Բանակի 34-ամյակի ուղերձում իշխանությունը խոսեց միլիոնների, վարձատրությունների ու սպառազինության ձեռքբերման մասին։ Բայց ՀՀ վարչապետի խոսքում բացակայում էին ամենակարևորը՝ մարդը, մարդու կյանքը, զինվորի արժանապատվությունը։ Պատերազմների դասերը, սխալները, անցյալը վերլուծելը շարունակում է մնալ քաղաքական տաբու, և, ցավոք, բանակի ապագան կառուցվում է հենց այս լռության մեջ։
Այսօր Հայաստանի Հանրապետության բանակը 34 տարեկան է։ Տարիք, որը մարդու կյանքում համարվում է հասունության շեմ․ այն պահը, երբ անցյալի վերաբերյալ արդեն ոչ թե արդարացումներ գտնելու, այլ դասեր քաղելու ժամանակն է։ Բայց արդյո՞ք մենք բանակի մասին խոսելիս օգտագործում ենք հասուն գիտակցություն և լեզու։
Բանակի մասին խոսելիս Հայաստանում հաճախ գերակշռում է կամ պաթոսը, կամ՝ լռությունը։ Առաջինը՝ քննադատությունը դավաճանության պիտակով փակելու համար, երկրորդը՝ խնդիրներին չնայելու հարմարավետությունից ելնելով։ Բայց բանակը սրբապատկեր չէ, որին նայեն միայն խոնարհումով։ Բանակը ինստիտուտ է, և ինստիտուտները կամ զարգանում են, կամ ՝ ոչ։
34 տարին բավարար ժամանակ է հասկանալու համար, որ բանակը չի կարող գոյատևել միայն հերոսության հիշողությամբ։ Հիշողությունը կարևոր է, բայց անվտանգությունը կառուցվում է համակարգային փոփոխություններով։ Մենք շատ բան ենք սովորել պատերազմի գնով, բայց քիչ բան ենք փոխել համակարգի ներսում։
Այս ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրվա ուղերձը կառուցված էր հաշվետվության տրամաբանությամբ՝ վարձատրություններ, միլիոններ, կամավոր ատեստավորում, ժամանակակից սպառազինություն։ Թվերը տպավորիչ են, և, անկասկած, ֆինանսական ապահովվածությունն ու տեխնիկական արդիականացումը կարևոր են։ Բայց այդ ամբողջ ուղերձում բացակայում էր գլխավորը՝ մարդը։
Բանակը ներկայացվում էր որպես լավ վճարվող, տեխնիկապես հագեցած համակարգ, բայց ոչ որպես միջավայր, որտեղ զինծառայողը ծառայում է արժանապատիվ, պաշտպանված իր իրավունքներով, ազատագրված նվաստացումից և ոչ կանոնադրական հարաբերություններից։
700 հազար դրամ ստացող շարքայինը կամ միլիոններ ստացող սպան մարդ է, ոչ թե պարզապես վարձատրվող միավոր։ Եվ եթե այդ մարդը շարունակում է ծառայել համակարգում, որտեղ արժանապատվությունը հաճախ խաթարվում է, իսկ իրավունքը մնում է ձևական, ապա բարձր աշխատավարձը դառնում է ոչ թե բարեփոխում, այլ փոխհատուցում՝ լռության դիմաց։
Բանակի մասին խոսելիս իշխանությունը նախընտրում է ապագայի լեզուն՝ վարձավճարներ, սպառազինության ձեռքբերում, թանկարժեք տեխնիկա։ Բայց բանակը չի կարող բարեփոխվել, եթե նրա անցյալը մնում է չվերլուծված։ Վերջին տարիներին Հայաստանում փաստացի ձևավորվել է վտանգավոր մի պրակտիկա՝ պատերազմների մասին խոսել առանց դրանց քաղաքական և համակարգային գնահատականը տալու։
44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ Ազգային ժողովում կազմված զեկույցը այդպես էլ չմտավ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։ Այն չհանրայնացվեց, չդարձավ հանրային քննարկման առարկա։
Պատերազմ, որը խլեց հազարավոր կյանքեր, փոխեց պետության անվտանգային ճարտարապետությունը, մնաց առանց լիարժեք քաղաքական գնահատականի խորհրդարանական հարթակում։ Սա ոչ միայն հիշողության, այլ նաև անվտանգության խնդիր է։
Նույն լռությունը տարիներ շարունակ ուղեկցեց նաև 2016 թվականի քառօրյա պատերազմին։ Չեղան խորքային քննարկումներ, չկատարվեց բաց և հանրային վերլուծություն՝ ինչու համակարգը ձախողվեց, ինչ պատասխանատվության հարցեր կան, ինչ դասեր պետք է քաղվեին։ Այդ չտրված հարցերի հետևանքները մենք տեսանք տարիներ անց՝ արդեն շատ ավելի մեծ գնով։
Այսօր ՀՀ վարչապետն իր ուղերձում նշում է․ «Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք»,- շեշեշտում է Նիկոլ Փաշինյանը, բայց նաև խուսափում խոցելի անցյալի մասին քննարկումներից։
Հնարավոր չէ խոսել պաշտպանունակության աճի մասին, երբ պատերազմների պատճառներն ու կառավարման ձախողումները մնում են քաղաքական տաբու։ Չի կարելի կառուցել ապագայի բանակ, եթե պետությունը խուսափում է պատասխան տալ անցյալի համար։
ՀՀ վարչապետը նաև ընդգծում է, որ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Սակայն 34 տարվա ընթացքում բանակը ձևավորվել է պատերազմի պայմաններում, և այդ պատերազմական տրամաբանությունը այդպես էլ չի վերանայվել խաղաղ ժամանակի համար։
Պարտադիր ծառայությունը շարունակում է խոչընդոտել կրթության իրավունքը, մասնագիտական զարգացումը, սոցիալական կայացումը։ Ծառայությունը շարունակում է ընկալվել որպես կյանքի դադար, ոչ թե կյանքի բաղկացուցիչ մաս։
Մինչդեռ աշխարհի առաջատար բանակներում վաղուց հասկացել են՝ ուժեղ բանակը չի կառուցվում մարդու կյանքի հաշվին։ Ծառայության մոդելները ճկուն են, տարիքային շեմերը՝ վերանայված, կրթությունն ու ծառայությունը՝ համատեղելի։ Զինվորն այնտեղ չի կորչում համակարգի մեջ, այլ զարգանում է դրա ներսում։ Հայաստանում, սակայն, դեռ գերիշխում է հնացած տրամաբանությունը, ասել է թե՝ թող ծառայի, հետո կապրի։
Վարչապետի ուղերձում հնչեց նաև կարևոր հարց․ ինչո՞ւ այս ամենը չի արվել նախորդ տարիներին։ Բայց նույնքան արդար է նաև հնչեցնել մեկ այլ հարց, ինչո՞ւ այսօր, երբ խոսվում է բարեփոխումներից, այդ բարեփոխումների կենտրոնում դեռ մարդը չկա, բացակայում է։
Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները շարունակում են մնալ լռեցված, չվերլուծված։ Տասնամյակներ շարունակ դրանք փորձել են ներկայացնել որպես կենցաղային վեճեր, առանձին դեպքեր կամ համեմատել դրսում, քաղաքացիական կյանքում գրանցվող դեպքերի հետ, ինչն անընդունելի է։ Բայց իրականում դրանք համակարգային ձախողման ցուցիչ են։ Ոչ կանոնադրական հարաբերությունները ոչ միայն խախտում են մարդու արժանապատվությունը, այլ նաև քայքայում են մարտունակությունը, վստահությունը, հրամանատարական ինստիտուտը։
Ուժեղ բանակը վախի վրա չի կառուցվում։ Այն կառուցվում է վստահության, կարգապահության և պատասխանատվության վրա։ Այնտեղ, որտեղ զինվորն ավելի շատ վախենում է իր ծառայակցից, քան հակառակորդից, բանակը արդեն բարոյալքվում է։
Բանակի բարեփոխումը չի կարող սահմանափակվել աշխատավարձի բարձրացմամբ, տեխնիկայի կամ շենքերի արդիականացմամբ։ Այն պետք է սկսվի մարդու ընկալման փոփոխությունից։ Զինծառայողը պետք է լինի պաշտպանված ոչ միայն արտաքին վտանգից, այլ նաև համակարգի ներսում։
Այսօր բանակի տարեդարձն է։ Եվ գուցե սա ամենահարմար օրն է ոչ միայն շնորհավորելու, այլև հարց տալու, թե ինչպիսի՞ բանակ ենք ուզում ունենալ հաջորդ 34 տարիներին։
Եթե ուզում ենք անվտանգ պետություն, պետք է համարձակ լինենք ասել՝ բանակը ռեֆորմի կարիք ունի։ Ոչ թե վաղը, ոչ թե հերթական ճգնաժամից հետո, այլ հիմա։ Եվ, ի վերջո, պետք է քաջություն ունենանք և չվախենանք տեսնել նաև մեր սխալները։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

