Փաշինյանի հռետորաբանությունն ու հետընտրական զարգացումները ցույց են տալիս, որ քրեական հետապնդումները շարունակվելու են. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

-Պարո՛ն Նորիկյան, ինչպե՞ս եք գնահատում հետընտրական իրադարձությունները Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունն ու հետընտրական զարգացումները հիմք տալի՞ս են ասելու, որ քրեական հետապնդումները շարունակվելու են։

– Զարգացումներն սպասելի էին՝ դատելով նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթներից: Հետընտրական ստատուս քվոյի ձևավորումն ու Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը ինձ հիմք են տալիս արձանագրելու, որ քրեական այս հետապնդումները շարունակվելու են, իհարկե, դրանք ուղեկցվելու են քաղաքական բաղադրիչներով: 

Տրամաբանական հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ նախորդ հինգ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն այսպես կտրուկ ու հետևողական չէր։ Իմ համոզմամբ, նախորդող տարիներին խոշոր գործարարները կամ, իրենց բնութագրմամբ՝ օլիգարխները, սեփական իշխանության համար այդքան էլ մեծ վտանգ չեն ներկայացրել: 

Նիկոլ Փաշինյանի մոտ՝ ընտրություների ֆոնին, տպավորություն է ձևավորվել, որ եթե առաջիկա տարիներին գործնական տեսանելի քայլեր չլինեն, իր բնորոշմամբ՝ օլիգարխիկ համակարգը կազմաքանդելու, ապա հաջորդ հինգ տարվա ընթացքում այդ համակարգը կարող է ձեռնոց նետել Փաշինյանի իշխանությանը, հետևաբար նա այդ համակարգը կազմաքանդելու ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում: Ենթադրում եմ, որ սա է նպատակը, իհարկե այլ նպատակներ ևս կան, բայց ֆունդամենտալ առումով պատճառը սա է:

– Իսկ այդ գործողությունները տարածվելու են նաև այսպես կոչված իշխանության յուրայինների նկատմա՞մբ ևս, թե՞ բացառություններ լինելու են:

– Կյանքն ապացուցեց, որ այդ առումով ևս Նիկոլ Փաշինյանը սահմանագիծ չունի: Իշխանության ներսում երկու կարևոր հենասյուներ, ըստ էության, գլխատվել են, խոսքն Ալեն Սիմոնյանի ու Արայիկ Հարությունյանի մասին է: Քաղաքական դաշտում նեղ թիմի ներկայացուցիչները շատ լավ պատկերացնում են այդ երկու քաղաքական գործիչների հիերարխիկ տեղն ու դերն իրենց թիմում: Ալեն Սիմոնյանի մասով ես դեռ երեք տարի առաջ էի ասել, որ արժանանալու էր Հայկ Մարությանի ճակատագրին, բայց Արայիկ Հարությունյանի պահը հետաքրքիր էր: 

Այսօր իշխանության առաջին էշելոնից այդ երկու անձանց առերևույթ լիկվիդացումն ցույց է տալիս, որ Փաշինյանի համար անձեռնմխելիներ չկան, ու սրանք սեփական իշխանությունն ամրապնդելուն միտված քայլեր են։ Երկարաժամկետ կտրվածքով կարող էր ամբիցիաներ դրսևորվել իրավահաջորդության հետ կապված, իսկ Փաշինյանն այս առումով այսպես ասած սանրում է ամբողջ դաշտը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր: Ալեն Սիմոնյանին նման կերպ լիկվիդացնելով՝ ցույց է տրվել նաև թիմի մյուս անդամներին, որ նա սովորական նշանակովի ու ազատովի չինովնիկ է, որին վարչապետը ցանկացած պահի կարող է խաղից դուրս թողնել: Մյուսը իրենց թիմից Տիգրան Ավինյանն է, որին նույն ճակատագիրն է սպասում:

– Պարո՛ն Նորիկյան, իսկ այդ քայլերով Փաշինյանը կարո՞ղ է իր իշխանությունը պահել:

– Քանի դեռ հասարակությունը չի ընդվզել, քանի դեռ այս լռությամբ ինչ-որ առումով խրախուսում է իշխանության այս գործելաոճը, ապա Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել, ի վերջո չմոռանանք, որ նրան ձայն է տվել ընտրողների մեծ մասը: Նա խոսում ու գործում է 730 հազար մարդու անունից, քանի այսքան մարդ իր ձայնը կտա նրան, Փաշինյանն այսպես էլ կխոսի, կգործի: 

Խնդիրն այստեղ հետևյալն է, որ ինստիտուցիոնալ առումով քաղաքական դաշտը Հայաստանում կայացած չէ, հակառակ դեպքում գործարարները քաղաքական խարդավանքների զոհ չէին դառնա, իսկ թե՛ Ծառուկյանը, թե՛ Սամվել Կարապետյանը, իմ համոզմամբ, քաղաքական խարդավանքների զոհ են, որոնք ինչ-ինչ պատճառներով ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Պետք է գործարարներին փրկել քաղաքականությունից, իսկ դրա համար պետք է, որ քաղաքական դաշտում առկա ամայությունը վերացվի: Գործարարները չեն կարող ընդդիմություն լինել, կյանքը դա ապացուցել է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am