ԱԱԾ գեներալ Վանեցյանի կողմից ստեղծված հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները պետք է թափանցիկ լինեն. Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

– Պարո՛ն Սաքունց, պարզվեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը Հայաստանի համար սպառնալիք էր որակել հիմնադրամների գործունեությունը, արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը, որքանո՞վ է ընդունելի, որ ԱԱԾ նախկին տնօրենն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս։

– Ես չեմ հիշում նման պրակտիկա, երբ ազգային անվտանգության համակարգում աշխատած կամ ընդհանրապես պաշտոնատար անձը հիմնադրամ է բացում։ Սովորաբար բարեվարքության կանոնները թելադրում են, որ նա ոչ թե հիմնադրամ պետք է բացի, այլ կարող է հրավիրվել՝ որևէ կազմակերպությունում որպես փորձագետ աշխատելու։

Պաշտոնատար անձն իր լծակներով տիրապետում է իր բնագավառի հետ կապված որոշակի տեղեկատվության, որի կիրառումը այդպիսի իրավաբանական անձի տեսքով կարող է դիտարկվել որպես անհավասար պայմանների ստեղծում։ Որոշ դեպքերում, օրինակ՝ կա սահմանափակում, որ պաշտոնատար անձը պաշտոնից հեռանալուց հետո նույնիսկ իրավունք չունի իր բնագավառում գործունեություն ծավալելու։

Ինչ վերաբերում է ԱԱԾ գեներալ Վանեցյանի կողմից հիմնադրամի ստեղծմանը, որը կոչվում է «Հայրենիք» զարգացման հիմնադրամ, ես չեմ պատկերացնում, թե այն ինչո՛վ է զբաղվելու։ Ինչով էլ զբաղվի, ենթադրենք՝ ազգային անվտանգության հայեցակարգերի մշակմամբ և այլն, բայց այստեղ շատ կարևոր է, թե այդ հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները որտեղի՛ց են լինելու։

Եվ այնպես, ինչպես իր կողմից թիրախավորված «Բայց հասարակության հիմադրամներ-Հայաստանի» գործունեությունն է թափանցիկ, մենք ակնկալում ենք, որ նա էլ պետք է թափանցիկ գործի, օրինակ ծառայի և հաշվետու լինի։ Ֆինանսավորման աղբյուրները պետք է թափանցիկ լինեն։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, թե ո՛րն է լինելու այդ հիմնադրամի առաքելությունը։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ պարոն Վանեցյանը կարծես թե քաղաքականությամբ զբաղվելու հայտ է ներկայացնում։ Եվ այս առումով նա պետք է մեկ բան գիտակցի, որ մոտեցումները, որոնցով հիմա ղեկավարվում են «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբում, հետևյալն են՝ քաղաքական ուժերը չեն կարող ֆինանսավորում ստանալ որևէ հիմնադրամի կողմից։

Ավելի ճիշտ, կուսակցությունը չպետք է նույնականացնել որևէ հիմնադրամի հետ։ Եվ այստեղ Վանեցյանը պետք է հստակ կողմնորոշվի՝ կա՛մ զբաղվում է քաղաքականությամբ, իսկ այդ դեպքում կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն միայն պետական բյուջեից, կա՛մ էլ պետք է զբաղվի հասարակական գործունեությամբ։

– Դուք պատրա՞ստ եք նրա հետ, օրինակ, դասընթացներ անցկացնել՝ փորձ փոխանցելու, թե ինչպե՛ս պետք է ճիշտ աշխատեն հիմնադրամները։

– Իմ կարծիքով՝ նրա խորհրդատուները գտնվում են Կրեմլում։ Ես ԱԱԾ գեներալին կարող եմ ընդամենը հրապարակավ ասել, որ եթե ԿԳԲ-ական համակարգը կազմաքանդելու ուղղությամբ ջանքեր կարողանա գործադրել, ապա դա գոնե կարդարացնի իր գործունեությունը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am