«Որոշակի կուտակումներ կան, նախատեսվում է եռակողմ բանակցություն օրվա ընթացքում». իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհին

Գորիս-Կապան միջպետական ճանապարհին երեկվանից սկսած անհանգիստ վիճակը շարունակվում է: Պաշտոնական աղբյուրները երեկ լռել են կատարվածի մասին, իսկ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիները փակել են միջպետական ճանապարհի Կարմրաքար- Շուռնուխ հատվածը:

Երեկ ուշ գիշերին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն տարածեց՝ նշելով.

«Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել»:

Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: «Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր ԱԱԾ-ն:

«Նույն իրավիճակն է, երեկվանից շարունակում է փակ մնալ ճանապարհը, բանակցություններ պետք է լինեն, որոնք դեռ չեն սկսվել»,- այսօր «Մեդիալաբին» ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Ադրբեջանցիների թվաքանակի ու ճանապարհը փակելու՝ նրանց նպատակի մասին տեղեկություններ չունի Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, չնայած, իր խոսքով, անընդհատ կապի մեջ է Շուռնուխ համայնքի վարչական ղեկավարի հետ:

«Քանի որ Որոտան և Շուռնուխ հատվածն անցնել հնարավոր չէ, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվում այնտեղ, բայց մարդիկ, որոնց բնակավայրերից երևում է այդ հատվածը, ասում են՝ որոշակի կուտակումներ կան, անցուդարձ կա, բայց մանրամասներ չգիտեմ»,- «Մեդիալաբին» ասաց Իրինա Յոլյանը:

Փոխքաղաքապետը տեղեկություն չունի նաև այսօր նախատեսվող բանակցությունների մասին:

Իսկ Կապանի քաղաքապետը «Մեդիալաբին» փոխանցեց, որ նախատեսվում է եռակողմ բանակցություն այսօրվա ընթացքում, բայց կոնկրետ՝ երբ, տեղյակ չէ:

Գևորգ Փարսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե իբր կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով իրենք ունեն զոհ, սուտ է: «Կրակոցներ չեն եղել, նման բան չկա»,- ասաց Կապանի ղեկավարը՝ հավելելով, որ քաղաքում այս պահին բոլորի միակ մտահոգությունը ստեղծված իրավիճակն է:

Իրինա Յոլյանն իր հերթին նկատեց, որ բնակավայրերի մասով ամեն բան վերահսկելի է, և բնակչության մոտ խուճապային տրամադրություններ չկան:

«Շուռնուխում, բնականաբար, մարդիկ որոշակի անհանգստություններ ունեն, բայց որևէ խուճապ չկա, բոլորը զգոն են, և բնակավայրերի մասով այս պահին իրավիճակը վերահսկելի է, որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց Իրինա Յոլյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am