Հադրութից 20-ամյա Մարիամը, որ լսողության խնդիր ունի և պատերազմի հետևանքով ընտանիքի հետ կորցրել է տունը, ապրուստի միջոցները և ապաստանել Կոտայքի մարզի Առինջ գյուղում, որոշել է ընտանիքին օգնելու նպատակով սրբիչներ կարել և վաճառել։
Սրբիչների վաճառքի վերաբերյալ Մարիամ Ավետիսյանի գրառումը համացանցում լայն տարածում է ստացել։
Շատերը ցանկացան Մարիամին օգնել՝ տարածելով գրառումը՝ ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու նպատակով, շատերն էլ որոշեցին գնել նրա ձեռքով կարված սրբիչները։
Մարիամը «Մեդիալաբին» ասում է, որ արդեն 180 սրբիչի պատվեր է ստացել։
«Բայց ահագին գրածներ կան, դեռ չեմ հասցրել պատասխանել։ Ես հուզվեցի, աչքերիցս ուրախության արցունք թափվեց, ուղղակի շատ շոյված եմ, որ մարդիկ սրտացավ են և ուզում են ինձ օգնել»,- ասում է Մարիամը։
Մարիամը պատմում է, որ հայրը դերձակ է, նրանից էլ սովորել է կարել․ «Հայրս ձևում է, ես էլ կարում եմ»,- ասում է նա։
Մարիամը նշում է, որ այժմ կարի մեքենայի կարիք ունի և առաքման հարցն է փորձում կարգավորել, դեռ չգիտի՝ ինչպես ավելի արդյունավետ առաքումը կազմակերպել։
Այդուհանդերձ, հիասթափությունը և տխրությունը, որ առաջացել էին պատերազմի և փոքր հասակում բժշկական միջամտությունից լսողությունը կորցնելու հետևանքով, այժմ տեղի են տալիս: «Իսկապես, ես սկսեցի երազել իմ սեփական գործն ունենալու մասին։ Իմ վախը, որ էլ երբեք ոտքի չենք կանգնի, կամաց-կամաց կարծես անցնում է»,- ասում է Մարիամը։
Արփինե Արզումանյան
MediaLab.am