«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, օրեր առաջ տարածվեց TRIPP նախագծի կենսագործման շրջանակի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես նշված է, որ TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։ Ելնելով հայտարարությունից ու ՀՀ արտգործնախարարի պարզաբանումներից՝ ինչպե՞ս կգնահատեք այս գործընթացը, ի՞նչ է շահելու Հայաստանն այս նախագծի իրագործումից:
– Ինչպես սկզբում, այնպես էլ հիմա՝ հայտարարությունից հետո, ես բացասական եմ գնահատում գործընթացը, այս նախագիծը Հայաստանին պարտադրվում է ուժով, Թրամփի միջնորդությունը մի փոքր մեղմացնում է իրավիճակը, բայց իրականում ոչինչ չի փոխում, քանի որ այս նախագիծը իր բովանդակությամբ նույն միջանցքն է, ինչի մասին տևական ժամանակ խոսում է թուրք-ադրբեջանական տանդեմը:
Սա ինքնիշխանության լրջագույն կորուստ է՝ հատկապես Մեղրու, առհասարակ Հայաստանի տարածքի նկատմամբ, սա ստեղծում է բազմաթիվ ռազմական ռիսկեր Հայաստանի նկատմամբ, ու դա չի մոտեցնում Հայաստանին Թուրքիայի հետ սահմանի բացմանը, ընդհակառակը՝ հեռացնում է: Հեռացնում է, որովհետև հիմա Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է Կարս-Իգդիր-Նախիջևան ու հետագայում դեպի Մեղրի երկաթգիծ կառուցելուն, ու ըստ այդմ արդեն Կարս-Գյումրի երկաթգիծը հետագայում չի էլ բացելու:
Պետք է հասկանալ, որ սա ուժով պարտադրված նախագիծ է, որը Թուրքիան ու Ադրբեջանը պարտադրել են Հայաստանին, իսկ ԱՄՆ-ն ընդամենը հանդես է գալիս միջնորդի դերում, որպեսզի մեջտեղում ինչ-ինչ աշխարհաքաղաքական օգուտներ քաղի:
Այս ամենից զատ՝ արդեն իսկ կան Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում լրջագույն վտանգներ: Հետևաբար, ես այստեղ ոչ մի դրական բան չեմ տեսնում, ճիշտ է, խոսում են, որ Հայաստանը տեխոլոգիա է ստանալու, բեռներ են տեղափոխվելու Հայաստանի տարածքով, բայց Ադրբեջանը հստակ հայտարարել է, իսկ Ադրբեջանն այստեղ թելադրող կողմն է, որ ադրբեջանական բեռները չպետք է ստուգվեն և չեն հարկվելու, իսկ այս պարագայում ստացվում է, որ ինչքան շատ ադրբեջանական, թուրքական բեռներ անցնեն Հայաստանի տարածքով այնքան ավելի վատ է, այլ ոչ թե լավ:
– Բայց ՀՀ արտգործնախարարը նշեց, թե դա միայն Ադրբեջանի համար չի արվում, այլ Հայաստանը կողմ է, որ բեռների անխոչընդոտ ու արագ փոխադրում իրականացվի, հետևաբար ամեն բան միտված է ավելի պարզեցված ընթացակարգ ունենալուն: Ի՞նչն է այստեղ խնդիրը:
– Դե այս նախարարությունը խնդիր չտեսավ նաև Արցախի հայաթափման մեջ: Այդ ամենը բառակապակցություններ են, որոնք հողի վրա որևէ արժեք չունեն, փաստացի այս իշխանությունները չեն կարողանում երկրի ինքնիշխանությունն ապահովել:
– Ստացվում է, որ չնայած համատեղ հայտարարությանը, չնայած Արարատ Միրզոյանի պնդումներին, դուք շարունակում եք պնդել, որ այս նախագիծը ՀՀ ինքնիշխանությանն ու անվտանգությանը սպառնացող վտա՞նգ է:
– Այս նախագիծը միանշանակ հակահայկական է, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Ինչ վերաբերում է նախարարության պնդումներին. Թրամփը անցած տարվա օգոստոսի 8-ի հայտարարությունից օրեր անց ասաց, որ եթե ինչ-որ խնդիր լինի, ապա կողմերը կարող են զանգել իրեն: Ձեր կարծիքով՝ սա հանդիսանում է անվտանգության երաշխի՞ք, անվտանգության երաշխիքները պետք է արձանագրվեն միջազգային իրավական նորմերին համապատասխան, ի՞նչ միջոցներ, ձևաչափեր են ստեղծվում, որպեսզի Հայաստանի անվտանգությունը ապահովվի: Հազար անգամ կարելի է գրել ինքնիշխանություն, ընդ որում ասեմ, որ եթե իսկապես չլիներ ինքնիշխանության խնդիր, ապա այդ մասին հիշատակում ընդհանրապես չէր էլ լինի:
Տարածված հայտարարությունն ունի միայն քարոզչական բնույթ և միտված է, որ Փաշինյանը այդ նախագծի իրագործումը կարողանա անցկացնել Հայաստանում, որովհետև այս գործընթացում միակ խնդիրը Հայաստանն է, Ադրբեջանում որևէ առարկություն չկա այս մասով, իսկ այստեղ արդեն հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանին ձեռնտու Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք անցկացնելը, ինչո՞ւ է 49 տարով ԱՄՆ-ին հնարավորություն տրվում վարձել ՀՀ տարածքը:
Մենք գործ ունենք Հայաստանի ինքնիշխանության լրջագույն կորստի հետ, ու այս նախագիծը Արցախի կորստին գրեթե համարժեք կորուստ է, եթե ոչ ավելի, որովհետև մենք այստեղ կորցնում ենք Հայաստանի համար ամենաբարձր ռազմավարական նշանակության կետը՝ Մեղրին, առանց որևէ փոխհատուցման, այսինքն՝ մենք միայն կորցնում ենք, ես չեմ էլ ուզում անդրադառնալ այդ տոկոսային տվյալներին անգամ:
– Տնտեսական օգուտներ, որոնց մասին խոսվում է, և՞ս Հայաստանը չի ստանալու, պարո՛ն Միքայելյան:
– Ի՞նչ տնտեսական օգուտ կարող է լինել այդտեղ, կարո՞ղ եք ասել:
– Վարչապետն ասում է, թե մենք՝ Հայաստանը, դառնալու է տարբեր երկրները կապող մեծ մայրուղի, որ տնտեսական ակտիվություն է ապահովվելու, որ տարածաշրջան միլիարդներ են հոսելու:
– Այդ ամենին մի շատ պարզ ու կենցաղային օրինակով պատասխանեմ. պատկերացրեք, որ ձեր տան մոտ՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա, ստեղծվում է մի մայրուղի, որով օրական անցնում է մեկ միլիոն մեքենա, ձեզ դրանից ի՞նչ օգուտ: Դրանք ընդամենը հայտարարություններ են, որոնք ընդամենը միտված են թաքցնելու Հայաստանի ինքնիշխանության լրջագույն կորուստը, ու միանշանակ այս նախագիծը Հայաստանի համար կործանարար է: Ասեմ ավելին՝ 20 թվականի ու հետագա բոլոր պատերազմները միտված էին հենց այս նախագծի իրականացմանը, սա «Զանգեզուրի միջանցքի» ռեբրենդինգն է՝ ոչ ավել բան, որը, կրկնում եմ, Հայաստանի համար որևէ դրական բան չի պարունակում:
Քրիստինե Աղաբեկյան

















