Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, ոչ ոքի չի կարելի զրկել կյանքից: Եթե դիտարկենք Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործությունը մարդու իրավունքերի տեսանկյունից, ապա այն կյանքի իրավունքի, սպառնալիքներից զերծ մնալու համատեքստում է:
Այս ստեղծագործության մեջ հիմնական խնդիրն այն է, որ կկուն իրավագիտակցության ցածր մակարդակ ունենալու պատճառով թույլ է տալիս իր ձագերի կյանքի իրավունքի խախտում, ինչը նույնպես անթույլատրելի է:
Սույն դեպքում կարող ենք աղվեսին դիտել որպես պետության ներկայացուցիչ, որը սուտ պատրվակով գալիս ամեն անգամ ահաբեկում, ճնշում, սպառնում է կկվին, որ կարող է ծառը կտրել, անտառը իրենն է, իսկ կկուն` դիտել որպես անձ, ով, չդիմանալով ճնշումներին, ունենալով ցածր իրավագիտակցության մակարդակ, վախից ձագերին հերթով տալիս է վերջինիս՝ աղվեսին, առանց մտածելու, որ իր ձագերը ունեն կյանքի իրավունք, ոչ ոք չի կարող ոտնձգություն իրականացնել, խախտել նրանց կյանքի իրավունքը:
Ամեն անգամ կկուն ձագին տալուց հետո սուգ էր անում իր ունեցած կորստի համար, սակայն լացն ու սուգը օգուտ չէ, իրավունքների համար պայքարել է պետք, լացելը չի կարող զենք հանդիսանալ:
Այս արդյունքը չի կարող ստացվել իդեալիստական պայմաններում:
Որպեսզի կկուն կարողանա մղել իր պայքարը հանուն ազատության, կյանքի իրավունքի, նա պետք է ընկալի ճնշումը ոչ թե որպես պարփակ մի աշխարհ, որտեղից ելք չկա, այլ որպես սահմանափակում, որը կարող են հաղթահարել:
Այստեղ կկվի մասնակցությունը իր ազատագրման գործընթացում կլինի այն, ինչ պիտի լիներ:
Ագռավը (դիտել որպես իրավաբան) կկվին իրազեկում է, որ աղվեսը իրավունքներ չունի ոչ ծառի, ոչ էլ անտառի նկատմամբ, առավել ևս ով է նա, որ ուրիշի կյանքի իրավունքի նկատմամբ ոտնձգություն իրականացնի:
Կկուն ըմբոստանում է ու չի տալիս ձագին:
Այս ընկալումը անրհրաժեշտ է, բայց ոչ բավարար պայման է ազատվելու համար. այն պետք է դառնա ազատվելու համար դրդիչ ուժ:
Կկուն ընդունում է, որ առանց իրեն աղվեսը չի կարող գոյություն ունենալ: Կկուն կարող է հաղթահարել հակասությունը այն ժամանակ, երբ լինի իրազեկված: Կկուն պետք է գիտակցի, որ պայքարում է ոչ թե ուղղակի ազատվելու համար, այլ…ստեղծելու, կառուցելու, ազատության, զարմանալու ու ինքնավստահություն ձեռք բերելու համար:
Դեռ տարիներ առաջ Թումանյանը այս ստեղծագործությամբ մարդու իրավունքերի մասին է խոսել, հորդորել է պաշտպանել իրավունքերը, չենթարկվել անհիմն սպառնալիքներին:
Եթե աղվեսը նույնիսկ ծառի ու անտառի նկատմամբ իրավունքներ ունենար, միևնույնն է, չի նշանակում, թե ինքը կարող է կյանքի իրավունքը խախտել, քանի որ պետությունը իր մայր օրենքով ամրագրել է կյանքի իրավունքի պաշտպանված լինելու դրույթը:
Թումայանի ստեղծագործության մեջ աղվեսը իր կողմից կատարած իրավախախտման համար համապատասխան պատժի է ենթարկվում, գնում ընկնում է շան թակարդը:
Այսինքն, կենդանական աշխարհում աղվեսի այս ցավալի պատմությունը իմանալով` այլևս որևէ աղվես նման խախտում թույլ չի տա:
Իսկ մեր իրականության մեջ այսօր այլ պատկեր է. ոչ մի պաշտոնատար անձ իր կողմից թույլ տրված իրավունքների խախտման համար պատասխանատվության չի ենթարկվում: ՀՀ-ում տիրող անպատժելիության մթնոլորտը իրավունքների նորանոր խախտումների պատճառ է դառնում:
Յուրաքանչյուր ոք պետք է իրացնի իր իրավունքները, որևէ մեկը իրավասու չէ այն խախտելու:
Պետությունը պարտավոր է հարգել մարդու իրավունքերը: Մարդիկ էլ` գիտակցեն իրենց իրավունքները:
Ավետ Դիշունց, 17 տարեկան
Ք. Գորիս
Ավետ Դիշունցը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած «Տեղական իրավապաշտպանության խթանում» ծրագրի մասնակիցներից է:
Երգիծանկարը՝ Վահե Ներսեսյան
© Medialab.am