհանրապես չեն հասկանում, ու միայն Նիկոլ Փաշինյանն է, որ եկավ ու այս մարդկանց բացատրում է, որ լավ բիզնես անելու համար պետք է հարկերը բարձրացնել: Սա, մեղմ ասած, այլևս ծիծաղելու էլ չէ: 

Նաև՝ որպես տնտեսագետ եմ ասում, որն ուսանողների է դասավանդում, խորհուրդ եմ տալիս ուսանողներիս չլսել Նիկոլ Փաշինյանի տնտեսագիտական մեկնաբանությունները, որովհետև դրանք արդեն ուղղակի աղետ են առաջացնում տնտեսագետների համար: Ստացվում է այնպես, որ, ինչպես անվտանգային, արտաքին քաղաքական բոլոր մեղքերի, բացթողումների համար Նիկոլ Փաշինյանը անընդհատ մեղավորներ է գտնում, հիմա անցել է տնտեսության ոլորտին: 

Նիկոլ Փաշինյանի վարքագծում տնտեսական առումով որևէ բացատրություն անհնար է գտնել, իսկ քաղաքական առումով ակնհայտ է, որ հերթական չհաջողված ռեֆորմն է, ու տեսնելով քաղաքացիների, տնտեսվարողների դժգոհությունը, որոշել է հերթական մանիպուլյացիան անել: 

Վստահ եմ, սակայն, որ սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող թեմաների վերաբերյալ մարդիկ Փաշինյանի տված կտերը չեն ուտում, ու անիմաստ է քննարկել, թե գույքահարկի բարձրացումը նշանակում է, որ դուք հարստացել եք: Ամոթ է, որ նման մտքեր արտահայտում է երկրի ղեկավարը, ցավում եմ, որ նման խոսույթը հասանելի է դառնում նաև մեր միջազգային գործընկերներին, մարդկանց, որոնք նպատակ ունեն ներդրումներ կատարել Հայաստանում: 

Այս ամենն արտացոլվում է բոլոր տնտեսական ցուցանիշներով, Նիկոլ Փաշինյանը անվտանգային և արտաքին քաղաքական ոլորտները քանդելուց հետո անցել է երկրի երրորդ կարևորագույն ոլորտին՝ տնտեսությանը:

– Կարծում եք, որ այս փոփոխությունները տնտեսության համար ծանր ազդեցությո՞ւն է ունենալու:

– Ակնհայտ է, որ հասարակության շրջանում կա արդարացի դժգոհություն, քաղաքացիներն ավելի վատ են ապրում՝ անհիմն թանկացումների, եկամուտների նվազեցման պատճառով: Փոքր բիզնեսը, որը մեր երկրում ոչ միայն տնտեսության կարևորագույն մասն է կազմում, այլ նաև սոցիալական կարևոր բաղադրիչ ունի, քանի որ փոքր բիզնեսով զբաղվողները կարողանում են հիմնականում իրենց սոցիալական ծախսերը հոգալ, հիմա այդ մարդկանց նկատմամբ նման վերաբերմունքն առաջացնում է նոր խնդիրներ փոքր բիզեսի համար: Ի դեպ, այն նաև սովորական քաղաքացիների բյուջեի նախորդ տարվա էական թերակատարում գրանցեց, նման ցուցանիշ երկար տարիներ չէինք ունեցել, ինչը, բնականաբար, կփոխանցվի այս տարվան: Խնդիրները տնտեսության մեջ շղթայական են լինում, ու բացասական հետևանքը տարածվում է ողջ ոլորտի վրա, որն աստիճանաբար ավելի մեծ թափ է հավաքելու: 

– Պարո՛ն Առաքելյան, կարծում եք՝ իշխանությունը տեղի կտա՞ տնտեսվարողների բողոքին, թե, ինչպես ասել է ֆինանսների փոխնախարարը, որոշումից հետ կանգնելու խնդիր չի տեսնում, որովհետև փոփոխությունը հիմնավորված է:

– Դե, իրենց հիմնավորումները միայն իրենք են հասկանում: Տնտեսվարողների դժգոհությունը միանշանակ արդարացված է, ամբողջովին աջակցում եմ նրանց: Չեմ կարծում, թե իշխանությունը ինչ-որ փոփոխությունների կգնա, բայց տեսանելի է, որ դժգոհություն կա տարբեր թեմաների վերաբերյալ: 

Այստեղ խնդիրը ոչ թե շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումն է, հայտարարագրումը, տրանսպորտի սակագինը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետև այդ ամենը նրա իշխանավարման հետևանքներն են: 

Քանի դեռ այս իշխանությունը կա, մեր երկրում լավ չի կարող լինել, անցյալ տարի էլ չկային հարկային այս փոփոխությունները, տրանսպորտի սակագնի բարձրացումը, բայց մեր վիճակն էլի լավ չէր, հետևաբար խնդիրը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտ իշխանության հեռացումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկել տարբեր ոլորտների բարեփոխումները: Փաշինյանի թիմի հետ տնտեսական բարեփոխումներ քննարկելը, լավ ակնկալիքներ ունենալը, մեղմ ասած, ինքնախաբեություն են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am