Փաշինյանի պապթագավորյան արշավանքներին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին չի ենթարկվելու. Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր, Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, օրերս իրավապահները բերման ենթարկեցին ավելի քան մեկ տասնյակ քահանաների և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին, որը հետագայում կալանավորվեց երկու ամսով։ Շատ են կարծիքները, որ տեղի ունեցածը իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ սկսված գործընթացի շարունակությունն է։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

– Սա Նիկոլ Փաշինյանի սևեռուն նպատակի՝ Չորրորդ հանրապետություն ստեղծելու ճանապարհի կարևորագույն քայլերից մեկն է: Այս ճանապարհով նա հասնելու է նրան, որ պառակտելու է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որովհետև իրենք չեն ենթարկվելու Նիկոլ Փաշինյանի պապթագավորյան արշավանքներին, հետևաբար չեն ենթարկվելու նրա նշանակած կաթողիկոսին, ու եկեղեցին պառակտվելու է, այսինքն՝ Հայաստանն էլ ավելի է պարփակվելու իր մեջ, ու Չորրորդ հանրապետության ստեղծման կոնտեքստում շատ համահունչ է այն, ինչ կատարվում է: 

Այսինքն՝ եթե նա փոխի կաթողիկոսին, դա բերելու է Եկեղեցու պառակտմանը, որովհետև եկեղեցականները չեն ենթարկվելու այդ կաթողիկոսին, իրենք էլ կունենան իրենց կաթողիկոսությունը, լավագույն դեպքում՝ կմիանան Կիլիկիո Մեծի տանն կաթողիկոսությանը, վատագույն դեպքում՝ կստեղծեն իրենցը, ինչը բերելու է հայ ազգի պառակտմանը: 

– Ոմանք կարծիք են հայտնում, որ տեղի ունեցող գործընթացները կարող են լինել արտաքին ազդեցությունների՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից թելադրված պահանջների արդյունք։ Համակարծի՞ք եք այդ տեսակետի հետ։

– Կարևոր չէ դա, կարևորն այն է, որ կատարվածի հետևանքը նույնն է, ինչ ցանկանում է Ադրբեջանը: Ոչ մեկը դեմ չէ, որ ցանկացած կառույցում օրենք խախտած անձը պատասխան տա, բայց այս կապիկությունները՝ մի քանի դոլար նկարել, ռուսական մեդալներ նկարել, ֆոն ստեղծել, թե նման իրավիճակ է, բոլորը կապիկություններ են: Հոգևորականները դժվար թե այնքան միամիտ լինեն, որ լավ իմանալով, որ Եկեղեցու դեմ արշավ կա, նման խոցելի բաներ անեն, հետևաբար դա կապիկություն է: Կրկնում եմ՝ ոչ մեկը դեմ չէ, որ օրենք խախտած անձը պատժվի, բայց, ցավոք սրտի, այստեղ ուրիշ բան է գնում:

– Պարո՛ն Աղազարյան, ստացվում է՝ համաձա՞յն չեք իշխանականների պնդումներին, թե սքեմավոր որոշ մարդիկ գործում են պետության դեմ, դրա համար էլ պետք է պատասխան տան:

– Կարող է նաև ոչ սքեմավոր բարձրաստիճան պաշտոնյաներ և՞ս գործում են պետության դեմ, ես չեմ հակառակվի, բայց այդ ամենը պետք է կարգավորվի օրենքի շրջանակներում:

– Իշխանությունը վստահեցնում է, թե հենց դա էլ անում են:

– Ինչ արեցին Միքայել Սրբազանի հետ՝ կապիկություն էր, ինչ անում են Բագրատ Գալստանյանի հետ կապված՝ ևս կապիկություն է, որովհետև այդ մակարդակի մարդը չի կարող նման բան կազմակերպել: Դա կապիկություն է, ոչ թե օրինականություն: Եվրոպացիներն են, որ թփթփացնում են Փաշինյանի ուսին ու ասում, որ ամեն բան լավ ես անում, այդպես թփթփացնելով էլ Արցախում խաղաղություն հաստատեցին, տեսեք՝ ինչքան ժամանակ է այնտեղ կրակոց չկա, խաղաղ է, գուցե այս տարածաշրջանում էլ նման ձևով խաղաղություն հաստատեն՝ Հայաստանը վերացնելով:

– Ձեր գնահատմամբ՝ հաջողվելո՞ւ է Եկեղեցին պառակտել: 

– Հուսամ, որ չի հաջողվի, բայց Փաշինյանն ամեն ինչ անելու է: Հոգևորականները, անկախ ամեն ինչից, պետք է կուռ լինեն ու ամուր կանգնեն իրենց դիրքերում, այս խաչը պետք է տանեն: Հոգևորականները պարտավոր են դիմակայել, եթե չէ, ապա իմ բացասական վերաբերմունքը նրանց նկատմամբ բազմապատկվելու է:

– Մինչև այս պահը լավ դիմակայո՞ւմ են, Եկեղեցու արձագանքն ինչպե՞ս եք գնահատում:

– Նորմալ եմ գնահատում, շատ սառնասիրտ, հավասարակշռված է: Երբ որ դու ուզում ես լինել դու, ապա պետք է պատրաստ լինես դրա համար վճարել, կվճարես ազատությամբ թե այլ բանով՝ արդեն այլ հարց է: Եթե ուզում ես լինել դու քո արժեհամակարգով, քո կերտվածքով ու մտածողությամբ, ապա դա շատ թանկ բան է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am