«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Իրանում թե՛ պաշտոնական, թե՛ հասարակական մակարդակում ի՞նչ դիրքորոշումներ կան Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի վերաբերյալ:
– Իրանում արձագանքները տարբեր ինստիտուտների մակարդակով են. հայտարարություն եղավ թե՛ արտգործնախարարի, թե՛ խոսնակի կողմից, նախագահի կողմից, ունենք հայտարարություն հոգևոր առաջնորդի խորհրդականի ու նաև՝ տարբեր պատգամավորների կողմից, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարի կողմից:
Բավականին շատ կան փորձագիտական, վերլուծական անդրադարձներ, ընդհանուր, եթե ամփոփենք իրանական կողմի դիրքորոշումը, ապա այն հետևյալն է. Իրանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դեմ է արտահայտվում այն երթուղիների բացմանը, որոնք կարող են որևէ կերպ խախտել ՀՀ տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը։ Այս առումով, Իրանի արտգործնախարարի հայտարարությունն այն է, որ Իրանի այս մոտեցումը հաշվի է առնվել, ու ստորագրված փաստաթղթում պահպանվել են 2 տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, սահմանների փոփոխության անթույլատրելիության սկզբունքները:
Այսինքն՝ Իրանի դիրքորոշման մաս կազմող սկզբունքները պահպանվել են՝ ըստ ԱԳՆ հայտարարության: Թե՛ արտգործնախարարը, թե՛ նախագահը իր դիտարկումներում, նաև Փաշինյանի հետ ունեցած հարցազրույցում մատնանշել է այդ հանգամանքը, որ չպետք է թույլ տալ, որ օտարները այդ նախագիծն օգտագործեն իրենց նպատակներն առաջ տանելու ու ինչ-որ անկայունություն ստեղծելու համար:
Լիովին սպասելի էր, որ իրանական կողմից կլինի նման արձագանք, քանի որ խոսքը ԱՄՆ-ի մասին է, որը Իրանի հակառակորդն է ու ընդամենը մեկ ամիս առաջ ռմբակոծում էր Իրանի միջուկային օբյեկտները։ Բնականաբար իրենց համար առնվազն մտահոգիչ ու անցանկալի է, որ իր հակառակորդն իր անմիջական սահմանների հարևանությամբ ունենա որևէ տեսակի դերակատարում ու ազդեցության ընդլայնում:
Ընդհանուր սա է եղել, ուղղակի եղել են ձևակերպումների, դիրքորոշումների արտահայտման տարբերություններ, եթե Կառավարությունն արտահայտվել է ավելի զուսպ, չափավոր ու նույնիսկ փարատել է որոշ մտահոգություններ, ապա մյուս ինստիտուտների ներկայացուցիչները ավելի ոչ դիվանագիտական բառապաշարով են հանդես եկել ու մեկնաբանություններ տվել:
– Ստացվում է, որ Իրանը Թրամփի երթուղին որպես միջանցք չի՞ գնահատում:
– Իրանի կառավարությունն առնվազն դա չի գնահատում որպես միջանցք, նրանք հավատացած են, որ դա լինելու է տարանցիկ երթուղի, որ միջանցքի հարցը մի կողմ է դրվել, Արաղչիի խոսքն եմ մեջբերում այստեղ, այսինքն՝ Կառավարությունը հղում անելով ստորագրված փաստաթղթին ու այնտեղ տեղ գտած դրույթներին, անում է պնդումներ, որ Իրանի նկատառումները հաշվի են առնվել՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և այլն, այս հարցերի շուրջ ու միակ մտահոգությունը մնում է ԱՄՆ-ի դերակատարությունը: Բայց եթե նայում ենք այլ պաշտոնյաների դիտարկումները, քննարկումները, դրանք շատ տարբեր են, որոնցից շատերը իրականությանը չեն էլ համապատասխանում:
– Տիկի՛ն Վարդանյան, եթե այդ երթուղին գործարկվի, ապա ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում անխուսափելի է դառնալու, արդեն գործնական այդ փուլում Իրանն ի՞նչ քայլերի կարող է դիմել:
– Իրանի քաղաքականությունը միշտ միտված է եղել նրան, որ մշտապես նախազգուշացումներով, քննարկումներով խուսափել խնդրահարույց իրողություններից, բայց երբ չի ստացվում, ապա այլ քայլերի է դիմում: Այս պարագայում ևս, կարծում եմ, կփորձի այլ եղանակներով աշխատել, ինչպես, օրինակ՝ իր ներկայությունն ավելի ամրապնդել Հայաստանում, մյուս կողմից՝ նույն Արասի միջանցքի մասին են շատ շետադրում, դա Իրանն առաջ էր քաշել որպես այլընտրանք հայկական տարածքով անցնող երթուղուն, ու այս օրերին, երբ այդ քնարկումներն են ընթանում, իրանցի պաշտոնյաներն այցելում են Արասի միջանցք, ծանոթանում են շինաշխատանքներին, ընդգծում, որ դրանք պետք է արագացվեն և այլն:
Այսինքն՝ իրանական կողմը ռեալ նաև այս ուղղությամբ է փորձում ինչ-որ գործողություններ անել ու արագ ապահովել իրանական երթուղին, որպեսզի այն լինի այլընտրանք, ու, օրինակ՝ մյուսի կարիքը չլինի:
Կարծում եմ, Իրանում էլ են արդեն գիտակցում, որ անկախ իրենց երթուղու առկայությունից՝ միևնույն է, Ադրբեջանը ձգտելու է նաև Հայաստանի տարածքով երթուղի ունենալ: Իրանական կողմը այսօր փորձում է առնվազն տեղյակ լինել ընթացող գործընթացներից, իսկ որպես առավելագույն նպատակ՝ փորձել դուրս թողնել ԱՄՆ-ին այդ նախագծում մասնակցություն ունենալուց, բայց այս իրավիճակում չեմ կարծում, թե հաջողվի դուրս թողնելը, առնվազն պետք է փորձեն տեղյակ լինել, թե ի՛նչ է կատարվում ու հնարավորության դեպքում գուցե նաև առաջարկեն սեփական տարբերակները՝ իրանական կողմի հավանական ներգրավվածության առումով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















