«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն և ձայնագրություն էր հրապարակել՝ կապված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող, հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված անձանց կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու դեպքի հետ։ Կային նաև բերման ենթարկվածներ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։
– Բնականաբար, ընտրակաշառք տալ, ընտրակաշառք վերցնելը խստորեն պատժելի արարք են, բայց, ինչպես տեսնում ենք, այն մարդիկ, այն ուժերը, որոնք ծվարած են այդ նույն կուսակցության, դաշինքի ներքո, միշտ են հակված եղել ընտրակաշառքով քվե ստանալուն, հետևաբար իրենցից սպասելի էր նման բան: Անմեղության կանխավարկածը իհարկե չխախտելով, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ բավականին շատ են արդեն դեպքերը, նաև ձայնագրություններն է հասարակությունը լսում, թե ինչպես են այս ուժերը դիմում ժողովրդին, ինչպես են խոսում ու ինչ արտահայտություններ են թույլ տալիս: Այս ամենը շատ տհաճ է ու առավել տհաճ է, որ կանայք են առաջնագծում ու ընտրակաշառք բաժանողների դերում են: Ես իհարկե ցավում եմ այս պատկերի համար, բայց տեսանելի է, որ «ուժեղ» տղաները թաքնված են կանանց հետևում, որոնք այս պարագայում ավելի խոցելի են:
Միշտ էլ կարելի է ինչ-որ անձանց տալ արտոնություններ, ինչպես մեկ տարի առաջ վեղարի տակ թաքնված անձինք իրենց թույլ էին տալիս ահաբեկչություն պլանավորել, բայց ասում էին, դե գիտեք՝ սրբազան է և այլն, բայց օրենքի առաջ բոլորը հավասար են: Նույնը եղավ օրերս, երբ վարչապետի վրա ձեռք բարձրացնելու փորձ արած երիտասարդին էին փորձում արդարացնել հանրության աչքում: Ես իրապես ցավում եմ այդ տղայի համար, բայց արարքն իհարկե դատապարտելի էր, ու օրենքի առաջ բոլորը հավասար են ու պատասխանատու են՝ անկախ կարգավիճակից:
– Հիշեցիք Բագրատ Սրբազանի գործը, այ դա հաշվի առնելով, ոմանք արժանահավատ չեն համարում այն ձայնագրությունների հանրայնացումը, որ այս օրերին արվում է, քանի որ, ըստ նրանց, եթե Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ մոնտաժված ձայնագրություն կարող էր հրապարակվել, ապա ի՞նչն է խանգարում, որ այս պարագայում էլ նույնը լինի:
– Յուրաքանչյուրը դիմացինին իր արշինով է չափում, այս դեպքում, ովքեր այդ մասին խոսում են, ինչպես տեսնում եք, արհեստական բանականությունից բացի ուրիշ տեխնոլոգիա չեն կիրառում հանրության հետ շփվելու համար: Իրենց հղումը սխալ է, այս ձայնագրությունները, ինչպես և Բագրատինը իրական են: Ես չեմ կարող ասել, արդյոք այդտեղ կա՞ն կտրած հատվածներ, թե ոչ, բայց խոսքը հստակ էր, ու դա ոչ մեկը չի հերքել: Հետևաբար, թող նման բան չասեն, ես իհարկե արժանահավատ համարում եմ հրապարակված ձայնագրությունները: Իրենք տալիս են ընտրակաշառք, որովհետև ուժեղ չեն ու չունեն ՀՀ քաղաքացու աջակցությունը, ու ես զարմանում եմ, թե սրանից հետո ինչպե՛ս են առհասարակ կիրառում «ուժեղ» բառը:
– Տիկի՛ն Ղազարյան, ձեր քաղաքական թիմին էլ մեղադրում են վարչական լծակների կիրառման մեջ, որը, ըստ կարծիքների, պակաս վտանգավոր չէ, քան ընտրակաշառք տալը: Ինչո՞ւ եք ակտիվորեն քննադատում ընդդիմությանը՝ ենթադրյալ կաշառք տալու համար, իսկ ձեր կողմից վարչական լծակների կիրառման մասին լռում:
– Չեմ կարծում, որ եթե ընդդիմադիր դաշտը նկատեր իրապես վարչական լծակների կիրառում, ապա հաղորդում չէր ներկայացնի կամ ինչ-որ բան չէր անի դրա դեմ: Այո՛, իրենք խոսում են այդ մասին, բայց փաստեր չունեն, որ որևէ համակարգում, որևէ ձևով վարչական ռեսուրս է կիրառվում: Ես դա բացառում եմ, բայց ընդդիմությանն առիթ է պետք, որպեսզի ինչ-որ բան ասի, եթե իրենք հիմքեր ունենային, ապա որևէ ձևով դա կարտահայտեին: Իշխանությունը ոչ մի ձև վարչական ռեսուրս չի կիրառում, Գեղամ Մանուկյանն էլ երեկ ասաց, թե առաջիկա կիրակի՝ ապրիլի 19-ին, նախատեսված ավտոերթին մենք վարչական ռեսուրս ենք կիրառել, բայց ես վստահ եմ, որ այդ օրը հանրությունը կհամոզվի, որ որևէ կերպ վարչական ռեսուրս չի կիրառվել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















