Տուգանքը և կյանքը

Վահրամ Թոքմաջյան

ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են ոչ հուսադրող թվեր: Ըստ այդ թվերի՝ մայիսի 29-ի դրությամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 15241 արձանագրություն:

Բնականաբար, այս թվերն ավելի շատ կլինեին, եթե ոստիկանությունն ավելի ինտենսիվ աշխատեր կամ աչք չփակեր որոշակի խախտումների վրա: Ինչի՞ մասին են խոսում այս թվերը, և ի՞նչ շահարկումների առիթ կարող են հանդիսանալ:

Սիրելի՛ ընթերցող, սույն փոքրիկ ակնարկը բնավ միտում չունի դատափետելու որևէ մեկին կամ մեզ ներկայացնելու որպես անկարգապահ հասարակություն: Ցանկացած հասարակությունում կան մարդիկ, որոնք ավելի կարգապահ են, և կան այնպիսիք, որոնց համար օրենքը կամ հանրային համակեցությունը որևէ արժեք չունի: Հնարավոր է՝ մեզ մոտ ավելի շատ երկրորդ տեսակն է: Հայաստանում օրենքը վաղուց չի գործել: Ասել կուզի՝ մարդիկ հետ են վարժվել ապրել իրավական պետության մեջ: 

Մյուս կողմից՝ հանրային լայն շերտերի ընկալումներում միշտ «պրեստիժնի» է եղել իշխանության, կառավարության որոշումներին չենթարկվելը, անպայման հակադրվելը կամ «շուստրիությամբ» աչքի ընկնելը: Եթե սովորական իրավիճակում դա կենսաձև է, ապա այս փուլում, որում ապրում ենք մենք, այդ կենսաձևը դառնում է իրական սպառնալիք այլոց առողջության համար: Դա այլևս նշանակում է համակեցության բոլոր գրված և չգրված կանոնների խախտում:

Իհարկե կարող ենք մեկնակետը վերցնել այն «կուռ» տրամաբանության մեջ, որ եթե չեմ հավատում, ապա պարտավորված չեմ: Դեռ մի կողմ դնենք կորոնավիրուսի համաճարակին չհավատացողների մոտեցումները:

Նրանցից որևէ մեկը, գոնե ինձ, հիմնավոր կերպով չի ապացուցել դրա չգոյությունը: Չհավատալու պարագայում անգամ առաջանում է վաղուց չարչրկված այն սահմանը՝ իմ և դիմացինի իրավունքի:

Յուրաքանչյուրս, անկախ մեր ունեցած մոտեցումներից, պարտավոր ենք հարց տալ ինքներս մեզ՝ պատրա՞ստ ենք հոգ տանել դիմացինի մասին, թե՞ շարունակելու ենք սեփական շեմը մաքրել, իսկ աղբը հրել հարևանի դռան մոտ: Այս պարզ դատողության պատասխանն է պայմանավորում շատ հարցերի ընթացքը: 

Ի՞նչ պետք է աներ իշխանությունը: Հարցեր տալու և պատասխաններ պահանջելու ժամանակը դեռ կգա: Որևէ մեկը դրանից չի խուսափել և չի խուսափելու: Սակայն այդ հարցերը հնչեցնելու և միմյանց մեղադրելու ամենահարմար ժամանակը ճգնաժամի գագաթնակետը չէ:

Բոլոր գրված ու չգրված օրենքներով՝ ճգնաժամային իրավիճակներում հասարակությունները միավորվում են: Մի կողմ են դնում քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական նախապատվությունները: Այս ամենը սակայն մեզանում չկա: Վատ է:

Պետությունը հանրային համակեցության միակ ձևն է, որն ունի ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք: Իշխանությունն ընտրել է այդ ուժի ձևերից մեկը՝ տուգանքը: Այո՛, ես համաձայն եմ որ տուգանվի 100 մարդ, եթե դա կանխելու է 1 մարդու մահը: Այո՛, ես համաձայն եմ, որ ժամանակավորապես դադարեցվի 100 տնտեսավարողի գործունեություն, եթե դա կանխելու է 1 մարդու մահը: 

Մարդը բարձրագույն արժեք է: Եկել է ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը գործով ապացուցի, որ այս միտքը սին չէ: Ունայն չէ, ինչպես միմյանց մասին հոգ տանելու շատերի միֆերը, որոնք պայթեցին այս օրերին:

Իշխանությունը, հաշվի չառնելով ֆեյսբուքյան որոշ շրջանակների աղմուկ-աղաղակը, պետք է գործի իր ողջ լիազորությունների ուժով և հնարավորությունների առավելագույնով: Հայաստանը Ֆեյսբուքը չէ: Ֆեյսբուքյան ստատուսներից անդին իրական մարդիկ են, որոնք մահանում են նաև այլոց անկարգապահության պատճառով: 

Իսկ ինչ պատասխան ենք տալու այն քաղաքացուն, որը կարգապահ է եղել, շարունակում է կարգապահ լինել, կրել և կրում է ֆինանսական վնասներ, բայց այլոց առողջությունը դրանից առավել է համարում:

Եթե փորձենք մեղավորներ գտնել կամ որոշումներին չենթարկվելու հիմքեր, ապա անպայման կգտնենք: Ի վերջո, էժան ձեռնածությամբ են զբաղված բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե այս տուգանքները բյուջեն լցնելու միջոց են: Այդ նույն մարդիկ հաջորդ պահին բերում են վրացական օրինակը՝ շտապելուց «մոռանալով» նշել այդ նույն Վրաստանի տուգանքների չափերը:

Սիրելի՛ ընթերցող, այո՛, այդ գրողի տարած դիմակը շոգին կրելն անհարմար է: Այո՛, այս իրավիճակը մեզ բոլորիս հունից հանում է: Այո՛, մենք բոլորս նյարդերի լարման գագաթնակետին ենք: Սակայն մյուս կողմում դրված է մարդու առողջությունը: Տարրական կանոնների պահպանումը ազատում է թե՛ տուգանքից, թե՛ բախումից, թե՛ հետագայում խղճի խայթից: 

Մեր թույլ տնտեսության պայմաններում մենք չենք կարող մեզ կրկին խիստ կարանտին թույլ տալ: Տեքստը հուզական չդարձնելու համար չեմ նշի, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Իսկ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է տարրական հարգանք պետության, օրենքի և դիմացինի նկատմամբ:

Առո՛ղջ եղեք:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am