Ոստիկանը գաղտնալսում է քաղաքացուն. ոստիկանը՝ ենթակա, գաղտնալսում է՝ ստորոգյալ, քաղաքացուն՝ ուղիղ խնդիր

Ոստիկանը գաղտնալսում է քաղաքացուն. ոստիկանը՝ ենթակա, գաղտնալսում է՝ ստորոգյալ, քաղաքացուն՝ ուղիղ խնդիր
Ոստիկանը գաղտնալսում է քաղաքացուն. ոստիկանը՝ ենթակա, գաղտնալսում է՝ ստորոգյալ, քաղաքացուն՝ ուղիղ խնդիր

«Հեռախոսային խոսակցություն չի»։ Այսպես ասել են մեր ծնողները յոթանասուն-ութսունականներին, հետո ասել ենք մենք։ Սկզբում դա սովետական երկրի բարքն էր, հետո՝ բարքի իներցիոն հետևանքը։ Մենք գիտեինք, որ հեռախոսները կարող են լսել։

Երբ հայտնվեցին բջջայինները, մարդիկ համացանցում ուսումնասիրում էին, թե ո՛ր դեպքում հեռախոսը չի կարող լսվել, իսկ, պարզվում է, հեռախոսը կարելի էր լսել, անգամ եթե անջատված է։ Եթե այսքան չընդհատվող սովորականությամբ միշտ, գոնե հետսովետական սերունդը փորձել է իմանալ և իմացել է գաղտնալսման հնարավորության մասին, տեղյակ ենք եղել գաղտնալսման բազմաթիվ դեպքերի, ուրեմն գաղտնալսումն ընդունել ենք որպես կենցաղային մի փաստ, որի լինելը հաստատ չգիտենք, բայց ենթադրում ենք, որի չլինելը հերքել չենք կարող։

Այսինքն, այն, որ երիտասարդ ԱԺ-ականը նախագիծ է բերում ԱԺ՝ ոստիկանությանն ինքնուրույն գաղտնալսման հնարավորություն տալու մասին (գործող օրենքով ոստիկանությունը կարող է գաղտնալսել միայն ԱԱԾ-ի թույլտվությամբ) իրականում ֆորմալ առումով է նորություն։

Թե՞ մենք միշտ վստահ ենք եղել, որ գաղտնալսումն անում է միայն ԱԱԾ-ն։ Իրականում մարդկանց մեծ մասը, որոնք հեռախոսով որևէ գաղտնիք չեն ասում, շատ անտարբեր են՝ ԱԱԾ-ն է լսում իրենց, թե՞ ոստիկանությունը։ Ուրեմն, նորից լուրը նրանց համար է, որոնք առհասարակ մարդու անձնական տարածքի մասին մտահոգություն ունեն։ Նրանք, իհարկե, բնակչության ընդհանուր թվի փոքր մասն են կազմում, նրանցից ավելի քիչ մասն էլ կազմում են այն մարդիկ, որոնք հեռախոսով կարող են գաղտնիք ասել։ 

Ըստ իս՝ խնդիրն այլ է ու այնքան այլ է, որ լուծման ձևն էլ պետք է շատ այլ լինի։

Քաղաքացիներն իրականում չունեն վստահություն ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ ոստիկանության հանդեպ։ Սա շատ հին ու արմատացած վերաբերմունք է, գուցե՝ տեղ-տեղ անարդարացի, բայց հիմնականում՝ արդարացված, քանի որ մեր վերջին տարիների պատմությունը եղել է օրենք ինվազիվ միջամտության դարաշրջան։ Եվ եթե դա այդպես չլիներ և լիներ հաստատությունների ու նրանց կատարած գործի, կատարող մարդկանց կերպարի հանդեպ այնքան խոր պատկառանք ու նրանց սպայական պատվի հանդեպ մի այնպիսի լուրջ ու ազնիվ երկյուղածություն, որը կստիպեր բացառել անօրինականությունը, մենք ապահով կզգայինք մեզ մեր անձնական տարածքում։ 

Բայց։ Մինչ այսօր որևէ մեկը չգիտի՝ ե՛րբ և հաճախ՝ ինչո՛ւ են լսել իր հեռախոսը։ Ոչ ոք չի կարող վստահաբար ասել, թե իր հեռախոսը երբևէ չեն լսել։ Ոչ մեկին սկուտեղի վրա չեն բերել դատարանի որոշումն այն մասին, թե իր հեռախոսը պետք է լսվի կամ լսվել է։ Մենք ապրել ենք գաղտնալսման հնարավորությունը կենցաղի մի մաս կազմած։ Չենք բացառել, վստահ չենք եղել, այլ ենթադրել ենք։ Անգամ ամենաշարքային կենցաղով ապրող մարդը անպայման իներցիայով ասել է՝ հեռախոսով ասելու բան չի։ Մենք հաճախ ենք հեռախոսով խոսելու ընթացքում հարցրել իրար՝ էս ի՛նչ էր, թեև որևէ կրիմինալի մեջ չենք եղել։ Եվ թե դա ինչ էր՝ ոչ մեկս չունեինք պատասխան, բայց կարող էինք ենթադրել։ 

Ձևակերպումը շատ տհաճ է, որ ոստիկանությունը կարող է առանց ԱԱԾ-ի թույլտվության լսել հեռախոսային խոսակցությունները։ Ոստիկանությունը չի՞ կարող թույլտվության դեպքում հանուն զվարճանքի լսել որևէ մեկի խոսակցությունը։ Բայց մենք իրականում չգիտենք, թե առաջ, քանի դեռ այս նախագիծն ընդունված չէր և ապա երկրորդ ընթերցմամբ հաստատված կամ չհաստատված չի լինի, արդյոք ոստիկանությունն առանց ԱԱԾ-ի թույլտվության չէ՞ր լսում, կամ որքանո՛վ է խիստ եղել այդ թույլտվությունը, կամ, առհասարակ, գաղտնալսման ԿԱՐԳԸ ի՛նչ լրջություն է ունեցել և ի՛նչ հետևողականությամբ է վերահսկվել։

Այնպես, ինչպես չենք ունեցել և չունենք վստահություն, թե արյան հետազոտության լաբորատորիաներում շատ ճշգրիտ ու լուրջ հետազոտում են մեր արյունը պատասխան գրելիս, այնպես, ինչպես վստահ չենք, որ մեր երեխաները սովորում են այն առարկաները, որոնք պետք է սովորեն դպրոցում ու չպարապեն լրացուցիչ, այնպես, ինչպես չգիտենք՝ ինչպե՛ս են կարգը պահում բանակում, որ մեր տղաներն ինքնասպան են լինում սպանելուց հետո։

Այնպես, ինչպես մեր կյանքի շատ կարևոր բաների հանդեպ չունենք վստահություն, չունենք նաև վստահություն մի երկրի անվտանգության ու ոստիկանության հանդեպ, որոնք ուղղակիորեն խորհրդային բարքերը կրող հաստատությունների շարունակողն են՝ պակաս մասնագիտական հմտություններով։ 

«ԿԱՐԳԸ» ամենակարևոր բառն էր այս բոլոր նախադասությունների մեջ։ Կարգը հաստատվում է ոչ միայն օրենքի հաստատմամբ, այլև այդ օրենքի կիրառմամբ արդեն մեկ այլ սերնդի կողմից, որը չունի արատավորի իներցիոն շարունակությունը։

Դրա համար նախ պետք է ընդունել մարդու անձնական տարածքը հարգող օրենք, ապա ունենալ կամք այդ օրենքն իրագործելու, հետո կատարել սերնդափոխություն բոլոր պետականաստեղծ և պետականապահ հաստատություններում։ Բայց սերնդափոխությունը չանել զուտ ծննդյան ավելի թարմ վկայականի հիմնավորմամբ միայն, այլ մասնագիտական շատ լուրջ պատրաստվածություն ապահովելուց հետո։

Այսօր մեր պետությունը նոր սերնդի ներկայացուցիչներով համալրեց իր կարևոր հաստատությունները բավական հապշտապ, քանի որ այլ տարբերակ չկար։ Անցավ մոտ երկու տարի։ Պետական մակարդակով կարելի էր ապահովել երիտասարդ մասնագետների կրթության, փորձառության հարցը՝ ֆինանսավորելով ոչ թե «ժիր էր Մարոն, դուրեկան» բովանդակությամբ վահանակներ, ոչ թե Քաղաքացու օրվա ու Ամանորի տոնակատարություններ ու նման ագիտկուլտի դրսևորումներ ու ճառագայթի նման անվերջության հասնող սեմինարներ, հավաքներ, քննարկումներ, այլ գումար ծախսել նոր սերնդի շատ հմուտ մասնագետներ պատրաստելու համար, օրինակ, որոնք իրենց նոր մտածողությամբ ու նոր կրթությամբ կդնեն առաջին քարը պետության անվտանգությունն ապահովող հաստատությունների հանդեպ խոր պատկառանք ձևավորելու հարցում։ Մի տեղից հանելով, մյուս տեղում նշանակելով հին կադրերին, որոնք տեսել են ամեն ինչ, ու որոնց խորթ չէ ոչինչ,մենք կդժվարանանք նախկինից տարբեր պետություն ստեղծելու հարցում։ 

Մեր Ազգային ժողովը ձևավորվել է հապշտապ, ինչպես դուրս են գալիս երկրաշարժի ժամանակ՝ «ինչ կար հագներս» վիճակով։ Այդ Ազգային ժողովը կդժվարանա ինքնուրույն լինել։ Բայց ժամանակը գնում է, և ամեն օր ավելի է թուլանում այն հավատը, որ մենք պետք է ստեղծեինք նոր ԿԱՐԳ։ Մեր՝ անձնական ազատ տարածք ունենալու, չգաղտնալսվելու մեծ ու առողջ ցանկությունները կմնան «ցանկություն» կարգավիճակում, քանի դեռ նոր, աշխարհը բոլորովին այլ հայացքով տեսնելու, բայցև անպայման մասնագիտորեն շատ հմուտ ու հմտությամբ հիմնավորված ինքնուրույն ու պահանջկոտ մի սերունդ չի զբաղեցնի պետության կարևոր հաստատությունները՝ հին կադրերը փոխատեղելու կամ ժրաջան թերուսներով և կամ ինքնուսներով հաստիքները սվաղելու փոխարեն։

Առողջ ցանկությունները տևական ժամանակ միայն ցանկություն մնալու հետևանքով դադարում են առողջ լինել կամ դադարում են լինել։ 

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am