«Շատերին տնից դուրս գալը դեռ արգելված է». Էսմերալդա Դալլաքյանը՝ Չինաստանի իրավիճակի մասին

«Չնայած այսօր արդեն հիվանդությունը նահանջել է, օր օրի պակասում են հիվանդները, և ավելանում առողջացողների թիվը, Պեկինում վերջին օրերին հիվանդացության նոր դեպքեր գրեթե չեն գրանցվում, այնուամենայնիվ, կյանքը էստեղ դեռ կաթվածահար է: Շատերին տնից դուրս գալը դեռ արգելված է»,- պատմում է Էսմերալդա Դալլաքյանը, որը վեց ամսից ավելի է` ապրում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։ Չինաստան է մեկնել կրթությունը շարունակելու։ 

Նոր տեսակի կորոնավիրուսը անցյալ տարի դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում է բռնկվել՝ աստիճանաբար տարածվելով նաև երկրի սահմաններից դուրս: Նոր կորոնավիրուսի բռնկումը ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի կողմից ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում:

Վիճակագրության համաձայն՝ նոր կորոնավիրուսը Չինաստանում ընդհանուր առմամբ 3136 մարդու կյանք է խլել, հիվանդացության թիվն այսօր ամբողջ աշխարհում կազմում է 114515 մարդ: 

Համաճարակային իրավիճակը, սակայն, Չինաստանում բարելավվում է, դրա վկայությունն ամեն օր տարբեր կառույցների կողմից թարմացվող վիճակագրական տվյալներն են՝ հիվանդացածների, մահացածների և առողջացածների թվերով:

Էսմերալդան ասում է, որ տպավորված է Չինաստանի առողջապահական համակարգի հզորությամբ, երկրի պատրաստվածությամբ, ինչպես նաև ժողովրդի գիտակցությամբ, սեփական իշխանություններին հավատալու, վստահելու և ցանկացած որոշում աներկբա կատարելու պատրաստակամությամբ։

«Համաճարակի բռնկման հենց առաջին օրվանից, երբ ամենուրեք այս նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19) պաշտպանվելու մեթոդներն էին ներկայացվում, կարծես թե մի գիշերում քնեցինք ու արթնացանք բոլորովին այլ, շատ ավելի մաքուր ու վիրուսից ապահով Պեկինում։ Անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը հաճախակի լվանալը, փռշտալիս անձեռոցիկով դեմքը փակելը գոնե հայերիս համար սովորական թվացող կանխարգելող միջոցներ են, բայց ոչ Չինաստանի և չինացիների համար»,- ասում է նա։ 

Պատմում է, որ համալսարանի ճաշարաններից մեկում, որտեղ հիմնականում ընթրում է, երկու մարդ միաժամանակ նույն սեղանի շուրջը նստել չի կարող, իրարից որոշակի հեռավորություն պետք է պահպանեն, փոխել են նաև սեղանների դասավորությունը: «Իսկ ամբողջ ընթացքում բարձրախոսով կրկին հիշեցնում են ձեռքերը հաճախակի լվանալու ու մյուս կանխարգելիչ քայլերի մասին: Ամենամեծ զարմանքս էր, որ ճաշարանում կոկա կոլայի թիթեղյա տարան ևս բացելուց առաջ մաքրում են հատուկ մանրէազերծող հեղուկով»,- «Մեդիալաբին» պատմում է նա։

Էսմերալդան ասում է, որ արդեն սովորություն է դարձել ջերմությունը չափելը. բոլոր շենքերի մուտքի մոտ, դուրս գալիս, ներս մտնելիս օրվա մեջ մի քանի անգամ ջերմություն են չափում։

Նա նշում է, որ դեռ մեկ տարի առաջ անգամ ընտանիքի անդամների համար դժվար էր հասկանալ՝ ինչո՛ւ է որոշել հանրային առողջապահություն ուսումնասիրել ասիական այս պետությունում։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում վերջին ամիսներին Չինաստանում, ուղղակի պատասխանն է իր որոշմա:

«Ուզում էի ընտրել երկիր, որն ունի բազմաթիվ առողջապահական խնդիրներ և միևնույն ժամանակ ներուժ դրանք հաղթահարելու»,- ասում է Էսմերալդան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am