Ադրբեջան. այլախոհներին ծանր ժամանակներ են սպասվում Եվրատեսիլից հետո

Ադրբեջան. այլախոհներին ծանր ժամանակներ են սպասվում Եվրատեսիլից հետո
Ադրբեջան. այլախոհներին ծանր ժամանակներ են սպասվում Եվրատեսիլից հետո

Իրավապաշտպան ակտիվիստները, ովքեր օգտագործել էին Ադրբեջանում կայացած երգի համաեվրոպական մրցույթը`մարդու իրավունքների խնդիրների մասին բարձրաձայնելու համար, կարծում են, որ շուտով ստիպված են լինելու հատուցել իրենց «շատախոսության» համար:
Մինչ Ադրբեջանը պատրաստվում էր «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի եզրափակչին, որը կայացավ մայիսի 26-ին, տեղացի իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում էին, որ երբ միջազգային հանրության հետաքրքրությունը մարի երկրի նկատմամբ, կառավարությունն իսկական «որս» կսկսի նրանց նկատմամբ, ովքեր օգտագործել են երգի մրցույթը`իշխանություններին քննադատելու համար:

Այս տարի Եվրատեսիլը հյուրընկալելու իրավունք ստացած Ադրբեջանի կառավարության համար սա մեծ հաջողություն էր`երկիրը դեռեւս չբացահայտած շատ եվրոպացիների շրջանում այն գովազդելու լավ հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների եւ ընդդիմության համար, այնուամենայնիվ, Եվրատեսիլը նախ եւ առաջ Ադրբեջանում գոյություն ունեցող խոսքի ազատության սահմանափակումների եւ այլ խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն էր, եւ կարծիքներ էին հնչում, որ հենց այս ամենի պատճառով Ադրբեջանը երգի համաեվրոպական մրցույթի անցկացման համար համապատասխան երկիր չէր: «Երգենք հանուն ժողովրդավարության» քարոզարշավի շնորհիվ`այս ամենն ավելի ակներեւ դարձավ (տե´ս Ադրբեջան. մարդու իրավունքների ոլորտն անմխիթար վիճակում է» հոդվածը):

Եվրատեսիլի նախօրեին Բաքվում մարդու իրավունքների թեմայով մի շարք համաժողովներ կազմակերպվեցին, եւ երկար դադարից հետո մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բողոքի ցույցեր անցկացվեցին: Ակտիվիստների կանխատեսմամբ, սակայն, այժմ գոյություն ունեցող սահմանափակ ազատությանը վերջ կտրվի այն պահից, երբ Ադրբեջանը դադարի ուշադրության կենտրոնում լինել:

Մարտի 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցն անցկացրած եւ եվրատեսիլյան շաբաթի ընթացքում կազմակերպված միջոցառումներին մասնակցած «Azad Genclik» («Ազատ երիտասարդություն») կազմակերպության նախագահ Ուլվի Հասանլին նշում է, որ հատուցումն անխուսափելի է. նրա կանխատեսմամբ`ակտիվիստներին ու լրագրողներին շանտաժի եւ ծեծի են ենթարկելու, ինչպես նաեւ ձերբակալություններ են լինելու:

«Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրության կողմից ճանաչում ստանալու եւ գրավիչ կերպար կերտելու մեծ ակնկալիքներ ունեին: Իսկ մենք ոչնչացրեցինք այդ կերպարը: Սա շատ է զայրացրել նրանց, մեզ անպայման կփորձեն պատժել», – համոզված է նա:

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը նույնպես կարծում է, որ երգի մրցույթին կհաջորդեն ձերբակալությունները`վերջ դնելով սահմանափակումներից ազատվելու վերաբերյալ բոլոր հույսերին:

«Պատժվելու են հիմնականում քաղաքացիական հասարակության ակտիվիստները`եվրոպական հանրությանն Ադրբեջանում եղած բացասական երեւույթների մասին տեղյակ պահելու պատճառով: Եվ նշանառության տակ կհայտնվեն ոչ միայն ակտիվիստները, այլ նաեւ նրանց ընտանիքների անդամները», – ասում է նա:

«Ադրբեջանի իշխանությունները վախենում են ժողովրդից: Նրանց ահաբեկում է «Արաբական գարնան» սցենարի հավանականությունն Ադրբեջանում: Եվրատեսիլի ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ուստի, կառավարությունն ամեն քայլի կգնա`ժողովրդին ահաբեկելու համար, որպեսզի այս ամենը չշարունակվի», – հավելում է Յունուսը:

«Azad Genclik» կազմակերպությունն իր հերթին հայտարարություն էր տարածել`կոչ անելով օտարերկրացի զբոսաշրջիկներին զգույշ լինել իրենց հյուրանոցային համարներում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Ադրբեջանում լրագրողներին գաղտնի նկարահանել էին`հետագայում նրանց շանտաժի ենթարկելու նպատակով:

Հայտարարությունն ակնարկում էր 2011թ. ապրիլին տեղի ունեցածը, երբ լրագրողներ Նաթիգ Ադիլովի եւ Քան Թուրալի հյուրանոցային համարներում գաղտնի նկարահանված տեսանյութերը հայտնվել էին «Lider TV» հեռուստաալիքի եթերում (տե´ս «Ադրբեջան. պոռնկագրական բնույթի տեսանյութերը կարող են խարխլել ընդդիմության հեղինակությունը» հոդվածը): Նույն հեռուստաընկերությունը 2010-ի հոկտեմբերին նաեւ պոռնկագրական բնույթի մեկ այլ տեսանյութ էր հեռարձակել, որտեղ պատկերված էր «Azadliq» թերթի գլխավոր խմբագիր Ազեր Ահմեդովը: Իսկ 2012-ի մարտին լրագրող Խադիջա Իսմայիլովային եւ նրա ընկերոջը պատկերող տեսանյութը, որը գաղտնի նկարահանվել էր Իսմայիլովայի տանը, ուղեկցվում էր լրագրողի հասցեին հնչած սպառնալիքներով եւ շանտաժով, որոնց նպատակն էր ստիպել վերջինիս հրաժարվել բարձրաստիճան իշխանական օղակներում տիրող կոռուպցիայի վերաբերյալ իր ուսումնասիրություններից (տե´ս «Ադրբեջանցի լրագրողը`սպառնալիքների ու շանտաժի զոհ» հոդվածը):

Բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են հնարավոր ռեպրեսիաների մասին նախազգուշացումները, չնայած Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը մեղադրել է ակտիվիստներին ապատեղեկատվություն տարածելու եւ Ադրբեջանի հեղինակության հետ խաղալու մեջ:

«Ճնշումների կամ հատուցման մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Եվրատեսիլը մի նվեր էր, որը հնարավորություն տվեց Ադրբեջանի նման երիտասարդ պետությանը ճանաչում ձեռք բերել աշխարհում: Եվրատեսիլը կառավարություն եւ ընդդիմություն չի ճանաչում, այստեղ խոսքը գնում է ողջ Ադրբեջանի մասին», – հայտարարել է նա:

«Zerkalo» թերթի թղթակից Իդրակ Աբբասովը, սակայն, մատնանշում է այն փաստը, որ իշխանություններն արդեն իսկ սկսել էին ճնշել բողոքի ցույցերը նախքան Եվրատեսիլի ավարտը: Այսպես, մայիսի 21-ին եւ 24-ին կայացած բողոքի ցույցերը դադարացնելու համար արդեն ոստիկանությունն էր միջամտել:

«Մարդկանց սարսափելի ճնշման են ենթարկելու Եվրատեսիլից հետո: Ակտիվիստների, բողոքի ցույցերին մասնակցած ուսանողների եւ մարդու իրավունքները եվրոպական ԶԼՄ-ների միջոցով քարոզող երիտասարդական կազմակերպությունների դեմ կիրառվող հիմնական պատժամիջոցները լինելու են շանտաժը եւ թմրանյութեր պահելու վերաբերյալ մեղադրանքները: Նշանառության տակ կհայտնվեն նույնիսկ նրանք, ովքեր Ադրբեջանի մասին բացասական երանգավորմամբ մեկնաբանություններ են թողել Facebook-ում», – կանխագուշակում է լրագրողը:

Լրագրողական մրցանակի արժանացած Ի.Աբբասովը ապրիլի 18-ին ծեծի էր ենթարկվել նավթային ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, երբ փորձում էր նկարահանել, թե ինչպես էին քանդում Բաքվի շրջակայքում գտնվող Սուլուտեպե գյուղի տները. ստացած վնասվածքների պատճառով լրագրողը դեռեւս անկողնուն է գամված:

Աբբասովը հավելում է, որ իշխանությունների վրեժխնդրության թիրախում են հայտնվելու հատկապես «Երգենք հանուն ժողովրդավարության» քարոզարշավի ակտիվիստները: Մայիսի 23-ին Բաքվի կենտրոնում երթ կազմակերպած այս շարժումը նախաձեռնվել էր 30-ից ավելի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք նպատակ ունեին ստիպել Եվրատեսիլի կազմակերպիչներին պահանջել, որպեսզի Ադրբեջանում բարելավվի ժողովրդավարության մակարդակը:

«Երգենք հանուն ժողովրդավարության» քարոզարշավի համակարգող Ռասուլ Ջաֆարովը եւս համոզված է, որ հատուցումն անխուսափելի է, սակայն այս ամենն անմիջապես տեղի չի ունենա:

«Մեզ նման ակտիվիստների նկատմամբ ճնշում կգործադրվի, բայց ոչ անմիջապես Եվրատեսիլից հետ: Կառավարությունն այնքան էլ հիմար չէ, որպեսզի այդ ամենն անի անմիջապես երգի մրցույթից հետո, երբ երկիրը դեռեւս զգալի ուշադրության է արժանանալու: Դա արդեն կլինի աշնան մոտ ընկած ժամանակահատվածում», – կանխագուշակում է Ջաֆարովը:

Բողոքի ակցիաներին մասնակցած «Դրական փոփոխություն» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Ռաշադ Հասանովն այն կարծիքին է, որ պատժվելու են որոշակի անձինք`ծառայելով որպես նախազգուշացում մյուսների համար:

«Չեմ կարծում, որ ճնշումների ընդհանուր թիվը կաճի մրցույթից հետո. այդ ամենը գոյություն ուներ Եվրատեսիլից առաջ եւ հետո էլ կշարունակվի: Կառավարությունը կպատժի որոշակի անձանց`մյուսներին դաս տալու նպատակով», – եզրակացնում է նա:

Շահլա Սուլթանովա

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):