«Գիտեմ, որ սխալ բան եմ անում, բայց էլ չեմ դիմանում». արտակարգ իրավիճակում դեռահասները հայտնվել են խոցելի իրավիճակում

Երբ 15-ամյա Աննայի մայրն ուշ գիշերը մտավ աղջկա սենյակ, որ լույսը մարի, զարմանքից քար կտրեց. աղջկա փոխարեն անկողնում, վերմակի տակ, փաթաթված շորեր էին։ Աննան փախել էր տնից։

«Գիտեմ, որ սխալ բան եմ անում, բայց ես էլ չեմ դիմանում։ Ուղղակի չեմ դիմանում։ Կներեք ինձ»,- սեղանին թողած երկարաշունչ նամակում գրել էր աղջիկը։ 

Աննայի մայրը՝ Մարիամ Խաչատրյանը, ասում է, որ առաջին պահին, երբ նկատել է՝ աղջիկը չկա, այնքան է հուզվել, որ չի կողմնորոշվել՝ ինչ անել։ 

«Սեփական տանն ենք ապրում, ու կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված՝ մեր տանն են նաև տարեց ծնողներս։ Այդ պատճառով մեր մեկուսացումն ավելի քան խիստ էր, փորձել ենք առավելագույն ապահով միջավայր ստեղծել ծնողներիս համար, որոնք քրոնիկական հիվանդություններ ունեն և խոցելի խմբում են։

Ընդհանուր լարվածությունը, փակ կյանքը, ընկերներից կտրված լինելը, փաստորեն, շատ ծանր էին ազդել աղջկաս վրա։ Նա փախել էր՝ տնից իր նման փախած մի քանի ընկերների մոտ՝ գիշերվա կեսին, որ ոչ ոք չնկատի»։

Կորոնավիրուսային համավարակի կանխման համար Կառավարության հայտարարած արտակարգ դրությունից բխող կարանտինային վիճակը Հայաստանում տարբեր կերպ է անդրադարձել դեռահասների վրա։

Ամենահետաքրքրասեր ու սեփական «ես»-ի փնտրտուքի ճանապարհին գտնվող տարիքային հատկապես այս խմբի ներկայացուցիչներից շատերին արտակարգ դրությամբ պայմանավորված պարտադրանքը ծանր դրության մեջ է դրել։

Կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում մարտի 16-ին, Կառավարության որոշմամբ, Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Արտակարգ դրությունը երկարաձգվել է 4 անգամ՝ մեկական ամսով, և, ըստ վերջին որոշման, այն կշարունակվի մինչև օգոստոսի 12-ը։ Հուլիսի 15-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 33 հազարը, շուրջ 600 մահվան դեպքերով։

«Դեռահասությունը ճգնաժամային տարիք է, միևնույն ժամանակ՝ անցումային։ Այս շրջանում նրանք հոգեբանական մեծ փոփոխություններ են ապրում, փորձում են հարմարվել կյանքի նոր պայմաններին»,- «Մեդիալաբին» ասում է Գյումրիի «Ակմէ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկուհի Կնյազյանը։ 

Շիրակի պետական համալսարանում հոգեբանություն դասավանդող Հայկուհի Կնյազյանը փաստում է, որ դեռահասության շրջանի հոգեբանական բարդ, խճճված վիճակին ավելանում են արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված դժվարությունները։

«Այդ տարիքի երեխաները սիրում են հավաքվել, խմբվել, թեկուզ եթե խոսելու թեմա էլ չունենան, սիրում են իրար կողքի լինել։ Հիմա պատկերացրեք՝ այդ խմբվելը չկա, իրար չեն տեսնում, ընկճվում են, դառնում ինքնամփոփ»,- ասում է Կնյազյանը՝ հաստատելով 16-ամյա Արամ Գալստյանի մոր՝ Աննա Մանուկյանի խոսքը։

Մանուկյանը նշում է, որ մինչև արտակարգ իրավիճակը որդին գրեթե ամեն օր հանդիպում էր ընկերներին։ 

«Մեր տանն էլ էին հանդիպում, ժամերով փակվում էին սենյակում, խոսում, ծիծաղում, երաժշտություն լսում։ Մենք էլ հասկացել ենք, որ պիտի հանգիստ թողնենք նրանց, բարդ տարիք է,- «Մեդիալաբին» ասում է Մանուկյանը: – Սակայն աշխարհում սկիզբ առած համավարակի հետևանքով բոլորս ստիպված էինք փակվել տանը, կիրառել լուրջ սահմանափակումներ։ Մենք՝ մեծահասակներս ենք նույնիսկ ծայրահեղ ծանր տանում այս իրավիճակը, իսկ դեռահասների համար սա լրիվ պատուհաս է»։

Աննան ասում է, որ նախորդ երեք ամիսների ընթացքում Արամի առնվազն երկու ընկեր-ընկերուհու ծնողներից զանգեր է ստացել, որոնք ցանկացել են ճշտել իրենց դեռահասների գտնվելու վայրը։ 

«Չեմ մեղադրում ո՛չ ծնողներին, ո՛չ էլ երեխաներին, մի անսովոր, դժվար և անորոշ վիճակում ենք հայտնվել,- ասում է նա: – Կարծում եմ՝ տեղին կլիներ դեռահասների ընտանիքներին և հենց երեխաներին հոգեբանական աջակցության հնարավորություն տալ, որովհետև լարվածությունը մեծ է»։

Վերջին ամիսներին ոստիկանական տեղեկագրերում դեռահասների անհետ կորելու մի քանի դեպքերի մասին հայտարարություններ կարելի է հանդիպել։ 

Տնից անձի, մասնավորապես, դեռահասի փախուստը ՀՀ ոստիկանությունում արձանագրվում է որպես անհետ կորելու դեպք. այդ մասին ահազանգը ստանալուց հետո ոստիկանությունը, ներկայացնելով անձի արտաքին տվյալները, հանրությանը հորդորում է իրավապահներին հայտնել նրա գտնվելու վայրի մասին։ 

«Անձն անհետ կորած համարվում է, երբ մեկ ժամ կամ մեկ օր կամ որևէ մի ժամանակահատված, տվյալ դեպքում՝ անչափահասը, տուն չի վերադառնում։ Այս դեպքերի շեշտակի նվազում ունենք՝ կիսով չափ: Բոլոր երեխաներն էլ, ի դեպ, հայտնաբերվել են»,- «Մեդիալաբին» ասում է ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ 

Տնից փախուստի դիմած Աննայի մայրը՝ Մարիամ Խաչատրյանը, ասում է՝ մտքով էլ չի անցել ոստիկանություն դիմել։ 

«Մեր ընկերներից մեկը խորհուրդ տվեց ինքնուրույն փնտրել և գտնել մեր աղջկան՝ ոստիկանություն դիմելու փոխարեն, հակառակ դեպքում, Աննայի անունը կհայտնվեր ոստիկանական փաստաթղթերում, ինչը, չեմ կարծում, որևէ դրական բան կտար թե՛ իրեն, թե՛ մեզ։ Բարեբախտաբար, մեր տրամաբանությունը հաղթեց, և աղջկաս գտանք։ Եթե երկար փնտրեինք, այլընտրանք չէր լինի, և կդիմեինք ոստիկանություն։ Գիտեմ, որ շատերը հենց մեզ պես էլ մտածում են և չեն դիմում իրավապահների օգնությանը»։

Խաչատրյանն ասում է, որ դեպքից հետո սկսել են հոգեբանի հետ առցանց աշխատել՝ փորձելով օգնել իրենց աղջկան։ 

«Բազում խնդիրներ կարող են առաջանալ, այն, ինչ մեզ համար խնդիր չէ, կարող է դեռահասի համար ծայրահեղ կամ կտրուկ քայլի գնալու առիթ հանդիսանալ, և փորձում ենք սիրով ու ուշադրությամբ այդ հարցը լուծել»,- ասում է նա։

14-ամյա Կարինեն ասում է՝ ընկերների հետ առցանց շփվելու համար սեփական տարածք գտնելը տանը դժվարացել է, ինչն էլ լարվածություն է առաջացրել ծնողների հետ հարաբերություններում։ 

«Ընկերներիս հետ առցանց շփման ժամանակ մայրս լսել էր մեր զրույցը, ու դա մեր միջև մեծ վեճի պատճառ դարձավ։ Ընդամենն անկեղծացել էի ու ասել, որ տանն առանձին տեղ չունեմ, որ կարողանամ նրանց հետ միայնակ խոսել։ Մայրս լսեց, սկսեց բարկանալ, նախատել ինձ, թե ես չեմ գնահատում իրենց, անշնորհակալ եմ»,- ասում է աղջիկը։

Դեռահասների հետ աշխատող հոգեբան Իրինա Խանամիրյանը նշում է, որ դեռահասության տարիքում շփումների սահմանափակումը կարող է վախերի  առաջացման պատճառ դառնալ։

«Եթե դեռահասության տարիքի առանձնահատկությունների տեսանկյունից ենք նայում, երեխաները հենց այս տարիքում շատ մտորումներ են ունենում կյանքում իրենց տեղի մասին, եվ, բնականաբար, սթրեսային իրավիճակը կարող է բարձրացնել տագնապայնության աստիճանը և որոշակի հիմքեր ստեղծել վախերի համար»,- «Մեդիալաբին» ասում է Իրինա Խանամիրյանը։

«Փրկենք երեխաներին» (Save The Children) միջազգային կազմակերպության հետազոտությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ը, «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպությունները համավարակի դժվարին օրերին տարբեր ուսումնասիրությունների, հրապարակումների, տեղեկատվական արշավների և ուղեցույցների միջոցով փորձում են աջակցել ծնողներին՝ հոգ տանելու իրենց և երեխաների մասին:

Հայաստանում համավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ազդեցության մասին ամբողջական պատկերի մասին խոսելը, ըստ մասնագետների, դեռ վաղ է, քանի որ ամբողջական ուսումնասիրություններ չկան։ Հոգեբան Խանամիրյանը նշում է, որ առաջիկայում հնարավոր է հեռավար ուսուցման, արտակարգ դրության ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություններ անեն՝ խնդիրներն ու լուծումները հասկանալու համար։ 

Ապրիլի վերջին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ասիական զարգացման բանկը» (ADB), կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով նոր դրամաշնորհային ծրագիր մեկնարկեցին։

«Այս ծրագրի իրականացումը կօգնի նաև հզորացնելու դպրոցական համակարգում հոգեբանական ծառայությունները՝ աշակերտներին և ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելու, կրթության կազմակերպման համատեքստում նախկին ռիթմը պահպանելու, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակով պայմանավորված սթրեսները նվազեցնելու նպատակով»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։

15-ամյա Լյուսին ինքն է որոշել իր խնդիրները լուծել։ Լյուսին բնակվում է տատի հետ՝ Հայաստանի մարզերից մեկում։ Աղջկա մայրը Գերմանիայում է, ինքը չի կարողացել մեկնել նրա մոտ՝ ի հայտ եկած փաստաթղթային խնդիրների հետևանքով։ Վերջին շրջանի ծանր մտքերից, անընդհատ տանը մնալուց, ճնշող զգացումներից ազատվելու հույսով ինքնուրույն որոշել է այցելել հոգեբանի։

«Առաջին մի ամիսը, որ դպրոց չէինք գնում, շատ դժվար էր, հետո սկսեցի հարմարվել։ Նույնիսկ սկսեցի ուրախանալ՝ ինչ լավ է՝ դպրոց չեմ գնա։ Մի տեսակ չէի ուզում մարդկանց տեսնել։ Հիմա դարձել եմ նյարդային, սկսել եմ ագրեսիվ արձագանքել հարազատներիս, կռիվ անել նրանց հետ»,- պատմում է Լյուսին։ 

Ասում է՝ իր ագրեսիվ վարքի հետևանքով պարբերաբար ինքնաքննադատության, մեղքի զգացում է ապրում՝ հո չնեղացրե՞ց հարազատներին։ Իրավիճակից ելքը հոգեբանի օգնությանը դիմելն է եղել։ Ասում է՝ մեկ-երկու այցելություն է ունեցել և արդեն թեթև է զգում իրեն։ 

«Մտածեցի՝ գնամ, ինձ տանջող մտքերը, զգացումները ներկայացնեմ մասնագետին, գուցե կօգնի դուրս գալ այս վիճակից, ազատվել անընդհատ կաշկանդող մտքերից»,- նշում է Լյուսին: 

Հոգեբան Մարուքյանը խորհուրդ է տալիս հիշել՝ դեռահասներին ինչ-որ բան կտրուկ արգելելը հղի է վատ հետևանքներով, և այդ դեպքում ծնող-երեխա հարաբերություններում լարվածությունն անխուսափելի է։ Հարցը կարող է և պետք է լուծվել միայն մտերմիկ զրույցով։

«Ծնողները պետք է նրանց ընկալեն որպես իրենց ընկեր ու խոսեն նրանց հետ, փորձեն լսել։ Պետք չէ միանգամից մեղադրել, պետք է վերլուծել խնդիրը և միասին լուծման ուղիներ գտնել»,- ասում է հոգեբանը։

Հոդվածում հերոսների անունները փոխված են։

Նկարազարդումները՝ Վահե Ներսեսյան

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: