«Մարտի 1»-ի գործը՝ լակմուս

Վահրամ Թոքմաջյան

«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները դադարեցնում են դատական նիստերին իրենց ֆիզիկական մասնակցությունը:

Սրանից զատ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանն ընդարձակ ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել էր դատաիրավական համակարգին: 

Դատաիրավական համակարգի թնջուկը և խնդրահարույց դրսևորումները նորություն չեն: Դա ընկած էր նաև օրակարգի հիմքում: Մարդկանց փողոց էր դուրս բերել ոչ միայն սոցիալական, տնտեսական ծանր վիճակը, այլ նաև արդարության զգացողության պակասը:

Այդ արդարության զգացողության պակասը և արդարադատության բացակայությունն էին նաև, որ հանգեցրին 2018 թ. իրադարձություններին: 

Դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին հռչակվել էր նաև հեղափոխության հարթակից:

Սակայն 2.5 տարի անց ոչ միայն չկան բարեփոխումներ, այլ նաև այդ համակարգն իր ամբողջ ծավալով լծված է նախկիններին մեղքի թույլտվություններ բաժանելով, եթե կուզեք՝ հակահեղափոխություն իրականացնելով: 

Այդ գործընթացն ակնհայտ է «Մարտի 1»-ի գործի պարագայում: Վերջին 25 տարում մենք ունեցել ենք երկու ճակատագրական իրավիճակ, որոնց վերաբերյալ հասարակությունն ունի արդար պահանջ՝ թափանցիկ քննել մինչև վերջ ու պատժել մեղավորներին:

«Հոկտեմբերի 27»-ի գործը ներկայիս իշխանությունները կարծես «մոռացել» են, իսկ այն, ինչ կատարվում է «Մարտի 1»-ի գործի շուրջ, վեր է ամեն տեսակ աբսուրդ պատկերացումներից:

Մենք որոշել ենք չապրել ջունգլիների օրենքներով: Կարծես թե այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել 2018-ին: Նախկին իշխանություններն ապրում էին այդ օրենքներով:

Ով ուներ ավտոմատ, նա էլ կրակում էր: Այդպես եղավ նաև մարտի մեկին: Մենք ընդամենը փողոց էինք դուրս եկել կեղծված ընտրությունների դեմ պայքարելու համար:

Մեզնից յուրաքանչյուրը տեղամասերում և այլուր այնքան անարդարություն էր տեսել, որ կբավականացներ մի քանի հաջորդ ընտրություններ կեղծելու համար:

Եվ այդպես էլ եղավ: Իսկ փողոցում արդեն գործեց ջունգլիների օրենքը՝ ով զենք ուներ, նա էլ սպանեց: Ի հետևանս՝ զոհվեց 10 մարդ: Թվում էր, թե ամեն ինչ պարզ է:

Հայտնի են թե՛ հրաման տվողները, թե՛ կատարողները, թե՛ ըստ էության հեղաշրջում իրականացնողները և թե՛ դրանից հետո վայելողներն ու հարստահարողները:

Սակայն, պարզվում է, որքան պրիմիտիվ են ջունգլիների օրենքները, այնքան բարդ են քաղաքակիրթ աշխարհի նորմերը:

Պարզվում է՝ կա մի համակարգը, որը ոչ միայն չես փոխել, այլ նաև ինչ-որ նախարար զբաղված է ծիտիկ նկարելով ու մյուսներին ծաղրելով:

Բայց հենց այդ համակարգի փոփոխությունն է, որ պետք է բերեր իրական, հեղափոխական լուծումների, մարդկանց մոտ արդարության պահանջի վերականգնման:

Փողոցում ես փող չեմ ուզել, իշխանություն չեմ ուզել, ուրիշի գարաժը չեմ ուզել: Դրանք չեն եղել իմ օրակարգերը: Ես ու ինձ նման բազմաթիվ մարդիկ ուզել ենք արդարության վերականգնում:

Ու հիմա, երբ իշխանությունը փորձում է մեզ բացատրել, թե ինչքան դժվար է այդ «կոռումպացված» դատավորների միջոցով արդարության հասնել, առնվազն անկարողունակի տպավորություն է թողնում: Դասականի ասած՝ «չաքուջն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ»: 

Մենք հասկանում ենք, չէ՞, որ դատական համակարգի օբյեկտիվությունը միֆ է: Այն միֆ է նաև աշխարհի շատ զարգացած երկրներում: «Մարտի 1»-ի գործը բնույթով նաև քաղաքական է:

Այն բազմաշերտ գործ է, որը վերաբերում է ՀՀ բազմաթիվ քաղաքացիների:

«Մարտի 1»-ի գործը միայն զոհվածների ու տուժողների իրավահաջորդների գործը չէ: «Մարտի 1»-ի գործի պահանջատեր են բոլոր այն քաղաքացիները, որոնց քվեները կեղծվել են 2008-ին, ուղիղ պահանջատեր են բոլոր այն մարդիկ, որոնք ենթարկվել են անարդարությունների մամլիչ մեքենայի բռնություններին 2008-ին նախորդող և հաջորդող գործընթացների ժամանակ:

Այս գործն առնչվում է բոլոր այն մարդկանց, որոնք բերել են փոփոխություններ: Սա պետական իշխանության և հասարակական հարաբերությունների հիմքում ընկած գործ է:

«Մարտի 1»-ի գործի պահանջատերը նաև ներկայիս իշխանությունն է:

Օբյեկտիվ երևալու բուռն մղումն է, որ տպավորություն է ստեղծում, թե ներկայիս իշխանությունը փորձում է Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ: Բայց այդպես չի լինում:

Պարզապես չի լինում: Այդ «օբյեկտիվության» անհիմն մղումն է, որ տանում է այլ ծայրահեղություն:

«Մարտի 1»-ի գործով շահերի պաշտպաններից մեկին պատասխանում ես իշխանության խոսափող հանդիսացող թերթով՝ գլխավոր ամբաստանյալի փաստաբաններից մեկի միջոցով: Սրանից ելնելով կարո՞ղ ենք ենթադրություններ անել:

Կարող ենք:

Իսկ այդ ենթադրությունների հետևությունները հաստատապես իշխանության օգտին չեն:

Այս գործը շատ ավելին է, քան դատաիրավական աճպարարությունները:

Իշխանությունը որքան շուտ սա հասկանա, այնքան ավելի լավ կլինի իր և հասարակության համար ընդհանրապես:

Այս գործը դառնալու է լակմուս՝ իրական հեղափոխություն ցանկացողների, լայն հասարակական շերտերի և քաղաքական ուժերի համար: 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am