Նպատակն արդարացնում է միջոցը. Էրդողանը հակահայկական քաղաքականությամբ ձայներ է հավաքում

Թուրքիայի իշխանությունների քաղաքական հայտարարությունները վերջերս ավելի ընդգծված հակահայկական ուղղվածություն են ստանում: Փորձագետները դա բացատրում են նրանով, որ Թուրքիայի իշանությունները պատրաստվում են 2011 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ըստ կանխատեսումների` առաջիկա ամիսների ընթացքում հակահայկական հայտարարություններն է´լ ավելի կսրվեն:
Թուրք քաղաքագետ Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն նշում է, որ ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունները կարող են շարժ ապրել միայն այն դեպքում, եթե իշխանության ղեկը կրկին մնա «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ձեռքին:
«Վերջին ութ-ինը տարիների ընթացքում, ինչ իշխանությունն ԱԶԿ-ի ձեռքում է, թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության հարցերում դրական նոր քայլեր են արձանագրվել, որոնք համեմատելի չեն նախորդ շրջանների հետ: Մասնավորապես կուզեի նշել, որ Թուրքիայի նոր քայլերից մեկը հարևանների հետ նոր տարածաշրջանային քաղաքականությունն է: Եթե գա մեկ ուրիշ կառավարություն, դժվար թե հայ-թուրքական հարաբերությունները տեղից շարժվեն»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նախքան հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները թուրքերը ոչինչ չեն ձեռնարկի։

«Հայ-թուրքական գործընթացում առաջընթաց հնարավոր է միայն սեպտեմբերից՝ կապված Աղթամարի եկեղեցում տեղի ունենալիք արարողությունների և Սբ Կիրակոս եկեղեցու վերաօծման հետ։ Սրան հակառակ՝ այս տարի կակտիվանան հայ-թուրքական կրթական և առևտրային կապերը»,- ասել է թուրքագետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնապես որոշում է կայացվել ապամոնտաժել Կարսում կառուցված Խաղաղության և մարդասիրության հուշարձանը, որը խորհրդանշում է նաև հայ–թուրքական բարեկամությունը։

Բանն այն է, որ հունվարին Կարս կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հրեշավոր» է բնութագրել հուշարձանը և կարգադրել քանդել այն։

Այնուհետև Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստում քվեարկության դրվեց արձանն ապամոնտաժելու հարցը: Դեմ քվեարկեցին խորհրդի նիստին մասնակցող 23 անդամներից 4-ը, կողմ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 11 և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության 8 անդամներ։

«Գործընթացը սկսված է։ Արձանն ապամոնտաժելու ենք` այն մասերի բաժանելով։ Արձանի ապամոնտաժման համար մրցույթ է հայտարարվելու, որպեսզի որոշվի, թե ո´ր ընկերությունն է զբաղվելու այդ աշխատանքներով»,– հայտարարել է Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոզքուշը։

Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Կարսի հուշարձանն ապամոնտաժելու կապակցությամբ: Հայկական կողմին մասնավորապես վրդովել է այն, որ Էրդողանը հուշարձանը «հրեշավոր» է անվանել:

«Այդ հայտարարությունը նոր խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- հունվարի 14-ին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ինձ արձանի բովանդակությունն ընդհանրապես չի հետաքրքրում և շատ քիչ բան գիտեմ, թե իրենից ի´նչ է ներկայացնում այդ արձանը»,– թուրքական Hurriyet օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր Թուրքիայի վարչապետը։

Երևանի պետական համալսարանի ուսանող Վարուժան Գեղամյանը համաձայն է այն մտքին, որ հուշարձանի տեսքն իրոք բանի պետք չէ:

«Ես եղել եմ Կարսում, տեսել այդ հուշարձանը: Կարող եմ ասել, որ որպես ճարտարապետական արժեք այն ինձ չգրավեց»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժանը:

Թուրք քաղաքագետ Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն արձանը չի տեսել, իսկ Կարսին նայել է Հայաստանի սահմանից: Բայց համոզված է, որ Էրդողանի այս հայտարարությունը կապված է 2011 թվականին Թուրքիայում սպասվող ընտրությունների հետ:

«Կարծում եմ` այդ արձանը քանդելու խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի, թեև դեռ չէր ավարտվել արձանի կառուցումը: Այն, որ արձանը հենց Հայաստանի սահմանին է, իմ կարծիքով, շատ կարևոր է»,- «Մեդիալաբին» ասում է թուրք քաղաքագետը:

Մինչդեռ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ թեև Էրդողանը, Դավութօղլուն և այլ պաշտոնյաներ տարբեր ամբիոններից բարձրաձայնում էին, որ հուշարձանի ապամոնտաժման որոշումը ոչ մի առնչություն չունի քաղաքականության հետ, այնուամենայնիվ, սա ավելի շատ արվում էր արտաքին լսարանի համար, իսկ երկրի ներսում «այն շատ էլ քաղաքական որոշում էր»:

«Այստեղ կա նաև մեկ այլ նրբություն. հսկա հուշարձանի ստվերի տակ էր մնում հայտնի մուսուլման աստվածաբան Հասան Հարաքանիի գերեզմանը, ինչը, մեղմ ասած, չէր կարող իսլամամետ Էրդողանի սրտով լինել: Որոշ թուրք վերլուծաբաններ առանձնացնում են նաև տնտեսական գործոնը. Էրդողանի հայտարարություններից հետո մարդկանց մեծ հոսք է նկատվում Կարս, որոնք գալիս են տեսնելու մեծ աղմուկ բարձրացրած հուշարձանը»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգ Պետրոսյանը:

Թուրքագետի կարծիքով` Խաղաղության և մարդասիրության հուշարձանը, որը խորհրդանշում է նաև հայ–թուրքական բարեկամությունը, ապամոնտաժվում է քաղաքական նպատակով: Պատճառը ամռանը Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն են:

«Իհարկե, այս ամենի առաջնային նպատակը ձայներ հավաքելն էր, իսկ Էրդողանն իր այս քայլով երկու խնդիր լուծեց. իր կողմը գրավեց Կարսում և ընդհանրապես հայ-թուրքական սահմանի երկայնքով բնակվող մեծաթիվ ադրբեջանցիներին, ինչպես նաև դիվիդենտներ շահեց ազգայնականների շրջանում` արդեն ամբողջ երկրի մասշտաբով»,- ասում է Գևորգ Պետրոսյանը:

Առաջիկա 4-5 ամիսների ընթացքում ինչպես Թուրքիայի իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունն ամեն կերպ աշխատելու են ընտրազանգված հավաքել, ուստի շատ հավանական է, որ ապագայում ականատես լինենք նորանոր և հաճախադեպ հակահայկական դրսևորումների:

Իսկ փոփոխություններ կարելի է սպասել միայն ընտրություններից հետո: Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն կարծում է, որ եթե խորհրդարանական ընտրություններում հաղթի Թուրքիայի իշխող կուսակցությունը, հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի խնդիրն էլ շատ արագ կլուծվի:

«Ընտրություններից հետո, կարծում եմ, կառավարությունը նույն տեղում շատ ավելի գեղեցիկ արձան կկառուցի»,- «Մեդիալաբին» ասում է Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am