«Ո՛չ Հայոց լեզվի, ո՛չ Հայոց Եկեղեցու պատմության նյութը թե՛ ժամաքանակի, թե՛ նյութի ամբողջականության առումով դուրս չի մղվում». Կրթության փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, կրթության փորձագետ Վահրամ Սողոմոնյանը

– Պարո՛ն Սողոմոնյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության նոր չափորոշիչները, որոնք արդեն հասցրել են քննադատության արժանանալ։ Եթե ընդհանուր վերցնեն՝ ի՞նչ է առաջարկում նախարարությունը։

– Կրթական չափորոշիչների բարեփոխումների նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկ տարուց ավելի է՝ ընթանում են։ Հայաստանն անցնում է կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթության։ 

Այդ նպատակը վաղուց է եղել և կոնկրետ իրագործման փուլ է մտնում։ Սա հայեցակարգային նոր մոտեցում է, որին 2000-ական թվականների սկզբին շատ երկրներ անցում են կատարել։ Կարևոր են աշակերտի առանցքային հմտությունները՝ լեզվական խոսքի, սովորելու, քննադատաբար մտածելու, որոշումներ կայացնելու, և այս առանցքային կոմպետենցիաներով տարբեր առարկաներ կապվում են միմյանց հետ։ 

Այսինքն՝ մենք այլևս չպետք է դիտարկենք առարկաները միմյանցից առանձին, այլ պետք է դիտարկենք դրանք աշակերտի մեջ առանցքային և առարկայական կոմպետենցիաներ ձևավորելու տեսանկյունից։ 

Հիմա այն, ինչ քննարկման առաջին պլան է մղվել, ցավոք, չի արտացոլում բարեփոխումների կարևորությունը, և, ինչպես միշտ, մակերեսային կերպով առանձնացրել են մի թեմա, որի շուրջ ինչ-որ ենթադրություններ են արվում։

– Դուք նկատի ունեք Հայոց Եկեղեցու պատմության, Հայոց լեզվի դասաժամերի կրճատման մասին քննարկումնե՞րը։

– Այո՛։ Բայց դա իհարկե այդպես չէ։ Ո՛չ Հայոց լեզվի, ո՛չ Հայոց Եկեղեցու պատմության նյութը թե՛ ժամաքանակի, թե՛ նյութի ամբողջականության առումով դուրս չի մղվում, այլ ինտեգրվում է Հայոց պատմության և ավելի մեծ բնագավառների մեջ։ Հայեցակարգի փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում են համապատասխան փոփոխություններ, որոնք կարող են ապահովել կրթության բարձր որակ։

– Պարո՛ն Սողոմոնյան, ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ են քննարկումները շեղվում բուն թեմայից։

– Չեմ կարող ասել, բայց ինձ ապշեցնում են կրթության նախկին պատասխանատուների՝ որպես կրթության փորձագետների այն սիրողական մակարդակի փաստարկները, թե իբր մարդիկ հայերենին լիարժեք չեն տիրապետի, չեն իմանա իրենց Եկեղեցու պատմությունը, կզրկվեն քրիստոնեական արժեքներին ծանոթանալու հնարավորությունից։ 

Ընդհանրապես, այն, որ չեն տեսել ու չեն տեսնում այն խնդիրները, որ գոյություն ունեն մեր կրթական համակարգում, նույնիսկ տարակուսելի է, թե ինչպես են մարդիկ երկար ժամանակ այդ ոլորտը ղեկավարել։ Ինչ վերաբերում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային, հավանաբար փորձում են մարդկանց լարերի հետ խաղալ, այնինչ մեզ անհրաժեշտ է արդիական, ժամանակակից կրթություն, և մեր պատմության մեջ հոգևոր, աշխարհիկ հաստատությունները իրենց տեղն ունեն, ու դրանք բավարար չափով արտացոլված են լինելու դպրոցական ծրագրում։

– Դուք ասում եք՝ մեզ ժամանակակից կրթություն է անհրաժեշտ, և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները մի տեսակ կարծես նախանձով են վերաբերվում՝ հայտարարելով, թե «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հաշվին տեխնոլոգիաներ են սովորեցնում երեխաներին։ Դուք մասնակցում եք չափորոշիչների վերաբերյալ այդ քննարկումներին, հիմնավո՞ր են նման հայտարարությունները։

– Ո՛չ, նման բան չկա։ Նման հայտարարություն անողները ուղղակի չեն ուսումնասիրել փաստաթուղթը, որ արդեն շաբաթներ տեղադրված է էլեկտրոնային հարթակում։ 

Տեսեք, օրինակ՝ բնագիտական առարկաներին մոտավորապես 38 տոկոս է հատկացված, որի մեջ մտնում են մի շարք առարկաներ, և յուրաքանչյուրի մասնաբաժինը պակասում է, իսկ հայերենին՝ 15-21, կա նաև հայրենագիտությունը։ 

Եվ ընդհանրապես, կա միջազգային փորձ, թե որքան պետք է լինի մայրենի լեզվի տոկոսային մասը, որը տարբեր երկրներում տատանվում է 15-30 տոկոսի սահմաններում։ 

Թե՛ հայրենագիտության բնագավառը, թե՛ հայոց լեզվի և թե՛ մի շարք այլ բնագավառներ ենթադրում են հայերենի և հայոց պատմության նյութի ինտենսիվ ուսումնասիրություն։ Այնպես որ, այդ դասաժամերի կրճատման մասին նման հայտարարությունները սուտ են։

– Այսինքն՝ երբ պաշտոնապես հայտարարվում է, որ մայրենիի դասաժամն ավելանում է, նաև դրա հաշվի՞ն է ավելանում։

– Այո՛։ Այս ռեֆորմի գլխավոր ձեռքբերումը դպրոցների ինքնուրույնությունն է, ինքնավարությունը։ Այն ավելի մեծ ազատություն ու ճկունություն է տալիս առաջնորդվել ոչ միայն չափորոշիչով, այլ նաև ունենալ սեփական, որոշակիորեն տարբերվող ուսումնական պլանի հնարավորություն, և նաև աշակերտին է թույլ տալիս որոշ մասով անհատապես ընտրություն կատարել։ 

Այդ առումով լեզվի ժամաքանակը նույնիսկ մի շարք դեպքերում կարող է որոշակիորեն ավելանալ։ Եվ այն ավելանում է, ըստ էության։ Եվ ամենակարևորը՝ հայոց լեզվի ուսուցման որակն է բարձրանալու։ 

– Ուսումնական տարվա օրերի և մայրենիի համար նախատեսվող ժամաքանակի թվաբանական հաշվարկը ոմանց հանգեցրել էր այն մտայնության, որ դրանք ավելի են, քան ուսումնական տարին։

– Գիտեք՝ մարդիկ երբեմն առաջնորդվում են հին չափորոշիչների պատկերացումներով, որոնք բավականին կոշտ կառուցվածք ունեն, և ճկունության հնարավորություն չկար։ Էստեղ կա այդ ազատության և դպրոցի կողմից դասաժամերը պլանավորելու հնարավորությունը, բայց չափորոշիչը հստակ ուղղված է կոմպետենցիաների ձևավորմանը։ 

Այսինքն՝ դպրոցներում կրթության որակը գնահատվելու, ստուգվելու և որոշվելու է այնքանով, թե ինչքանով է դպրոցը կարողանում որոշակի հմտություններ ձևավորել աշակերտների մեջ, իսկ այդ հմտություններից ամենակարևորն ու առաջնայինը լեզվական հմտությունն է, այսինքն՝ որքանով է երեխան կարողանում իր մայրենի լեզվով տարբեր իրավիճակներում խոսել, արտահայտվել, քննադատել, մեկնաբանել և այլն։ 

– Դուք ասացիք, որ այս բարեփոխումների արդյունքում լինելու են ինքնուրույն։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են այսօրվա դպրոցները պատրաստ դրան ու, ընդհանրապես, բարեփոխումներին։

– Նախ՝ բարեփոխումների շրջանակում դպրոցներում լայն թափով մեծածավալ վերապատրաստումներ են ընթանալու թե՛ տնօրենների, թե՛ ուսուցչական կազմի։ Սա նոր ու հեղափոխական մոտեցում է։ 

Այսօր կարծես ուսուցիչների մեծ մասը դեռևս լավ չի պատկերացնում նոր մոտեցումների իրագործումը, այդ իսկ պատճառով նախատեսված են մեծածավալ վերապատրաստական աշխատանքներ։ Մեր ուսուցիչները, հենվելով իրենց արդեն իսկ ունեցած փորձի վրա, կարող են համակերպվել նոր իրողությանը։ 

Ես կարծում եմ՝ անցումը հաջող կլինի։ Ես ինքս ներկայացնում եմ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը, որը դեռ երկու տարի առաջ նախաձեռնել է «Մասնակցային դպրոց» ծրագիրը «Դասավանդիր» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության հետ, որի շրջանակում մենք սերտորեն համագործակցում ենք 20 դպրոցի հետ՝ մասնակցային մշակույթի խթանման և հմտությունների ձևավորմանն ուղղված ուսուցման ներդրման ոլորտում։ Պետք է ասեմ՝ տնօրենները ոգևորված էին այդ ծրագրով։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am