«Դժվար գործընթաց է թալանածը հետ բերելը և որն է ճիշտ՝ դնել ու դանակով կտրե՞լ, ասել՝ վե՞րջ, բոլորին մտցնում եմ բա՞նտ». Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասանուհի Լալա Մնացականյանը

Տիկի՛ն Մնացականյան, ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը: Հեղափոխությունից հետո իշխանությունները խոսում էին քրեական ենթամշակույթը վերացնելու մասին, բայց խորհրդարանում նման միջադեպի ենք ականատես լինում:

– Իհարկե, ես միշտ դեմ եմ եղել բռնությանն ու ծեծկռտուքներին, բայց բոլոր երկրների պառլամենտներին դա բնորոշ է։ Իհարկե ցանկալի է, որ նման երևույթներ չլինեն, որ մարդիկ հասնեն այն վիճակի, որ կարողանան լսել դիմացինի կարծիքը՝ առանց կռվի ու ծեծկռտուքի։ 

Ինձ թվում է՝ ոչ մի նորմալ ու կիրթ մարդու այդ երևույթը դուր չի եկել, մանավանդ որ երկու հասուն տղամարդ էին, կարող էին կանխել։ Իսկ եթե կռիվ է լինում, երկուսն էլ իրենց մեղքի բաժինն ունեն։

Նախորդ խորհրդարանում էինք մենք հայհոյող ու սպառնացող պատգամավորներ տեսել, հիմա արդեն համեմատություններ են տարվում, որ նախկին սխալներն են կրկնվում։

– Համեմատություններն անտեղի են, որովհետև մարդկային էմոցիա կա, և մարդը կարող է սահմաններից դուրս գալ։ Այն, ինչ ասվում է բառերով, դեռ չի նշանակում, որ մենք ի զորու ենք կատարել գործով։ 

Այո՛, մենք խոսքով ուզում ենք լինել քաղաքակիրթ, բայց գործով մի փոքր ավելի դժվար է, որովհետև այստեղ էմոցիաներ են, և կարող ենք մեկս մյուսին դրդել նման քայլի։ Թե ով է սկսել առաջինը՝ դա կարևոր չէ, կարևորն այն է, որ հասուն մարդն է դրան մասնակից։ Այսպիսի մի խոսք կա՝ ով քեզ բարկացնում է, ուրեմն քեզ վրա իշխում է։ 

Իրենք իրար հունից հանեցին, և ունենք այն, ինչին ականատես եղանք, տգեղ երևույթ էր։ Բայց, կրկնում եմ՝ տարբեր երկրների խորհրդարաններում էլ կան այդպիսի բաներ, և դա կապ չունի քաղաքակրթության ու դաստիարակության հետ, մարդը դուրս է գալիս սահմաններից։ Ես կարծում եմ՝ երկուսն էլ պետք է հավասար պատասխանատվության ենթարկվեն։

– Դա կարո՞ղ է ենթադրել նաև մանդատից հրաժարումներ։

– Չէ՛, ինչո՞ւ պետք է մանդատից հրաժարվեն, եթե այդպես լինի, բոլոր պատգամավորներն էլ պետք է մանդատից հրաժարվեն։ Նախկինում պատգամավորների կեսից ավելին մարդ էին սպանում, ծեծում ու հայհոյում, ո՞վ էր մանդատից հրաժարվում։ Ոչ ոքի էլ մանդատից չպետք է զրկել, այդ երևույթին չպետք է շատ ողբերգական մոտենալ։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա այն բանի հետևանք է, որ նախկինները դիմադրում են, քանի որ ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, պայքար է տարվում կոռուպցիայի դեմ։ 

– Չի կարող մյուս կողմից դիմադրություն չլինել, դա նորմալ է, դու մարդուն գցել ես այն պայմանների մեջ, որ նա պետք է դիմադրի։ Դրա վրա չպետք է այդքան սևեռվել։ Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, բնականոն է, սովորական պրոցես է։ Մենք սկսում ենք կամաց-կամաց հասկանալ՝ ով ենք մենք, ուր ենք գնում։

– Վարչապետն օրերս ասաց, որ 2019 թվականի ձախողումը եղել է այն, որ չեն կարողացել ժողովրդից գողացածը վերադարձնել։ Որպես օբյեկտիվ պատճառ՝ նշվում է իրավապահների վատ աշխատանքը։ Ինչո՞ւ է այս իրավիճակը։

– Դժվար է հետ բերել այդ թալանածը, որովհետև հիմա նույն այդ ղեկավար պաշտոնների մի մասը գրավել են իրենք։ Մենք բավական փոքրաթիվ ժողովուրդ ենք, և այդ պաշտոնները բաժանվել են ինչ-որ կոնկրետ մարդկանց վրա, մենք չունենք նրանց շատ փոխարինողներ։ 

Եվ, իհարկե, շատ դժվար գործընթաց է թալանածը հետ բերելը։ Ես չգիտեմ՝ որ տարբերակը ճիշտ կլիներ՝ դնել ու դանակով կտրե՞լ, ասել՝ վե՞րջ, բոլորին մտցնում եմ բա՞նտ, ինչն իր բացասական կողմերն ունի։ ԽՍՀՄ տարիներին 70 տարի մենք սովորել ենք թալանին, իսկապես թալանել ենք, հետո 30 տարի թալանել ենք գերազանցապես։ 

Այն ժամանակ թալանում էին, բայց երգում էին՝ մեր հայրենիք, գովերգում էին հայրենիքը, հետո սկսեցին բացահայտ թալանել։ Այսինքն՝ 100 տարի դու թալանի գործընթացի մեջ ես, հիմա այս մարդիկ եկել-նստել են, իհարկե իրար կխանգարեն։

Ես մեկ-մեկ մտածում եմ՝ կարելի էր շատ կտրուկ քայլերի դիմել, կոշտ ու կոպիտ քաղաքականություն վարել։ Բայց այն չի կատարվում այսօր, որ դնենք ու մի կաթիլ մեղրը սարքենք դրանից։ Ինձ համար չկա դիմացին, մենք մեկ ժողովուրդ ենք, ուղղակի կար մի ժամանակ, երբ ժողովրդի 20 տոկոսն ասաց՝ ես պետք է ձեր 80 տոկոսի հարցերը լուծեմ։ 

Բայց էլի մեր ժողովուրդն է։ Հիմա այդ 20 տոկոսն այսօր էլ իր ձեռքին ունի ռեսուրս, մասնագետ, և դժվար է այս գործընթացը։ Ես այստեղ ոչ ուզում եմ մեղադրել, ոչ էլ արդարացնել։ Երբ մենք սկսում ենք իրավիճակը քննադատել կամ գովերգել, մենք հարցի լուծումը չենք ունենալու, որովհետև քննադատել իրավիճակը՝ նշանակում է պատասխանատվություն չվերցնել այդ իրավիճակի համար, գովերգել՝ նշանակում է չտեսնել թերությունները։ Իրավիճակը կա, ուրեմն պետք է լուծել այդ հարցը՝ զգոն, սթափ ու հանգիստ, առանց որևէ էմոցիաների։

Մարդիկ Ֆեյսբուքում այդ ամբողջ մաղձն սկսել են թափել, որովհետև գործողություններ չեն կատարվում։ Մարդն սպասում է գործողությունների, բայց այդ գործողությունները չկան, երկու տարի է անցել։ Մենք անընդհատ այս ներքին չարված գործողությունների էներգիայի տակ ճկռել ենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am