Մայր Աթոռն արձագանքել է սկանդալային տեսանյութին. այն մոնտաժվա՞ծ է եղել

Մայր Աթոռն արձագանքել է սկանդալային տեսանյութին. այն մոնտաժվա՞ծ է եղել
Մայր Աթոռն արձագանքել է սկանդալային տեսանյութին. այն մոնտաժվա՞ծ է եղել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ` մեկնաբանելով երեկ սոցիալական կայքերում հայտնված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ սկանդալային տեսանյութը, որը թեժ քննարկումների առարկա է դարձել: Մայր Աթոռն այդ տեսանյութը գնահատել է որպես վրացական կողմի «հերթական սադրանք»:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնված տեսանյութում ներկայացված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Վրաց պատրիարք Իլյա Բ-ի զրույցը, որը կայացել է հունիսի սկզբին Գարեգին Բ-ի Վրաստան կատարած հովվապետական այցի շրջանակներում: Տեսանյութում Գարեգին Բ-ն կատակներ է անում, պարբերաբար ծիծաղում է, խմում և ժամանակ առ ժամանակ ձեռքով թմփթմփացնում է Վրաց պատրիարքի ձեռքը: Տեսանյութում նաև այսպիսի երկխոսություն է ընթանում:

Իլյա Բ – Լավ գինի է…

Գարեգին Բ – Իմաստուն է ասված… (Միաժամանակ խփում է վրաց պատրիարքի ձեռքին)… Դու ամեն ինչ ունես:

Իլյա Բ – Բայց Դուք էլ ամեն ինչ ունեք:

Գարեգին Բ – Ես ասում եմ` դու, դու ինձ ասում ես` Դուք (կրկին խփում է Վրաց պատրիարքի ձեռքին):

Վրաց հոգևորականներից մեկը – Մեզ մոտ այդպես է ընդունված:

Իլյա Բ – Մեզ մոտ հյուրերին այդպես չեն դիմում, այդ Դուք կարող եք ասել…

Գարեգին Բ – Չէ, դա երբ անցնում ես դու-ի, դա ավելի… ըըը…

Իլյա Բ – Եղբայրական է…

Գարեգին Բ – Եղբայրական է: Բայց այդ դեպքում ես էլ Դուք-ի կանցնեմ: Դուք ամեն ինչ ունեք` և´ թռչուններ, և´ կանաչի (կանաչ), և´ գինի ունեք, և´ … (չի լսվում)

Նորից միանում է վրացի հոգևորականներից մեկը` ավելացնելով. «Եվ իմաստություն ունենք»:

Գարեգին Բ – Ե´վ իմաստություն ունեք, և´ եկեղեցի ունեք:

Իլյա Բ – Դուք էլ ունեք: (Այդ պահին Գարեգին Բ-ն նորից է թմփթմփացնում Իլյա Բ-ի ձեռքը)…

Տեսանյութի բարձրացրած աղմուկն այնքան մեծ է եղել, որ Facebook սոցիալական կայքում նույնիսկ խումբ է ստեղծվել` «Կաթողիկոսի Աթոռը զբաղեցնող անձը արժանի չէ այդ վեհափառ պաշտոնին» վերտառությամբ: Խմբի անդամները նույնիսկ քննարկումներ են սկսել այն մասին, թե ի´նչ մեխանիզմներ կան, որոնք հնարավորություն են տալիս պաշտոնանկ անել կաթողիկոսին:

Մայր Աթոռը, սակայն, պնդում է, թե տեսանյութը մոնտաժված է: «Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 11-ին Վեհափառ հայրապետը շքախմբի ուղեկցությամբ այցելեց վրաց պատրիարքարան, ուր տեղի ունեցավ նախ երկու կաթողիկոսների առանձնազրույցը, ապա լրատվամիջոցների կողմից լուսաբանված պաշտոնական հանդիպումը: Հանդիպման ավարտին Վրաց պատրիարքը Վեհափառ հայրապետի և շքախմբի անդամների հետ շրջայց կատարեց պատրիարքարանի շենքում` ներկայացնելով եկեղեցին, այգին և թռչունները»,- գրված է հայտարարությունում:

Ըստ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության` շրջայցից հետո «Վեհափառ հայրապետը` բարձրաստիճան հոգևորականների հետ առաջնորդվեց պատրիարքարանի մառան, ուր գինու հյուրասիրության ժամանակ տեղի ունեցավ մտերմիկ, անկաշկանդ, ոչ պաշտոնական զրույց, այդ իսկ պատճառով ռուսերեն լեզվով»:

«Հյուրասիրության ընթացքում Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձ է կատարել Հայ եկեղեցուն հուզող խնդրիներին` ընդգծելով, որ այցի ընթացքում երկու հովվապետների միջև կայացած պայմանավորվածություններից Վրաց պատրիարքը պաշտոնական հանդիպման ժամանակ հետքայլ է կատարել: Նաև զրույցում Նորին սրբությունն անդրադառնում է Վրաց պատրիարքարանում եղած շրջայցին: Համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է և խեղաթյուրված ձևով է ներկայացնում երկու կաթողիկոսների մտերմիկ հանդիպումը, որին, ի դեպ, թույլատրված չէր նկարահանողների մուտքը»,- գրված է Մայր Աթոռից տարածված հայտարարությունում:

Հիշեցնենք նաև, որ Գարեգին Բ-ի Վրաստան կատարած այցից հետո Իլյա Բ-ն, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսին, հայտարարել էր. «Գարեգին Բ-ն երիտասարդ է, և, հավանաբար, անհրաժեշտ է, որ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունն ամենալավն է»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

http://www.youtube.com/watch?v=GG0uSjlMEEw&feature=share