«Արևմտյան Ադրբեջանի» թեման ավելի լուրջ ու վտանգավոր է, քան ընդդիմության արձագանքներն ու իշխանության ներկայացրածը. Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական մամուլը տեղեկացնում է, որ Նախիջևանում հունիսին կայանալու է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագիրը կրող միջոցառում: Ինչի՞ մասին է լինելու այդ միջոցառումը:

– Առաջին անգամը չէ, որ Նախիջևանում Հայաստանի դեմ ակնհայտ զավթողական նկրտումներ պարունակող բովանդակությամբ միջոցառում է կազմակերպվում, այս ամենն արդեն 4 տարուց ավելի է պարբերական բնույթ է կրում: 2022-ի ավարտից հետո, երբ Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ, դրան հաջորդող տարիների ընթացքում պարբերաբար այդ ամենը կազմակերպվել է ու շարունակում է կազմակերպվել: 

Բովանդակությունը շատ հստակ է. «Հայաստանի տարածքը ներկայացնել իբրև պատմական ադրբեջանական հող, հայերին՝ որպես ֆաշիստներ ու ցեղասպաններ, որոնք բնիկ ժողովրդին քշել են այդ տարածքից ու հայտ ներկայացնել այդ տարածքներ վերադառնալու համար»: Սա տևական ժամանակ ընթացող ադրբեջանական քաղաքականություն, քարոզչություն ու ծրագիր է:

– Այս ընթացքում հատկապես, քանի որ Հայաստանում նախընտրական շրջան է, ընդդիմադիր քաղաքական ուժերն ասում են, որ եթե գործող իշխանությունը վերընտրվի, ապա «300 հազար ադրբեջանցի կվերադառնա Հայաստան», իշխանությունն էլ ասում է, որ դա «հիվանդ մտքի երևակայություն է ընդամենը»: Ինչպե՞ս եք գնահատում այս խոսույթները:

– Նախ ասեմ, որ ես սկզբունքորեն դեմ եմ «ադրբեջանցիների վերադարձ» տերմինաբանությանը, որը սխալմամբ կիրառում են, որովհետև այդքան ադրբեջանցի երբեք չի ապրել Հայաստանում, որ մի բան էլ վերադառնա: Նույնիսկ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Խորհրդային Հայաստանում ապրել է մոտ 84 հազար ադրբեջանցի:

Ինչ վերաբերում է ընդհանուր քաղաքականությանը՝ ես կարծում եմ, որ ամեն բան ավելի լուրջ ու վտանգավոր է, քան ընդդիմությունն է արձագանքում, իշխանությունն է ներկայացնում: Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց Ադրբեջանի ղեկավարությունը նախագահի մակարդակով շրջանառության մեջ է դրել Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգ՝ հայտարարելով, որ «Հայաստան անունով պետություն այս տարածաշրջանում չի եղել, ու Հայաստանն իրենց պատմական հողն է, որի հետ կապված իրենք ունեն իրավունքներ»: 

Հիմա թե ինչ թվեր կշրջանառեն, ինչպես դա կձևակերպեն, այդ չէ հարցի բովանդակությունը, խոսակցությունը թվերի մասին չէ, այլ՝ Հայաստանի նկատմամբ զավթողականության, Հայաստանը կոնֆլիկտային տարածքի վերածելու քաղաքականության: 

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներ Հայաստան բերելուն, ապա, իմ համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու դեպքում դա ավելի քան հավանական է, որովհետև նա իր քաղաքականության վերջին 6 տարիների ընթացքում ապացուցել է, որ չկա որևէ ադրբեջանական պահանջ, որ ինքը մերժի: 

Այսինքն՝ եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, ապա իրենք բնականաբար պատրաստակամություն են հայտնելու դա իրագործել՝ վախի, պատերազմի սպառնալիքի մեզ արդեն քաջածանոթ գործիքակազմով: 

Ինձ մտահոգեց նաև այն, որ ընտրություններից առաջ փաստացի ադրբեջանցիներ են եկել Հայաստան, նկարահանումներ են արել՝ պատրաստելով քարոզչական նյութեր, իրենց համար պապական-տատական տներ են հորինում: Այս ամենը փաստ է, բայց կպատկերացնե՞ք, որևէ հայ գնա Արցախ ու իր տունը նկարի: Այս քարոզչության պայմաններում ես ավելի քան հավանական եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը կապահովի որոշ թվով պատրաստված ադրբեջանցիների մուտքը Հայաստան: 

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ այդ ավելի խորքային խնդիրը կանխելու համար Հայաստանը պետական մակարդակով ի՞նչ քայլեր է անում:

– Պետությունը ոչինչ չի արել՝ ոչ մի իրական, դիվանագիտական քայլ չի արել ադրբեջանական այդ քարոզչությունը կանխելու համար: Այս ամենը կարող էին դարձնել Ադրբեջանի համար իրական գլխացավանք, որովհետև դա ամբողջովին հորինված կոնցեպտ է: Ադրբեջանը չի կարող որևէ պատմական փաստ բերել այս մոլորակի վրա, որ Հայաստանն իբր իրենց պատմական հողն է, այսինքն՝ սա զրոյի վրա հիմնված կեղծ թեզ է, որը 3 տարուց ավելի անպատասխան թողնելու, չկանխելու, քաղաքական գնահատականներ չհնչեցնելու պատճառով մեծ թափ է հավաքել: 

Քրիստինե Աղաբեկյան