«Ոչ թե կառավարության նիստ, այլ բիսեդկի ընկերական խոսակցություն». նախագահի քննադատության շուրջ

«Ոչ թե կառավարության նիստ, այլ բիսեդկի ընկերական խոսակցություն». նախագահի  քննադատության շուրջ
«Ոչ թե կառավարության նիստ, այլ բիսեդկի ընկերական խոսակցություն». նախագահի քննադատության շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ շաբաթօրյա ասնպասելի քննադատությունն առ կառավարություն մնում է ամենաքննարկվող եւ մեկնաբանվող թեմաներից մեկը, իսկ քաղաքական տեխնոլոգները շարունակում են պնդել, որ տեղի ունեցածը արվել է PR նպատակներով:
Կոռուպցիա, վատ կառավարվող ենթակառուցվածքներ, կառավարության բացասական աշխատանք…
Եթե սոցիալական ցանցերում, նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը որոշ մարդկանց մոտ ստեղծել են այն կարծիքը, որ նախագահը փորձում է ամեն ինչ իր ձեռքը հավաքել, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի համոզմամբ քննադատությունը վստահություն չի ներշնչում:

Նա նշում է, որ եթե նախագահի մոտ ցանկություն կար, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա նա չէր կարող Ազգային Ժողովի նախընտրական ցուցակում մեծամասամբ ներկայանալ կոռուպցիայի հետ սերտ կապեր ունեցող գործիչներով այն դեպքում, երբ «նրանցից շատերն անցան խորհրդարան»:

«Կոռուպցիայի դեմ պայքարողը կառավարությունից կհեռացներ բիզնես շահեր ներկայացնող մարդկանց: Եւ նախարարություններում, եւ բանակում, եւ դատական համակարգում այսօր կոռուպցիոն դրսեւորումներ կան, եւ եթե դրանք դեռ չեն վերացել այս խորհրդակցությունը պարզապես PR շոու էր»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Նա բացասաբար է գնահատում նաեւ խորհրդակցության ընթացքում նախագահի դիմելաձեը վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին. Վարչապետին`Տիգրան, Առողջապահության նախարարին`Դերո :

«Անկախ նրանից պաշտոնատար անձիք ընկերներ են, թե ոչ, նրանք նման հանդիպումների ժամանակ պետք է պահպանեն հրապարակային արձանագրային ձեը: Պաշտոնական դիմելաձեւ կա, նախագահը պետք է դիմեր պարոն վարչապետ, կամ պարոն նախարար կառավարության ներկայացուցիչներին կամ կարող էր դիմել ազգանունով, այլ ոչ թե անունով: Սա նաեւ պրոտոկոլի խախտում էր, որը չպետք է թույլ տան բարձրադիր իշխանության անձիք, մանավանդ այն դեպքում, երբ հեռուստատեսությամբ սա հեռարձակվում է, այսինքն հրապարակային է: Իսկ այսպես, սա ոչ թե կառավարության նիստ էր, այլ բիսեդկի մի ընկերական խոսակցություն»,-ասում է Բադալյանը:

Ամեն դեպքում, ի տարբերություն շատերի, Բադալյանը նախագահի խիստ կեցվածքը ու ընդդիմադիր քննադատությունները նախագահական ընտրությունների հետ չի կապում, քանի որ դեռ «վաղ է դրա համար»:

«Սակայն այս խորհդակցությունը ոչ մի դրական արդյունք չի տա, հակառակը կարժանանա միայն քննադատությունների»,-ասում է նա:

«Նախագահը իր առջեւ դրել էր նպատակ ցույց տալու, որ ուզում է վերացնել կոռուպցիան: Նա խոսում է «ատկատների» մասին, բայց ի՞նչու չէր խոսում այդ ամենի մասին կառավարության ձեւավորումից առաջ, այլ խոսում է կառավարության ձեւավորումից երկար ամիսներ անց: Իսկ եթե նա նպատակ ուներ կադրային փոփոխություներ կատարելու, ապա դրա համար անհրաժեշտություն չկա խորհրդակցություն հրավիրելու»,-հավելում է Բադալյանը:

Ի հակադրություն քաղաքական փորձագետի՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշում է, որ նախագահի քննադատական ելույթն իր մեջ որեւէ արտառոց բան չի պարունակում եւ միանգամայն տրամաբանական է:

«Այն տեսակետը, թե նախագահը 4- 5 տարի անց է նման քննադատությամբ հանդես գալիս, ասեմ, չի համապատասխանում իրականությանը: Սերժ Սարգսյանը այս 5 տարիների ընթացքում մշտապես եւ համագումարների ժամանակ, եւ հրապակայնորեն բարձրաձայնել է արդարադատությանը, դատաիրավական համակարգին, ոստիկանությանը, մաքսային, հարկային վարչարարությանը, խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը, կոռուպցիայի եւ այլ խնդիրների մասին»,-«Մեդիալաբին» ասում է Շարմազանովը:

Շարմազանովը նշում է, թե այն կարծիքները, թե տեղի ունեցածը զուտ PR ակցիա է, միանգամայն սխալ ընկալման հետեւանք է:

«Սերժ Սարգսյանը վարկանիշի խնդիր չունի: Սերժ Սարգսյանի վարկանիշին ի՞նչ է եղել, որ նա այդ քննադատությամբ ուզենա բարձրացնել, ես կարող եմ նույնիսկ ասել, որ ըստ սոցիոլոգիական հարցումների նրա վարկանիշը որպես կուսակցության ղեկավար ավելի բարձր է, քան հանրապետական կուսակցության վարկանիշը»,-հավելում է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ՀՀ կառավարությունում խորհրդակցություն հրավիրելով, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահը իր դժգոհությունն է հայտնել կառավարության գործունեության մասին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ եւ կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայի վերահսկողություն եւ այլն, խնդիրներ կան կապված եւ՛ գնումների, եւ՛ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ:

«Կառավարության աշխատանքը ես շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական»,-ասել է նախագահը:

«Տիգրան, մենք 4 տարի ա խոսում ենք քեզ հետ էս թեմաներով, 4 տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են, գնում են, 6 ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո լավ կլինի, գոնե էդ տեխնիկակակն խնդիրները կարող ե՞նք լուծել, կանոնակարգերը կարող ե՞նք գրել, հետո գնալու են էն մարդկանց հետեւից, ովքեր ատկատներ են վերցնում, գնալու են էն մարդկանց հետեւից, ովքեր այսպես ասած մատակարարներից պարտքեր են վերցնում,գնալու են էն մարդկանց հետեւից, ովքեր իրենց քեռու տղային են բերում տենդերում հաղթեցնում չգիտեմ կրկնակի ավել գներով»,-վարչապետ Սարգսյանին զայրացած դիմել է նախագահ Սարգսյանը:

© Medialab.am