«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը
– Պարո՛ն Խանումյան, Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի մոտավորապես 15 տոկոսով նվազեցնել պաշտպանական ծախսերը: Որոշումն արդարացված համարո՞ւմ եք:
– Ընդհանրապես Կառավարության, հատկապես վարչապետի դիրքորոշումները, երբ ինքն արտահայտվում է բանակի մասին, շատ վատ եմ գնահատում, որովհետև անընդհատ թերագնահատում է բանակի դերը անվտանգության ապահովման, պետության կայացման գործում, ինչը սխալ մոտեցում է: Ես տեսնում եմ, որ բանակի կառավարման հարցում լուրջ խնդիրներ կան, որ Կառավարությունը ձախողել է, ոչ միայն իրենք, այլ նաև վերջին 30 տարում չեն կարողանում բանակում նորմալ կառավարում ապահովել, կան բազմաթիվ խնդիրներ, ու այս անկարողությունը բերել է նրան, որ մարդկանց մեջ նիհիլիստական պատկերացումներ են ձևավորվել բանակի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, երկրի անվտանգության ու պաշտպանության ապահովման համար միակ միջոցը բանակն է: Դիվանագիտությունը կարող է օգնել դրան, տնտեսությունը՝ բնականաբար ևս, բայց դրանք չեն կարող փոխարինել բանակին, հետևաբար բանակի անընդհատ զարգացումը, պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր են: Հիմա, երբ պարտադիր զինվորական ծառայությունը փորձում են 24 ամսից դարձնել 18 ամիս, բնականաբար, մենք ունենալու ենք զինծառայողների խնդիր, թեև այդ խնդիրն այս պահին էլ ունենք, որը լրացվում է կամավորական, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, բայց դա լուծում չէ:
Բանակի համար առանցքային նշանակություն ունի պրոֆեսիոնալիզմը, իսկ այն ենթադրում է պայմանագրային զինծառայություն, դրա համար, բնականաբար, բյուջեն պետք է ավելանար, ոչ թե պակասեր, հետևաբար բյուջեի բացարձակ թվի նվազեցումը թույլ է տալիս նկատել, որ պրոֆեսիոնալիզմի գնալու միտումներ չկան ՀՀ զինված ուժերում:
– Իշխանության հիմնավորումներն առ այն, որ մենք Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության, հետևաբար պետք չէ, որ ծառայության ժամկետը երկար լինի, բյուջեն ավելանա, փաստարկված չե՞ք համարում:
– Փաստարկված կլիներ, եթե փոխադարձ լիներ, բայց եթե Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն, իսկ դու՝ կրճատում, այսինքն՝ այդ խաղաղությանը դու մենա՞կ ես գնում: Խաղաղությունը ենթադրում է Ադրբեջանի հետ, եթե Ադրբեջանը ավելացնում է բյուջեն, խոշորածավալ ռազմական գնումներ է կատարում, միլիարդավոր դոլարների ավիացիա է պատվիրում, զուգահեռ ուժեղացնում է իր ներքին ու սահմանապահ զորքերը և այլն, իսկ դու կրճատումներ ես անում, ակնհայտորեն այդ կրճատումները խաղաղության չեն բերելու:
– Պարո՛ն Խանումյան, բայց իշխանությունն ասում է, որ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո մենք այլևս խաղաղության մեջ ենք ապրում, և որ պատերազմի հավանականությունը զրոյական է:
– Լավ են անում, բայց այդ խաղաղությունը Ադրբեջանի հետ են, չէ՞, ստորագրել: Տարածաշրջանն անընդհատ եռում է, այս տարի մեր կողքին տեսանք բազմաթիվ պատերազմներ եղան՝ Սիրիայից ու Իրանից սկսած, հիմա, վաղը, եթե Հայաստանի որևէ հարևանի մոտ ինչ-որ անկայունություն ստեղծվի, ու ինչ-որ ահաբեկչական խմբավորումներ ներթափանցեն Հայաստանի տարածք, ո՞վ պետք է այդ հարցերը լուծի: Պրոֆեսիոնալ բանակը, չէ՞, պետք է այդ հարցերը լուծի, ենթադրենք, թե Ադրբեջանի հետ խաղաղ ես ապրելու, բա մնացած հարցե՞րը, ի վերջո բանակը պետական անվտանգության ու պաշտպանության ապահովման ամենազորեղ գործիքն է, եթե դու սրա վրա ներդրում չես անում, հետևողական չես լինում այդ ուղղությամբ, բնականաբար, պաշտպանությունը տուժելու է:
Մեկ ուրիշ բանի ևս ուշադրություն չեն դարձնում. մեր ռազմարդյունաբերության բյուջեն տարիներ շարունակ թերակատարվում է, այսինքն՝ որոշումներ կայացնելու վախ կա, մարդիկ կոնկրետ բյուջե ունեն, որի 80 տոկոսը չեն ծախսում, որովհետև որոշում ընդունողները վախենում են որոշում կայացնելուց, ինչի պատճառով ռազմարդյունաբերության հետ կապված տարբեր ծրագրեր կա՛մ չեն զարգանում, կա՛մ չեն դրվում լայն արտադրության ռելսերի վրա:
– Իսկ ձեր գնահատմամբ՝ այդ վախերը, իշխանության այս քաղաքականությունը բանակի վերաբերյալ ինչո՞վ են պայմանավորված:
– Ոչ կոմպետենտությամբ, պատկերացումների ու քաղաքական կամքի բացակայությամբ: Բանակի, ռազմական բարեփոխումների հետ կապված ամենաառաջին պայմանը քաղաքական կամքն է, հետո նոր գտնվում են կարողությունները: Հիմա, քաղաքական կամքը գոյություն չունի, դրա համար բանակը դարձրել են աշխատավարձ ստացողների մի ամբողջություն: Քաղաքական կամք չենք տեսնում, ընդհակառակը՝ տեսնում ենք երկրի առաջին դեմքերի բարոյալքող հայտարարություններ բանակի վերաբերյալ, այս տիպի քաղաքականություն ես տեսել եմ Արցախում, ու հետևանքներն էլ բոլորս տեսանք: Նույն ճանապարհով ու նույն բառապաշարով, ինչ գնաց Արայիկ Հարությունյանը, գնում է Նիկոլ Փաշինյանը:
– Ստացվում է, որ Հայաստանին և՞ս նույն հետևանքներն են սպասում, ինչ եղավ Արցախում, պարո՛ն Խանումյան:
– Վստահաբար, ամբողջ տարածաշրջանը եռում է, միջազգային իրավունքը չի գործում, ինչպես տեսնում ենք, ով ում ուզում՝ ցեղասպանում է ու ոչնչացնում, իսկ այս պարագայում բանակի դերը նսեմացնելն ու արհամարհելը, այդ ուղղությամբ չաշխատելը, քաղաքական կամք չդրսևորելը, բնականաբար, բերելու են ծանրագույն հետևանքներ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















