Երկնեց երկինք, երկնեց երկիր. Ըստ բժիշկների, էպիդուրալ ցավազրկման հանդեպ հետաքրքրությունը մեծացել է

Երկնեց երկինք, երկնեց երկիր. Ըստ բժիշկների, էպիդուրալ ցավազրկման հանդեպ հետաքրքրությունը մեծացել է
Երկնեց երկինք, երկնեց երկիր. Ըստ բժիշկների, էպիդուրալ ցավազրկման հանդեպ հետաքրքրությունը մեծացել է

«Շատ տարիներ առաջ էր, հիմա որ հիշում եմ, զարմանում եմ` թե ոնց էի գիշերով ձորերի միջով շակալների ու գայլերի բերանով հասնում ծննդկանի տուն, մենակով կամ տան մեծի հետ ծնունդն ընդունում ու նույն ճանապարհով տուն դառնում, ինչ բժիշկ, ինչ հիվանդանոց, մի Լենա ու մի գյուղ` ձորի մեջ,- հիշում է 80-ամյա մանկաբարձուհի Լենա Պետրոսյանն ու ավելացնում,- հիմա ա, որ համ հիվանդանոցը կա, համ ինչ տեխնիկա ասես կա, բայց արի ու տես ահել-ջահելները երկու երեխուց ավել չեն ուզում` հետն էլ անցավ»: 

Ըստ մասնագետների, մարդու օրգանիզմը ունակ է դիմանալ միայն 45 դելլ (ցավի չափման միավոր) ցավի, այնինչ ծննդաբերության ժամանակ կինը զգում է մինչև 57 դելլ: Այդ ցավը մոտավորապես նման է քսան ոսկորների միաժամանակյա ջարդվելու ցավին:

Այսօր փոխվել են ոչ միայն ծննդաբերությունը հնարավորինս անվտանգ դարձնելու թե բժշկական, թե տեխնիկական հնարավորությունները, այլև ծննդաբերությունն անցավ դարձնող ցավազրկման ձևերն ու միջոցները, որոնցից քաղաքակիրթ աշխարհում ամենակիրառելին` տեղային ցավազրկումն ու էպիդուրալ անզգայացումը, վերջին տարիներին սկսել է տարածում գտնել նաեւ Հայաստանում:

էպիդուրալ անզգայացումը` տեղային անզգայացման եղանակ է, որի դեպքում ցավազրկող դեղամիջոցները ներարկում են ողնուղեային խողովակի մեջ, որոնք ներազդում են արգանդի նյարդերի վրա:

Ցավազրկումն ազդում է միայն մարմնի ներքին վերջույթների վրա, շարժվելը դժվարանում է: Դեղանյութը ներարկելուց հետո մամնի ստորին մասում ժամանակավոր առաջանում է զգացողության լրիվ կորուստ: Քանի որ ծննդաբերողը ոչինչ չի զգում, պետք է հետևել մանկաբարձուհու հրահանգներին, թե երբ է հարկավոր ճիգեր գործադրել, իսկ երբ` խորը շնչել: Ցավազրկման դեպքում ծննդաբերական կծկանքները շարունակվում են: Անզգայացման ազդեցությունը տևում է երեքից չորս ժամ:

28-ամյա Անուշ Բաբաջանյանը, ով պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ, ասում է, որ արդեն մեկ անգամ անցել է ծննդաբերական ցավերի միջով եւ չի պատրաստվում երկրորդ անգամ «կյանքը բարդացնել»:

«Առաջնեկիս բնական ճանապարհով եմ ունեցել, մինչև հիմա սարսափով եմ հիշում. անտանելի էր ցավը, ու հաստատ որոշել եմ երկրորդ բալիկիս  ցավազրկմամբ եմ ունենալու,- ասում է 28-ամյա Անուշ Բաբաջանյանը և ավելացնում,- հիմա գիտեմ էպիդուրալ ցավազրկումը վտանգավոր չէ երեխայի կյանքի համար, կարող է մայրիկի համար որոշ խնդիրներ լինեն, բայց դա էլ շատ հազվադեպ»:

Մասնագետները նշում են, որ թեեւ էպիդուրալ անզգայացմամբ ծննդաբերության փորձը Հայաստանում կիրառվում է դեռևս 1991 թվականից, այնուամենայնիվ ակտիվություն այս ոլորտում սկսվել է վերջին տարիներին: Էպիդուրալ ցավազրկումը Հայաստանում անվճար է:

«Այսօր արդեն ընդունված պրակտիկա է` ծննդաբերության ժամանակ կիրառել էպիդուրալ ցավազրկումը,- «Մեդիալաբին» ասում է Երևանի «Էրեբունի բժշկական կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը,- էպիդուրալ ցավազրկման դեպքում երկարում է ծննդաբերական պրոցեսի հատկապես երկրորդ`ճիգային շրջանը: Եթե առանց ցավազրկման տևում է միջինը 1 ժամ 15 րոպե, ապա էպիդուրալով 3-4 ժամ: Ոչ մի դեպքում որևէ վնաս բալիկին չի հասցվում, միակ խնդիրը, որ կարող է առաջանալ էպիդուրալից հետո այն է, որ որոշ պատճառներով կարող է բարձրանալ կեսարյան վիրահատության ցուցման տոկոսը, հնարավոր են մեջքի ցավեր, գՙխացավեր, որոնք տեւում են մի քանի օր, բայց դա էլ հազվադեպ է պատահում»:

Սակայն, էպիդուրալ ցավազրկման վերաբերյալ վերաբերմունքը միանշանակ չէ: 31-ամյա Անահիտ Մանուկյանը «Մեդիալաբին» ասում է, որ այնքան էլ չի վստահում ցավազրկման այդ մեթոդին:

«Վեց տարի առաջ` առաջնեկիս ծնվելուց  բժիշկս առաջարկեց էպիդուրալ անել, ես էլ շատ տեղյակ չէի դրանից ու լսել էի, որ դա իրենց փողի համար են անում ու վտանգավոր է` հրաժարվեցի, բայց ինձ հետ նույն հիվանդասենյակում պառկած աղջիկը ընդունել էր, երբ ցավերին էլ չէր կարողացել դիմանալ, հետո էլ ահավոր բողոքներ ուներ»,- «Մեդիալաբին» պատմում է 31-ամյա Անահիտ Մանուկյանը:

Բժիշկ Աբովյանը նշում է, որ ամեն դեպքում կինը պետք է տեղեկացված լինի ցավազրկման միջոցների լավ եւ վատ կողմերի մասին, քանի որ շատ դեպքերում հենց ծննդաբերության ժամանակ, հարազատների համաձայնությամբ, մասնագետը կարող է դիմել էպիուդուրալ ցավազրկման:

 «Եթե տեղեկացված եք, ուրեմն կարող եք ճիշտ որոշում կայացնել, ուզել կամ չուզել, առաջարկել կամ մեր` բժիշկների կողմից առաջարկի դեպքում հանկարծակիի չգալ ու ճիշտ որոշում կայացնել»,- ասում է բժիշկ Աբովյանը:

Աշխարհի տարբեր ծայրերից հայ մայրիկներին համախմբող «Ֆեյսբուք»-ի «Հայ ծնողների ակումբ» սոցիալական խմբում արված «Մեդիալաբի» փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ կանանց` էպիդուրալ ցավազրկման մասին ունեցած կարծիքները խիստ տարբեր են:

Եթե ոմանք ցավազրկումը «վտանգավոր» էին որակում, շատերը նշում էին, որ այն հրաշալի միջոց է երեխայի լույս աշխարհ գալու օրը դժոխային ցավերի միջով չանցնելու համար:

«Ես բնական եմ ունեցել, չնայած ցավին մի այլ կերպ չեմ դիմանում, ահավոր դժվար էր ինձ համար, բայց դե մի տեսակ վատ զգացի ինձ, երբ գիտակցեցի, որ ինձ ցավերից ազատելու խաթր երեխայիս պետք է թեկուզ մի ժամ ավել տանջեմ,- ասում է Աննա Ջավախյանը,- չէ որ այդ ծննդաբերության դժոխային ցավերի միջով ինչքան մաման է անցնում, այնքան էլ բալիկը, իսկ էպիդուրալի դեպքում մաման ոչ միայն մի տեսակ մենակ է թողնում բալիկին, այլև երկարացնում է պրոցեսը, ու բալիկը մենակով ցավ է քաշում»:

Բժիշկ Աբովյանը նշում է, որ ամբողջ աշխարհում է ընդունված էպիդուրալ ցավազրկման միջոցին դիմելու պրակտիկան, բայց յուրաքանչյուր կնոջ իրավունքն է ընտրել կամ հրաժարվել, եթե իհարկե չկա բժշկական հստակ ցուցում:

«Օրինակ, ԱՄՆ-ի կամ Կանադայի պես պետություններում, որտեղ կանայք բացարձակ չեն ուզում ցավ զգալ, էպիդուրալ ցավազրկման դիմելու տոկոսային հարաբերակացությունն ավելի մեծ է, քան ասենք եվրոպական երկրներում»,- ասում է Դավիթ Աբովյանը:

38-ամյա Մարիա Հակոբյանը ասում է, որ երկու երեխաներին էլ էպիդուրալ ցավազրկմամբ է ունեցել, սակայն նշում է, որ երկրորդ ծննդաբերությունից հետո բարդություններ է ունեցել, ինչը կապում է բժշկի պրոֆեսիոնալիզմի պակասի հետ:

«Խոսակցությունները տարբեր են, քանի որ ամեն մեկն իր անհատական պատմությունն ունի, սակայն վստահ եմ, որ ժամանակի հետ ամեն ինչ իր տեղը կընկնի: Չնայած երկրորդ «փորձս» այնքան էլ հուսադրող չէր, բայց ժամանակի, մասնագետների փորձառության հետ միասին վստահությունն էլ կավելան »,-ասում է նա:

Սակայն վերջինիս հետ համաձայն չէ 50-ամյա երեք երեխայի մայր Մարգարիտա Մկրտչյանը:

«Պետք չի բնության դեմ գնալ, մենք ու մեր տատերը, որ ցավով ենք ծննդաբերել, ի՞նչ է եղել ջահելներին, որ նվնվում են,-ասում է նա,-բա մի է քիչ էլ թող տառապեն, մարդ են լույս աշխարհ բերում, հո խաղ ու պար չի: Բնությունը հաստատ մեզնից իմաստուն է»:

Անի Եղիազարյան

Լուսանկարում` Երեւանի ծննդատներից մեկում /Փիրուզա Խալափյան/

Medialab.am