«Ամենայն հայոց սոխակի» տունը` ավերված.ստորագրահավաք` Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու համար

«Ամենայն հայոց սոխակի» տունը` ավերված.ստորագրահավաք` Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու համար
«Ամենայն հայոց սոխակի» տունը` ավերված.ստորագրահավաք` Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու համար

Հին, փոշոտ գրադարակներ, իրար վրա դարսված հարյուրավոր գրքեր, խաչեր, կոտրված և անկյուն նետված աթոռներ, կենցաղային իրեր, կիսաքանդ առաստաղ և խոնավացած, ճաքած պատերին Լուսինե Զաքարյանի՝ շրջանակի մեջ առնված լուսանկարներ:
Այսպիսին է այժմ հայ հոգևոր երգերի, տաղերի, Կոմիտասի երգերի հայտնի երգչուհի «Ամենայն հայոց սոխակ» Լուսինե Զաքարյանի բնակարանը, որտեղ նա ապրել է ամուսնու՝ հայտնի շարականագետ, հասարակական գործիչ և բազմամյա մանկավարժ Խորեն Պալյանի հետ:
Եզնիկ Կողբացու 42 հասցեում գտնվող նրանց երկսենյականոց բնակարանը կործանումից փրկելու և տուն-թանգարանի վերածելու համար «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղված նախաձեռնություն է ստեղծվել, ուր մեկնարկել է առցանց ստորագրահավաքը: Նախաձեռնությանն արդեն իսկ մոտ 500 օգտատեր է միացել:
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ անուշադրության մատնված բնակարանը գտնվում է ոչ բարվոք, անմխիթար վիճակում, իսկ որոշ իրեր նույնիսկ թալանված են: Նրանք նշում են, որ պատրաստվում են ստորագրահավաքի ավարտին նամակ ուղղել Հայաստանի նախագահին, մշակույթի նախարարությանը,Ամենայն հայոց կաթողիկոսին:

«Արդեն 5 տարի է, ինչ Պալյանի մահից հետո ոչ ոք չի ապրում այդ բնակարանում: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտենք, թե ո´վ է Զաքարյանի ու Պալյանի տան ժառանգորդը: Մենք նույնիսկ քաղաքապետարան և մշակույթի նախարարություն ենք դիմել, և նրանք նշել են, որ եթե տունն իրենց հանձնվի, ապա աշխատանքներ կկատարեն, բայց իրավական առումով այդ տունը պետության սեփականությունը չէ, և իրենք անգամ վերանորոգել չեն կարող բնակարանը»,- ասում է Պալյանի բարեկամուհին, ով չցանկացավ նշել իր անունը:

Նա ասում է, որ մեկ ամիս առաջ վերևի հարկից ամբողջ բնակարանը ջուր են բաց թողել և 5 օր այդպես է մնացել: Դրանից հետո կիսաքանդ առաստաղն ու խոնավությունից մաշված պատերն ավելի անմխիթար են դարձրել բնակարանի վիճակը:

Լուսինե Զաքարյանի տան վիճակը

«Մենք տուն-թանգարանի ստեղծման, աջակցման համար քաղաքացիական միջոցառումներ ենք կազմակերպում, ստորագրահավաք անցկացնում, նամակներ հավաքում, որպեսզի հանրությունն էլ առաջին հերթին ուշադրություն դարձնի: Զաքարյանը համամարդկային արժեք է ներկայացրել, իսկ մեր հոգևոր, մշակութային արժեքները մենք պետք է պահպանենք, բայց, ցավոք, հասարակությունն էլ շատ քիչ է արձագանքում այս ամենին»,- ասում է Պալյանի բարեկամուհին, ով ամիսներ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է նաև Լուսինե Զաքարյանի անվան էջը:

Խորեն Պալյանի ԵՊՀ նախկին ուսանողուհի Շողակաթ Հախվերդյանը, ով ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակն է, նշում է, որ այս կերպ իրենք փորձում են մարդկանց ուշադրությունը սևեռել Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան ստեղծելու հարցի վրա:

«Այսօր աստղերին երկրպագում են, կուռք դարձնում, իսկ այն մարդը, որ հոգևոր երաժշտություն է ներկայացրել, բացարձակ անուշադրության է մատնվել, սա նաև մեր բոլորի մեղքն է: Մշակութային արժեքները, որ ներկայացրել է Լուսինեն, այն մաքուր, լուսավոր էջերն են, որոնք կորչում են: Նրա նման ձայն ունեցողը, երգողը ու պարզապես մարդը չպետք է մոռացվի»,- ասում է Հախվերդյանը:

Նա նշում է, որ ցանկությունը մեկն է, որպեսզի Զաքարյանի և Պալյանի բնակարանը վերանորոգվի ու վերածվի տուն-թանգարանի:

«Թանգարան պահելը կլինի նրա արվեստի շարունակությունը: Այսօրվա սոցիալական խնդիրների կողքին մարդիկ չպետք է մոռանան մեր պատմության փայլուն էջերը: Մենք ենք մեր երեխաներին ժառանգելու կոմիտասյան մաքրությամբ հնչող երգերն ու Լուսինեի կատարումները»,- ասում է Հախվերդյանը:

20 տարի ապրելով Հայաստանից հեռու՝ նա համացանցի միջոցով փորձում է իր աջակցությունը ցուցաբերել ու կոչը հղել հայրենիքում և սփյուռքում ապրող հայազգիներին, հուսալով, որ նրանք կմիանան այս ստորագրահավաքին:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` նախաձեռնող խմբի

© Medialab.am