Ի՞նչն է «անընդունելին»

Ի՞նչն է «անընդունելին»
Ի՞նչն է «անընդունելին»
Հեղինակ MediaLab

Եռանախագահների հայտարարությունը` արցախյան հակամարտության ներկա իրավիճակը բնութագրող եւ ակնկալիքները սկզբունքների տեսքով վերահաստատող, բովանդակային առումով որեւէ հիմնական հավելում չի պարփակում: Շեշտադրումների խնդիր է, որ հայտարարությանը ծանոթացողը կնկատի: Ոճի խստացումը, համեմատաբար նախորդ հայտարարություններին, ակներեւ է:

Այսպես . եռանախագահողները խոր ափսոսանք  են հայտնում, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փորձելու լուծում գտնել, հիմնված փոխադարձ շահերի հիման վրա, շարունակում են ձգտել միակողմանի ելքերի:

Նույն հայտարարության մեջ ասվում է, որ այս ձգձգումը անընդունելի է: մնացյալը, կոչի դասական մոտեցում է եւ բազմիցս ամրագրված սկզբունքների կիրառման անհրաժեշտության վերհիշեցում:

Ոճի համեմատական խստացման շարժառիթները կարող են իրենց քաղաքական բացատրություններն ունենալ: Այդ ուղղությամբ քաղաքական հարակից գործընթացները դեռեվս լույս կսփռեն  շեշտադրումային որոշակի փոփոխություններով փոխանցվող ուղերձի բուն դրդապատճառների վրա:

Այժմ նկատենք անմիջապես, որ ներկա գոյավիճակը եւ նրա լուծման համար տարվող բանակցությունների ձգձգումը ուղղակի անընդունելի կհամարվեն եռանախագահողների կողմից։ Բայց հակամարտության լուծման անտեսանելիության չափ անորոշ է նաեւ այս իրավիճակի անընդունելիության գաղափարը: Այստեղ անշուշտ ասված չէ, թե անընդունելիությունը ինչպե՞ս են ուզում գործնապես թարգմանել միջնորդ պետությունների ղեկավարները: Պաշտոնական Բաքուն իր պահանջների հետեւողականությունը պահելու համար իրավիճակի անընդունելիությունը կարող է  մեկնաբանել իբրեւ նախաբան բանակցային ձեւաչափի փոփոխության գործողության:

Պաշտոնական Երեւանի մեկնաբանությունը դիտարկելուց առաջ նկատենք, որ եռանախագահողների կողմից հայտարարված գոյավիճակի անընդունելիության պատասխանատվությունը հավասարապես բաժանվել է հակամարտող կողմերին: Իբրեւ պատասխանատու չի առանձնացվել  ռազմատենչ հայտարարություն կատարողը, հրադադար խախտողը, դիպուկահարներ գործի լծողը, դիվերսիոն գործողություններ կազմակերպողը, Սաֆարովին հերոսացնողը եւ հայատյացություն տարածողը: Շփման գծում կատարվող մշտադիտարկումների արդյունքները հավանաբար բավարար նկատվեին միակողմանի պատասխանատվություններ ճշտելու համար:

Այս առումով էլ արդարացված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունն այս ամբողջ գործընթացի սառեցման պատասխանատվությունը Բաքվի ուսերին տեսնելու առումով: Դիվանագիտական մարտավարությունը եւս, որ որոշ ժամանակից ի վեր կիրառվում է, պարզ է: Միջազգային ընտանիքին ցույց տալ, որ միջնորդների եւ միջազգային օրենքի ճշտած սկզբունքներն ու օրինաչափությունները ընդունելի են Երեւանի համար եւ Բաքուն է, որ մերժում է դրանք։

Փաստ է նաեւ այն, որ հայկական դիվանագիտության այս վարքագիծը իր անմիջական արդյունքները չի տալիս: Եւ հակառակ դրան, որ սկզբունքների նշման ընթացքում Երեւանը ուժի կիրառման բացառումից հետո իբրեւ երկրորդ սկզբունք է արծարծում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ապա տարածքային ամբողջականության սկզբունքը, միջազգային հայտարարությունները ընդհանրապես եւ այս դեպքում եռանախագահները իրարահաջորդականության մեջ երկրորդ տեղն են տվել տարածքային ամբողջականությանը եւ ապա միայն իբրեւ երրորդ սկզբունք ինքնորոշման իրավունքին:

Այս նրբերանգները անպայման նկատի կառնվեն հայտարարության ուղերձները մեկնաբանողների կողմից: Միջազգային ընտանիքի, եռանախագահողների եւ Մինսկի խմբի հայտարարություններին ընդառաջ գնալը եւ Բաքուն իբրեւ պատասխանատու ներկայացնելու հայկական դիվանագիտության մոտեցումները բավարար չեն: Այդ բոլորը արդյունք կտան, երբ պատասխանատվության նժարը հայտարարություններում եւ հատկապես բանակցային սեղանների վրա սկսեն թեքվել դեպի ադրբեջանական կողմը:

Այսօր դեռեւս գործում է պատասխանատվության համահավասարեցման միջազգային սկզբունքը: Այս անգամ՝ համեմատաբար խիստ ոճով եւ իրավիճակը անընդունելի նկատելով: Երեւանը այս համահավասարեցումն անընդունելի պետք է նկատի եւ աշխատի որ նույն կեցվածքը որդեգրեն նաեւ միջազգային այլ կազմակերպություններ:

Շահան Գանտահարյան

«Ազդակի»  գլխավոր խմբագիր