Խաղաղության մասին խոսում են միայն Հայաստանի իշխանությունները, ու այդ խոսքերն ուղղված են Հայաստանի հասարակությանը. Հրաչյա Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը

– Պարո՛ն Արզումանյան, Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրումը Հայաստան իշխանության ներկայացուցիչները համարեցին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առարկայական արդյունք: Ձեր գնահատմամբ՝ օգոստոսից հետո ի՞նչ շոշափելի առաջընթաց ունենք խաղաղության գործընթացում:

– Օգոստոսի 8-ից այս կողմ ունենք Թրամփի խոսքերն ու ստորագրությունը, որ կիրականացվի TRIPP-ի նախագիծը, բացի սրանից՝ մենք ոչինչ չունենք: Մենք չունենք խաղաղություն, մենք ունենք հրադադար, մենք ունենք թշնամիներ, որոնք մեծացնում են իրենց ռազմական պոտենցիալը, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, սպառնում է, անկլավներն է պահանջում, խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին և այլն: Խաղաղության մասին խոսում են միայն Հայաստանի իշխանությունները, ու այդ խոսքերն ուղղված են Հայաստանի հասարակությանը, որպեսզի նրանց համոզեն, որ խաղաղություն է, որովհետև այդ խաղաղությունը նրանք սարքել են նախընտրական լոզունգ, որի հիման վրա էլ ուզում են պահել իշխանությունը: 

Իրականությունը սա է, չկա առարկայական որևէ քայլ, որը ցույց կտա, թե խաղաղություն է: Ունենք Թրամփի ցանկությունը՝ խոսել խաղաղության մասին, ունենք երկու փոքր պետություն, որոնք պարտավոր են համաձայնել Թրամփի ցանկության հետ, որովհետև այդքան հզոր չեն, որ հակադրվեն:

– Ադրբեջանի տարածքով բեռի ներկրումը Հայաստան ի՞նչ է, եթե խաղաղությանը միտված քայլ չէ: 

– Դա խաղաղության քայլ չէ, ընդամենը երկու ավտորիտար ղեկավար՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները, եկել են եզրակացության, որ լավ կլինի Ղազախստանից Ռուսաստանի՝ Ադրբեջանի տարածքով, ցորեն հասնի Հայաստան: Դրա տակ չկա ոչ մի համաձայնություն, ոչ մի երաշխիք, դա ուղղակի ցանկություն է: Այսօր ավտորիտարներն այդպես են ուզում, իսկ վաղը կարող են նորից փակել այդ ճանապարհը: 

– Այսինքն՝ դա չի՞ ենթադրում, որ սկսվել է կոմունիկացիաների բացում:

– Կոմունիկացիաները բացվել են դեպի եվրասիական շուկաներ, դեպի եվրոպական, Մերձավոր Արևելքի շուկաներ, Թուրքիայի սահմաններն ու ճանապարհները մնում են փակ, ու բացումը կախված է ավտորիտար ղեկավարների խոսքից, այդտեղ չկա որևէ մեծ պետական պայմանավորվածություն և այլն: 

– Պարո՛ն Արզումանյան, նախընտրական փուլերում հաճախ շրջանառվում են տարբեր քաղաքական թեզեր։ Ինչպե՞ս եք գնահատում այն պնդումը, ըստ որի՝ եթե ներկայիս իշխանությունը չպահպանի ղեկավար դիրքը, ապա խաղաղության գործընթացը կխաթարվի։

– Այո՛, բայց ես նորից եմ կրկնում՝ խաղաղություն չկա, այդ խոսույթով հասարակությանը զոմբիացնում են, թուլացնում են, ներշնչում են, որ խաղաղություն է: Բայց այս ամենով իշխանություններն ու այն ուժային կենտրոնները, որոնք ցանկանում են, որ Հայաստանը մնա թույլ ու խոցելի լինի, հնարավորություն չեն տալիս իրական խաղաղություն կառուցել: Եթե դու պատրաստվում ես խաղաղության, ապա պարտավոր ես պատրաստվել պատերազմի, այլ ոչ թե հասարակությանը ներշնչել, թե կա խաղաղություն: Չկան լայնածավալ ռազմական գործողություններ, բայց շարունակվում է տեղեկատվական, հոգեբանական հիբրիդային պատերազմը, Հայաստանի հասարակության դեմ լայնածավալ հարձակում է, եթե դու հիբրիդային պատերազմի մասնագետ ես, ապա դա պարզ նկատելի է:

– Ադրբեջանական կո՞ղմն է կիրառում:

– Ադրբեջանի մեթոդներն են, Ռուսաստանինը, Թուրքիայինը, Իսրայելի մեթոդներն են երևում, եթե դուք աշխատում եք այդ ոլորտում, ապա տեսանելի է այդ ամենը: Ինչպես 20 թվականին մենք ունեցանք Հայաստանի դեմ ուժային հարձակում, նույն ձևով հիմա է հարձակում տեղի ունենում, որտեղ մի քանի ուժային կենտրոններ աշխատում են Հայաստանի հասարակության դեմ, իսկ դա բնավ խաղաղություն չէ:

– Պարո՛ն Արզումանյան, իսկ դա ինչպե՞ս է դրսևորվում հիմա:

– Դա շատ նուրբ ու դժվար թեմա է, ու ես չեմ ուզում խորանալ, թե դա ինչպես է կիրառվում, բայց կասեմ, որ Հայաստանում չկան ձևավորված պետական հաստատություններ, որոնք կպատրաստեն հասարակությանը ու կվարեն նման պատերազմներ: Կան ինչ-որ թիմեր, որ անում են դա, բայց պետական համակարգ՝ որպես այդպիսին, մենք չունենք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am