Թրամփի աջակցությունը այլ կերպ, քան ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին, չի կարող գնահատվել. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ԱՄՆ նախագահի այսօրվա գրառումը, որը Հայաստանում ընկալվել է նաև որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններից առաջ, կարո՞ղ է դիտարկվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին։

– Իհարկե, եթե որևէ երկրի նախագահ ուղիղ հայտարարում է ընտրական գործընթացի կոնկրետ մասնակցին աջակցելու մասին, բնականաբար, դա միջամտություն է ներքին գործերին, ու տվյալ դեպքում հայտարարվում է իշխանության թեկնածուին աջակցելու մասին, ինչն առավելևս սրում է այդ հանգամանքը, որովհետև այդ նույն թեկնածուի հետ կան որոշակի պայմանավորվածություններ, հրապարակային պրոցեսներ: 

Այս գրառումից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, ու նրա կարճատև այցից հետո Թրամփն անում է այդ գրառումը, սա նշանակում է, որ եղել են նաև ուղիղ քննարկումներ, ու, մեծ հավանականությամբ, հենց դրանց արդյունքն է Թրամփի գրառումը, որ ինքը լիակատար աջակցում է Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրությանը: Այլ կերպ, քան ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին, այս երևույթը չի կարող գնահատվել: 

– Իսկ, ըստ ձեզ, ինչո՞ւ չկա այդ միջամտության մասին խոսք, հիշում ենք, որ երբ Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ակնկալում է, որ իշխանությունը չի խոչընդոտի ընդդիմադիր ուժերի մասնակցությունը ընտրություններին, դա միանգամից գնահատվեց որպես միջամտություն ընտրական գործընթացին, աջակցություն կոնկրետ ուժերի:

– Այո՛, որոշակի շրջանակներ Պուտինի դեպքում դա համարեցին միջամտություն, ու այդ շրջանակները Հայաստանում հիմնականում իհարկե առաջ են մղում արևմտյան նարատիվները, քանի որ դրանք հիմնականում նաև ֆինանսավորվում են արևմտյան աղբյուրներից, ու դա բավականին բաց է: Այս տեսանկյունից այդ վարքագիծն իհարկե հասկանալի է։ 

Թրամփի դեպքում, բնականաբար, չի լինի նման գնահատական, եթե մենք խոսում ենք այդ նույն շրջանակների մասին, բայց ունենք նաև հակառակ պատկերը, երբ որոշ շրջանակներ Պուտինի դեպքում միջամտություն չհամարեցին, իսկ Թրամփինը՝ համարեցին: Բայց եթե դուրս գանք այս ամեն ինչից ու շատ հստակ գնահատենք երևույթները՝ համեմատելով, ապա Պուտինի պարագայում միջամտության մասին խոսելը, մեղմ ասած, հարաբերական է, որովհետև Պուտինը որևէ ուժի աջակցություն չհայտնեց, այլ ընդամենը ակնկալիք, որ Հայաստանի իշխանությունը մասնակցությունից չի զրկի նաև Ռուսաստանի բարեկամ ուժերին: 

Լայն իմաստով, սա ևս կոռեկտ չէ, երբ օտար երկրի նախագահը ինչ-որ ակնկալիքներ է հայտնում Հայաստանի նախընտրական պրոցեսների մասնակիցների կազմի վերաբերյալ: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի ներկայիս կառավարող ուժը վարել է այնպիսի քաղաքականություն, որ հայաստանյան ներքին պրոցեսները արդեն դարձել են արտաքին դերակատարների համար անարգել ու բաց միջամտության հարթակ: Յուրաքանչյուրը, իհարկե, միջամտում է իր ձևով, բայց մենք տեսնում ենք, որ տարբեր մասնակիցներ բավականին բաց ռեժիմով բարձրացնում են իրենց շահերի խաղադրույքը հայաստանյան ներքին պրոցեսների վրա: 

Սա անշուշտ Հայաստանի իշխանության ակնհայտ տապալումն է, այն իշխանության, որն առնվազն  օրը երեք անգամ ամենաբարձրն է խոսում աննախադեպ ինքնիշխան լինելու մասին, բայց մենք տեսնում ենք, որ աննախադեպ է մեկ այլ բան՝  արտաքին տարբեր դերակատարներ, առանց կաշկանդվելու, բաց ու ուղիղ խոսքով իրենց մոտեցումներն են արտահայտում Հայաստանի ներքին պրոցեսների մասին, ու աննախադեպ ինքնիշխան կառավարող ուժը որևէ մեկին չի ասում՝ գիտեք, սա Հայաստանի ներքին պրոցեսն է, ու այստեղ Հայաստանի հասարակությունը պետք է որոշումներ կայացնի: 

– Պարո՛ն Բադալյան, իսկ ԱՄՆ նախագահը ինչո՞ւ է իր անվերապահ աջակցությունը հայտնում Նիկոլ Փաշինյանին, ո՞րն է ԱՄՆ-ի շահը օրվա իշխանության վերընտրությունից:

– Երկու-երեք հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեմ. տեսնում ենք, որ Թրամփի այդ գրառումը հաջորդեց Ռուբիոյի հայաստանյան կարճատև այցին: Կա՛մ Թրամփը շատ բավարարված է ստորագրված փաստաթղթերով ու այս կերպ Փաշինյանին շնորհալություն է հայտնում, կա՛մ Երևանը այդ փաստաթղթերի վերաբերյալ ԱՄՆ ակնկալիքները բավարարել է՝ պայմանով, որ Թրամփը նման գրառում կանի, կաջակցի Փաշինյանին, որպեսզի դա էլ իրենք այստեղ ծառայեցնեն քարոզչական արշավին: 

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ ակտիվ միջամտությունը հաջորդում է փաստորեն ԵՄ-ի ակտիվ միջամտությանը, որ եղավ մայիսի սկզբին: Չմոռանանք, որ Նահանգներն ու ԵՄ-ն բավականին լուրջ դիմակայության մեջ են աշխարհաքաղաքականության ռազմավարության իմաստով, ու կարծում եմ, որ ամերիկյան այս հետաքրքրվածությունը պայմանավորված է նաև այդ հանգամանքով, այսինքն՝ թույլ չտալ, որ Հայաստանում ԵՄ-ն շրջանցի ԱՄՆ-ի ներկայությունը ու նրա հետաքրքրությունները:

– Այդ կողմերի աջակցությունը որքանո՞վ է օգնելու գործող իշխանությանը ընտրությունների ժամանակ:

– Որոշակի ազդեցություն որոշ շրջանակների մոտ իհարկե կունենա, բայց ես կարծում եմ, որ այդ աջակցությունը հազիվ թե վճռորոշ լինի, բայց կա մի հանգամանք, որով Հայաստանի իշխանությունը մոտիվացված է. Թրամփի նման աջակցությունը իշխանության մոտ ակնկալիք է ստեղծելու, որ եթե հասարակությունը տեսնի, որ Թրամփն է աջակցում իրենց, ուրեմն ամեն բան լուծված է, ու Փաշինյանը վերընտրվելու է, ինչը դեմոտիվացնելու է բնակչությանը՝ ընտրատեղամաս գնալու հարցում, իսկ իշխանության համար շատ կարևոր է, որ լինի պասիվ մասնակցություն: Կարծում եմ, որ սրա վրա կարող է հաշվարկ կատարված լինել, բայց սա հասարակության մոտ կարող է հակառակ ռեակցիա առաջացնի՝ գնալ ընտրատեղամաս ու ցույց տալ, որ ինքն է այստեղ որոշում ներքին պրոցեսների զարգացումը, այլ ոչ թե արտաքին խաղացողները: 

Կրկնում եմ, որ Թրամփի աջակցությունը դեռ վերջը չէ, առավելևս, որ Թրամփն ինքն այսօր ԱՄՆ-ի ներսում ունի իշխանության հարց, մենք տեսնում ենք, որ նրա վարչակազմի մի քանի պաշտոնյա հրաժարական է տվել Իրանի պատերազմի ֆոնին, գիտենք, որ այս ամենի ֆոնին Թրամփի վարչակազմում տարբեր դրսևորումներ ու մոտեցումներ կան: Հետևաբար, երբ Թրամփն ինքն ունի սեփական իշխանության ամրության խնդիր ներսում, համարել, որ այս աջակցությունը Նիկոլ Փաշինյանի համար հարց է լուծելու ու վճռելու է ընտրության ելքը, կարծում եմ, դա, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am