Այս պահին Ադրբեջանի տեղեկատվական քարոզչությունը ցույց է տալիս, որ բավականին ինտենսիվ պատրաստվում են սադրանքների. Ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Հայաստանի Անկախության տոնի նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևը մի քանի կոշտ հայտարարություններ է արել՝ մասնավորապես հայկական կողմին մեղադրելով բանակցությունները ձախողելու մեջ։ Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Եթե կհիշեք, հուլիսյան մարտերից առաջ ևս Ալիևը նման հայտարարություններ էր արել և մեղադրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահներին, բողոքել, իբր որ բանակցություններ չկան։ Իսկ Ադրբեջանի պատկերացրած բանակցությունը ենթադրում է իրենց բոլոր պահանջների ու նախապայմանների բավարարում, ինչը, հասկանալի է, որևէ տրամաբանության շրջանակում չի տեղավորվում։ Նման կարգավորում չի կարող լինել։

Հուլիսյան մարտական գործողությունների արդյունքում փաստացի Ադրբեջանը լուրջ ձախողում կրեց, և այդ լոկալ գործողություններում դա Ադրբեջանի պարտությունն էր, ինչը բավականին լուրջ բացասական արձագանքներ ունեցավ ադրբեջանական հասարակության ներսում։

Ադրբեջանի ղեկավարությունը ԱԳ նախկին նախարար Էլմար Մամեդյարովին պաշտոնից ազատելուց հետո ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը, հռետորաբանությունը և, ըստ էության, վերջին ամիսների ընթացքում ընտրել է սադրանքների ճանապարհը։

Այդ երկրի ղեկավարության վերջին հայտարարություններն ու վարած քաղաքականությունը տպավորություն են ստեղծում, թե այդ երկիրը փորձում է հող նախապատրաստել հավանական ռազմական սադրանքներ իրականացնելու համար։

Այսինքն՝ երբեք որևէ ռազմական գործողություն առանց բացատրության, առանց պատճառի չի սկսվում, այսինքն՝ եթե դու սկսում ես ռազմական գործողություն, ապա մինչ այդ տեղեկատվական քաղաքականության միջոցով պետք է ներկայացնես, բացատրես, թե ինչու ես սկսում, ներկայացնես քո դիրքորոշման իրավացիությունը։

Այժմ Ադրբեջանն այդ փուլում է և պարբերաբար կեղծ տեղեկություններ է գցում տեղեկատվական դաշտ՝ իբր քուրդ ահաբեկիչներին Արցախ տանելու, իբր խաղաղ բնակավայրերի վրա հայկական զինված ուժերի կողմից կրակելու վերաբերյալ և այլն։

Ընդհանուր առմամբ փորձում են տպավորություն առաջացնել, թե հայկական կողմը պատրաստվում է ագրեսիվ հարձակման, և իրենց լեգիտիմ իրավունքն է ինչ-որ գործողության միջոցով պատրաստվել դրան։

– Եվ այդ հարցում նրան կարծես պաշտպանում է Թուրքիան։ Մենք տեսանք, որ երեկ Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել էր սահմանին «ադրբեջանական հերոս զինվորի» մահվան մասին, ինչը կարծես նախկինում չէր եղել։ Այսինքն՝ նրանք միասնական ճակա՞տ են ձևավորել։

– Այո՛, նախկինում նման դեպք չէինք տեսել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդեր մեկ զինծառայողի մահվան մասին։ Թեև սա սովորական միջադեպ էր, բայց տեղեկատվական դաշտում դրան մեծ տեղ հատկացվեց։ Այս քաղաքականությունը նոր չի սկսվել, հուլիսյան դեպքերից հետո Թուրքիայի հետ նման քաղաքականություն է վարվում։

Թուրքիան միակ պետությունն է, որը լիարժեքորեն սատարել է Ադրբեջանին, և, ըստ էության, նաև սրա արդյունքում Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից բավական մեծացավ։ Այս պահին Թուրքիայի նման քաղաքականությունը պայմանավորված չէ միայն Հայաստանի կամ Ադրբեջանի գործոնով. այդ երկիրը տարածաշրջանում ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել և վարում։

Մենք դա տեսնում ենք Սիրիայում, Լիբիայում, Պաղեստինի խնդրում, Հունաստանում, Կիպրոսում։ Դրա շրջանակներում այդ երկիրը իրեն ագրեսիվ է պահում նաև Արցախի հիմնախնդրում։

Այս պարագայում Ադրբեջանը օգտագործվում է Թուրքիայի կողմից՝ այս տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար։ Հավանականությունը, որ Թուրքիան ուղիղ ռազմական գործողություններով ներգրավում կունենա, զրոյական է, բայց, իհարկե, դա չի բացառում, որ Թուրքիան և՛ տեղեկատվական դաշտում է օգնելու Ադրբեջանին, և՛ սպառազինվելու, և՛ զորքերը մարզելու հարցում է օգնելու Ադրբեջանին։

– Տեսակետ կա, որ Ադրբեջանը, համարելով, որ բանակցությունները ձախողված են, պատերազմի է նախապատրաստվում։ Որքանո՞վ եք համաձայն այդ տեսակետներին: 

– Նախ՝ բանակցությունները տապալել է և շարունակում է տապալել հենց ադրբեջանական կողմը։ Դա նոր երևույթ չէ։ Այդ երկիրը երբեք խաղաղ կարգավորման պատրաստակամություն չի հայտնել ու անընդհատ պնդել է, որ իրենց բոլոր նախապայմաններն իրականացվեն։

Ադրբեջանի՝ պատերազմի նախապատրաստվել-չնախապատրաստվելու հարցը մեզ մոտ այդ կերպ չպետք է դրվի, որովհետև Ադրբեջանը միշտ է նախապատրաստվել և նախապատրաստվում պատերազմի։ Առանձնացնել ու արտասովոր բան դրան վերագրել, կարծում եմ, փոքր-ինչ սխալ է։

Բնականաբար, պետք է հետևել գործընթացներին, բայց նաև պետք է հասկանալ, որ Ադրբեջանը միշտ է նախապատրաստվում մեր դեմ պատերազմի։ Այս պահին, այո՛, նրանց տեղեկատվական քարոզչությունը ցույց է տալիս բավականին ինտենսիվացած աշխատանքներ ինչ-որ սադրանքների պատրաստվելու, որի նպատակից կարող է լինել հուլիսյան ձախողումների համար ռևանշի հասնելը, հեղինակությունը վերականգնելը, որը իշխանության պահպանման կարևոր գործոններից է Իլհամ Ալիևի համար։

Բայց գուշակություններ անել, թե երբ ու ինչ մասշտաբի ռազմական գործողություններ կսկսեն, գրեթե անհնար է։ Պարզ է, որ ամեն վայրկյան, ամեն պահ պետք է պատրաստ լինել, քանի որ, ինչպես նշեցի, ադրբեջանական կողմը երբեք էլ հարցի խաղաղ կարգավորման լուրջ նախանշաններ ցույց չի տվել։

– Այս ամենին ինչպիսի՞ն է հայկական կողմի արձագանքը։ Ընդդիմախոսները պնդում են, որ հայկական կողմը պետք է բավական կոշտ արձագանքներ տա, մինչդեռ արտգործնախարարը անարձագանք է թողնում ադրբեջանական կողմի հայտարարությունները։

– Ճիշտն ասած, տեղյակ չեմ, որ արտգործնախարարը չի արձագանքել, բայց գիտեմ, որ ՀՀ ԱԳՆ-ն կիրակի որոշակի մեկնաբանություն տարածել էր Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Չեմ կարծում, թե հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում կարելի է բացասական գնահատել, որովհետև նաև թե՛ միջազգային մամուլում, թե՛ միջազգային հարթակներում տարբեր խնդիրներ բարձրացվել են։ Օրինակ՝ երեկ Սուրեն Պապիկյանը ՄԱԳԱՏԵ-ում բարձրացրեց հայկական ատոմակայանի հարցը, որը բավականին կարևոր ընդգծում էր։

Բայց Իլհամ Ալիևի ելույթը մասամբ նաև պատասխան էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ ունեցած ելույթին, մասնավորապես՝ հայտնի 7 կետերի մասին։ Այսինքն՝ այնպես չէ, որ մենք ականատես ենք լինում բացառապես ադրբեջանական քարոզչության և հակառակ քաղաքականությանը ականատես չենք լինում։

Բայց, իհարկե, անընդհատ պետք է աշխատել այս ուղղությամբ ու տեղ հասցնել մեր քարոզչությունը։ Իհարկե, միշտ չէ, որ պետք է արձագանքել հարևան պետությունից հնչող հայտարարություններին։ Այդպես շարժվելով՝ կարող ենք լինել անընդհատ պատասխանողի դերում։ Մեզ պետք է, որ մենք առաջ տանենք մեր օրակարգը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am