Ալեքսեյ Նավալնիին, ըստ ամենայնի, թունավորել են. Գերմանիայի կառավարություն

«Deutsche Welle» գերմանական մեդիաընկերությունը հաղորդում է, որ այսօր Գերմանիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հավանաբար թունավորվել է:

«Կասկած կա, որ … ինչ-որ մեկը թունավորել է պարոն Նավալնիին – որ ինչ-որ մեկը լրջորեն թունավորել է պարոն Նավալնիին – ինչի մի քանի օրինակներ, ցավոք սրտի, առկա են Ռուսաստանի վերջին շրջանի պատմության մեջ, ուստի աշխարհը շատ լուրջ է ընդունում այդ կասկածը», – ասել է կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Սթեֆեն Սայբերտը լրագրողներին։

Խոսնակը նշել է, որ ռուս ընդդիմադիր գործչին անհրաժեշտ է թիկնապահների պաշտպանություն։ 

Ռուս բժիշկները, որոնք նրան բուժում էին Ռուսաստանում, սակայն, հերքել են արտաքին ազդեցությունը կամ թունավորման հավանականությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար քննադատող Նավալնին արդեն մի քանի օր է, ինչ կոմայի մեջ է: 44-ամյա Նավալնին շաբաթ օրը տեղափոխվել է Բեռլին՝ գերմանական կողմի իրականացրած թռիչքով, որպեսզի այնտեղ բուժում ստանա: Նավալնու կողմնակիցները մեղադրում են ռուս բժիշկներին նրան Գերմանիա տարհանելու գործընթացը ձգձգելու մեջ:

Գերմանական հիվանդանոցը, որտեղ Նավալնին գտնվում է, այսօր տարածել է հայտարարություն, ըստ որի՝ լայնածավալ փորձաքննությունները ցույց են տալիս, որ Նավալնին թունավորվել է խոլինեսթերազի ինհիբիտորների խմբին պատկանող նյութով։ Ներկայումս կատարվում են հետազոտություններ՝ կիռաված նյութի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով։ 

MediaLab.am