«Եթե հայկական եկեղեցի մտնեք, կրակը կընկնեք». թիֆլիսահայերի հավաստմամբ` վրացի հոգևորականների համար հայերը ճիշտ քրիստոնյա չեն

Հեղինակ MediaLab

Թիֆլիսահայ Հովհաննեսը վրացական եկեղեցի երբեք չի մտնում. ժամանակին փորձել է ու կատարվածից դաս քաղել:
«Ես մի անգամ մտա: Խաչակնքեցի, իհարկե հայկական ձևով` ձախից աջ: Վրացի քահանան դա նկատեց և խնդրեց ինձ դուրս գալ եկեղեցուց»,- «Մեդիալաբին» պատմում է Հովհաննեսը:
Վրաստանի հայերի հետ զրուցելիս կարելի է տարբեր պատմություններ լսել: Ոմանք ասում են, թե հայերը Վրաստանում վատ են ապրում, ոմանք դա հերքում են: Բայց բոլորն էլ միաբերան հաստատում են այն լուրերը, որ վրացական եկեղեցու շատ սպասավորներ հայ քրիստոնյաներին քրիստոնյա չեն համարում:
Մի թիֆլիսահայ, ով խնդրեց իր անունը չնշել, պատմեց, որ իր ծանոթ մի ընտանիք որոշել էր մկրտել երեխային: Երեխայի հայրը վրացի էր, մայրը` հայ:

Ընտանիքը մեծ տոնախմբություն էր կազմակերպել: Հրավիրել էին վրացի քահանային: Նա ներս էր մտել և, տեսնելով, որ ծնողներից մեկը հայ է, հայտարարել էր. «Բոլոր նրանք, ովքեր Վրաց ուղղափառ եկեղեցու հոտից չեն, թող դուրս գան սենյակից: Նրանց ներկայությամբ ես երեխային չեմ մկրտի»:

Թբիլիսիի Սբ Գևորգ եկեղեցու քահանա տեր Նարեկ Ղուշյանը հաստատում է, որ տեղի հայերից կարելի է բազմաթիվ նման պատմություններ լսել:

«Կան, ինչ-որ լոկալ դեպքեր լինում են, երբ հային ասում են` սխալ ես մկրտվում, իրավունք չունես մտնելու: Ես դեպքեր կարող եմ ասել, երբ վրացիները մտնում են եկեղեցի` չիմանալով, որ հայկական է, հենց տեսնում են` հայկական է, փախչում են եկեղեցուց, ուղղակի փախչում: Հասկանո՞ւմ եք, նրանց հոգևորականն ասել է, որ եթե հայկական եկեղեցի մտնեք, կրակը կընկնեք»,- վրդովվում է տեր Նարեկը:

Նրա խոսքով` վրացական եկեղեցում կան նաև փայլուն սպասավորներ, բայց, ցավոք, նրանց հիմնական մասը, որոնք շփվում են ժողովրդի հետ, հենց այդ անհասկանալի արտահայտություններ անող մարդիկ են:

«Անշուշտ քարոզխոսություն են անում ժողովրդի, հատկապես` հայության մեջ: Հիմա էլ նորաձև է դարձել, որ կնքահայրն անպայման վրացի լինի: Այստեղից էլ հետևում է, որ թեկուզև գալիս ու ամուսնանում են հայկական եկեղեցում, բայց հետագայում երեխայի քավորն աշխատանք է տանում, որ իր սանիկին տանի վրացական եկեղեցում մկրտի: Բացի այդ, եթե հայը գնում է վրացական եկեղեցի, նրան կարող են ասել, դու սխալ ես խաչակնքում, պետք է խաչակնքես ոչ թե ձախից աջ, այլ աջից ձախ, կամ ասեն, որ դուք ճիշտ չեք մկրտված, եկեք մեր եկեղեցում նորից մկրտենք»,-պատմում է տեր Նարեկը:

Թիֆլիսահայ Սամվել Աղաբաբյանի զգացողությամբ` Վրաց եկեղեցու հավատացյալները համարում են, որ Վրաց ուղղափառ եկեղեցուց բացի, մյուս բոլոր եկեղեցիները հերետիկոս են: Անգամ երբ խոսքն այլ ուղղափառ եկեղեցիների մասին է, համարում են դրանք ոչ ճշմարիտ:

«Բերեմ օրինակ. չգիտեմ ինչպե´ս` իմ ծանոթ մի հայ երկար տարիներ ուղղափառ եկեղեցու հավատացյալ էր: Երբ որոշեց հայուհու հետ ամուսնալ, քանի որ ուղղափառ էր, ցանկացավ ամուսնանալ Վրաց ուղղափառ եկեղեցում: Իսկ աղջիկը մկրտված էր հայկական եկեղեցում: Արդյունքում` վրացի քահանան հրաժարվեց նրանց օրհնելուց, մինչև աղջիկն ուղղափառություն չընդունի»,- «Մեդիալաբին» պատմում է Սամվել Աղաբաբյանը:

Ասվածն իր հերթին հաստատում է Վրաստանում Հայկական համագործակցության կենտրոնի տնօրեն Սանդրո Օհանյանը: «Վրաց եկեղեցին այս հարցում շատ ճկուն է: Օրինակ` ենթադրենք` ամուսիններից մեկը այլ եկեղեցու ներկայացուցիչ է, նրան պարզապես առաջարկում են վերստին մկրտվել»:

Մեկ այլ թիֆլիսահայ` Հրանտ Միքայելյանը, ունի այս ամենի իր բացատրությունը:

«Վրաց եկեղեցին, ինչպեսև յուրաքանչյուր ուղղափառ եկեղեցի, ունի մի շարք կանոններ: Օրինակ`կանայք չեն կարող առանց գլխաշորի եկեղեցի մտնել և այլն, և այլն: Այս ամենի տրամաբանությունն այն է, որ պարզ ասած` լավ մարդկանց թողնում ենք մտնել եկեղեցի, իսկ վատ մարդկանց` ոչ: Եվ այս դեպքում այնպես է ստացվում, որ այդ «վատ մարդկանց» ցուցակում մտնում են նաև հայերը»,- ասում է նա:

Հրանտը երբեք վրացի քահանաների վատ վերաբերմունքի չի բախվել, քանի որ կյանքում ընդամենը երկու անգամ է վրացական եկեղեցի մտել, այն էլ` որպես զբոսաշրջիկ:

Տեր Նարեկ քահանա Ղուշյանն ունի այս ամենի բացատրությունը: Վրաց եկեղեցին իրավական տեսանկյունից մաքուր է: Նրա խոսքով` Վրաց եկեղեցին այսօր ինքն իրեն ենթարկել է մեկուսացման, չի շփվում որևէ այլ եկեղեցու հետ, բացի մի քանի ուղղափառ եկեղեցիներից:

Լինելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ` նա դուրս եկավ դրա կազմից և այլևս մաս չէ այն պայմանագրի, ըստ որի` եկեղեցիներն իրավունք չունեն զբաղվելու մարդորսությամբ, վերամկրտելու և այլն: Այդուհանդերձ, քահանայի կարծիքով` գոյություն ունեն քրիստոնեական և բարոյական նորմեր, որոնք պետք է պահպանվեն:

«Երեկ խոսում էի մի կաթոլիկ հոգևորականի հետ: Նա ասաց, որ մի վրացի հոգևորական հայտարարել է, թե կաթոլիկ եկեղեցին եկեղեցի չէ: Սա աննորմալ երևույթ, անգրագիտություն է, ուրիշ ոչինչ»,- ասում է քահանան:

Լիաննա Խաչատրյան

Լուսանկարը` Յուլիանա Սիրանյանի

Թբիլիսի

© Medialab.am