Քեսաբահայերը չեն ուզում հեռանալ Սիրիայից. քննարկումներ` ստեղծված իրավիճակի շուրջ

Քեսաբահայերը չեն ուզում հեռանալ Սիրիայից. քննարկումներ` ստեղծված իրավիճակի շուրջ
Քեսաբահայերը չեն ուզում հեռանալ Սիրիայից. քննարկումներ` ստեղծված իրավիճակի շուրջ

«Հայերը շատ ճիշտ կողմնորոշվեցին և գովելի է, որ #SaveKessab հեշթեգը դարձավ թրենդային, չնայած կան չարաշահումներ: Մենք օգտագործեցինք այս փաստը` ևս մեկ անգամ Ցեղասպանության մասին հիշեցնելու»,- ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Քեսաբահայերը Լաթաքիայում՝ իրադրություն և խնդիրներ» թեմայով քննարկման ընթացքում:

Պարոն Շաքարյանը կոչ արեց զգոն լինել, քանի որ «չի բացառվում, որ առաջիկա ամիսների ընթացքում Քեսաբը լինի կռվախնձոր Թուրքիայի և Սիրիայի միջև»: Նա նաև հավելեց, որ Քեսաբը միակ թուրք-սիրիական սահմանն է, որը չի վերահսկվում ապստամբ գրոհայինների կողմից. «Ես կասեի, որ խնդիրը թուրք-սիրիական էր, պարզապես թուրքերն առիթը բաց չեն թողնում հընթացս հայերին վնասելու»:

Օրերս Լաթաքիայից վերադարձած Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը փաստեց, որ քրիստոնեական փոքրամասնության իրավունքները Սիրիայում զանգվածային կերպով խախտվում են: «Եթե չեղավ Ասադի ռեժիմը, Սիրիայում քրիստոնյաներ չեն մնա»: Այս համատեքստում նա կարևորեց քարոզարշավը, քանի որ աշխարհում Սիրիայի հետ կապված կա ինֆորմացիոն բլոկադա:
 
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ կարծում է, որ «վերջին մի քանի տարիների իրականությունն ապացուցում է, որ միջազգային իրավունքի ոլորտում էլ գործում է ուժեղի մոտ ամեն ինչ ավելի լավ է ստացվում սկզբունքը»:

Մարուքյանի փոխանցմամբ՝ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում 320 ընտանիք օգտվում է սննդից, առաջնային ինչ-որ պարագաներ է խնդրում-ստանում: «Նրանք նաև խնդրում էին, որ հայրենակիցներն օգնեն իրենց վերականգնել տնտեսությունը, երբ իրենք վերադառնան Քեսաբ: Այսինքն՝ իրենք գիտեն, որ կորցրել են իրենց ունեցվածքը, բայց վստահ են, որ վաղ թե ուշ վերադառնալու են Քեսաբ, Սիրիայից դուրս կյանքն ընդհանրապես չի քննարկվում»:
 
Թևան Պողոսյանը վստահ է, որ Հայատանի զորակցությունը քեսաբահայարին շատ կարևոր է. «Ես կոչ եմ անում այցելել Քեսաբ թե´ մտավորականներին, թե´ գործարարներին, թե´ քաղաքական գործիչներին»: 

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=k_DAa3J-o6Q